Վերջին քառորդ դարեայ պատմութեան ամենակարեւոր զարգացումներից մէկին ենք ականատես լինում այս օրերին: Միջազգային ռազմաքաղաքական բեմ Ռուսաստանի տպաւորիչ վերադարձն է մեր աչքի առաջ ծաւալւում, որը խոստանում է ուժերի նոր հաւասարակշռութիւն բերել տարածաշրջան եւ վերջ տալ ամերիկեան քաոսի տեսութեան նոր դրսեւորումներին, որոնք այդպէս էլ ոչ մի լաւ բան չբերեցին շրջանի ժողովուրդներին, Պուշ աւագի «նոր աշխարհակարգի» հետ կապուած յոյսերն էլ թաղելով լիպիական եւ իրաքեան աւազների ու սիրիական Պալմիրայի աւերակների տակ…
Փութինեան Ռուսաստանն իր լաւ հաշուարկուած ու ծրագրուած վերադարձի համար ընտրեց-գտաւ լաւագոյն պահը- միլիոնաւոր փախստականների ներխուժումը Եւրոպական մայրցամաք եւ դրան հետեւած համաեւրոպական հասարակական դժգոհութեան ալիքը իրենց իշխանութիւնների դէմ: Ռուսական ռազմաօդային ուժերի եւ միւս սպառազինութիւնների մուտքը Սիրիա՝ վերադարձ էր ոչ միայն այդ աւերակուող եւ հիւծուող երկիր, այլ ամբողջ տարածաշրջան՝ փաստօրէն ցուցահանելով Մոսկուայի վճռականութիւնը այլեւս չհանդուրժելու այս աշխարհամասում մոլեգնող քաոսին եւ ժողովրդավարացման անուան տակ տարուող քանդիչ քաղաքականութեանը:
Այդ քաղաքականութիւնից տարածաշրջանում գլխաւոր օգտուողը, ես կասէի՝ Ճիկիթ խաղացողը Թուրքիան էր, որի ղեկավարի կայսերակա՜ն յաւակնութիւնները մի կողմից օսմանիզմ, միւս կողմից համաթուրանականութիւն էին հոտում, վերջինի շրջանակներում ընդգրկելով Ատրպէյճանը: Պաքուն կամովին, մեծ յօժարութեամբ դարձել էր եւ այժմ էլ մնում է Անքարայի «կատաղած ձին» որին վերապահուած էր եւ է իրականացնել յանգուցեալ նախագահ Թուրկութ Օզալի բնորոշած «անիծեալ սեպը»՝ Հայաստանը չեզոքացնելու պարտականութիւնը:
Վերջին շրջանում հայ-ատրպէյճանական սահմանագծերի երկայնքով ու երբեմն էլ խորութեամբ սաստկացած ռազմական ու տիւերսիոն գործողութիւնների «տրամաբանութիւնը»- մէկ կողմից անհանգստացնել Ռուսաստանին վերջինիս հետնաբակում պայթուցիկ իրավիճակ ստեղծելով, իսկ միւս կողմից՝ ծունկի բերել Հայաստանին եւ ընկճել նրա քաղաքական կամքը, դրա դիմաց պահել-պահպանելով Ալիեւի խոցելի իշխանութեանը՝ սկուտեղի վրայ Արցախը նրան նուիրաբերելու խայծով: Նաեւ՝ կաշկանդելով Մոսկուայի շարժումները ողջ տարածաշրջանում: (Ահա թէ ինչու, Փութին-Սարգսեան վերջին հանդիպմանը Մոսկուայում, ըստ ոչ պաշտօնական տեղեկութիւնների, Ռուսաստանի նախագահն իր հայ գործընկերոջը առաջարկել է զիջել «գրաւեալ տարածքներից» հինգը, կա’մ փորձելու համար հայկական ընկոյզի ամրութիւնը (ինչը եղել է շա’տ ամուր), կա’մ էլ ձերբազատուելու իր հետնաբակում հնարաւոր ռազմական բախման սպառնալիքից):
Մոսկուայի սիրիական քայլից եւ դրան հետեւելիք հնարաւոր կարգաւորումների հեռանկարից առաջին դժգոհողը ոչ Մ. Նահանգներն է եւ ոչ էլ նրա դաշնակից Եւրոպան, ա’յլ Թուրքիա’ն, որին սպասում է կծկուել եւ ինքնակլանուել ներքին՝ գլխաւորաբար քրդական ապստամբութիւնը ճնշելու դժուարին գործի մէջ: