Գանատահայ քաղաքագէտը ՀՀ-ԵՄ կնքուելիք համաձայնագրի մասին. «Աւելի լաւ է դա լինի, քան ընդհանրապէս չլինի»

Շրջանակային համաձայնագիրը, որը պէտք է ստորագրուի Հայաստանի և Եւրամիութեան միջև, որքան հնարաւոր է, նման է Ասոցացման պայմանագրին. Tert.am-ի հետ  զրոյցում նկատեց Գանատահայ քաղաքագէտ Րաֆֆի Էլիոթը՝ խօսելով Հայաստանի և Եւրամիութեան միջև կնքուելիք շրջանակային համաձայնագրի տուած հնարաւորութիւնների մասին:

«Դրանք իրար նման են ասոցացման տեսանկիւնից, առանց տնտեսական միացման, որովհետև Հայաստանը Եւրասիական տնտեսական միութեան անդամ է դարձել, և հիմա սահմանափակւում է այլ երկրների կամ կառոյցների հետ տնտեսական պայմանագրեր կնքելու հարցում,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Ասոցացման պայմանագիրը և Մաքսային միութեանը միանալու պայմանագիրը հաւասար «ուժ» չունէին,-Եւրամիութեան հետ Հայաստանը կնքում էր ազատ առևտրի պայմանագիր, որը հնարաւորութիւն կտար Հայաստանին նաև այլ երկրների հետ տնտեսական յարաբերութիւններ զարգացնել: Մաքսային միութիւնը նման հնարաւորութիւնները սահմանափակում է»:

Նշենք, որ ըստ Արտաքին գործերի նախարարութեան տարածած հաղորդագրութեան՝ Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետութեան և Եւրոպական միութեան միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցութիւնների հինգերորդ փուլը: Բանակցող թիմերը նախատեսում են յաջորդ հանդիպումն անցկացնել Պրիւսէլում՝ ընթացիկ տարուայ Դեկտեմբերին:

«Քանի որ 2013-ին Եւրասիական տնտեսական միութեանը միանալով՝ չկարողացանք Եւրամիութեան հետ Ասոցացման պայմանագիր կնքել, հիմա որոշեցին այդ պայմանագրի նման ինչ-որ բան ստորագրել: Սա առաւել շատ քաղաքական ասոցացում է, քան տնտեսական, բայց տեղեակ եմ, որ շրջանակային համաձայնագրի միջոցով հարկային հնարաւորութիւններ են ստեղծւում Հայաստանի համար՝ յատկապէս նորագոյն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու համար»,-ասաց Րաֆֆի Էլիոթը:

Նա նշեց, որ ԵՄ-ի հետ կնքուող շրջանակային համաձայնագրի միջոցով պէտք է հնարաւորութիւններ ստեղծուեն Եւրամիութեան և Եւրասիական տնտեսական միութեան անդամների միջև՝ Հայաստանի միջոցով համագործակցութիւններ ունենալու:

«Հայաստանը Մաքսային միութեան ամենաընկերական երկիրն է Եւրամիութեան հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնութեան և Եւրամիութեան յարաբերությունները վատացել են, բայց Հայաստանը մինչև հիմա մնում է նրանց մէջտեղում՝ և՛ Մաքսային միութեան անդամ է, և՛ կապ է պահել Եւրամիութեան հետ: Որքան հնարաւոր է, որքան ԵԱՏՄ-ի օրէնքներով թոյլատրւում է, Հայաստանը պէտք է կարողանայ համագործակցել այլ երկրների հետ»,- նշեց Գանատահայ քաղաքագէտը:
Հարցին, արդեօ՞ք խնդիր և սահմանափակում չէ, որ Հայաստանը Եւրամիութեան հետ շրջանակային համաձայնագրում կարևորում է, որ համագործակցութիւնը պէտք է համապատասխանի Մաքսային միութեան օրէնքներին։

«Այդ հարցին դժուար է պատասխանել, քանի որ պատասխանելու համար պէտք է ընդունենք, որ Մաքսային միութիւնը իսկական միութիւն է, որը մինչև հիմա իրականութեան մէջ գոյութիւն չունի: Մենք չգիտենք էլ՝ որքանո՞վ է Հայաստանը հիմա հետևում Մաքսային միութեան օրէնքներին: Եւ յետոյ, երբ Եւրասիական միութեան գաղափարը առաջացել էր Ռուսաստանի և թող լինի՝ Ղազախստանի նախագահների միջև, միտք ունէին ինտէգրուելու, այսինքն՝ նախկին սովետական երկրները իրենց տնտեսական ուժերով միաւորուէին։ Եւ քանի որ այդքան զարգացած չէին, որ միանգամից Եւրամիութեան շուկայում ինտէգրուէին, յետոյ պէտք է դա անէին: Բայց իրականութեան մէջ Եւրասիական տնտեսական միութիւնը շատ դժուարութիւնների միջով անցաւ, այդքան էլ ուժեղ չէ, և անգամ ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև խնդիրներ կան, և նաև այնքան ուժեղ չէ, որ ազդեցութիւն ունենայ»,-ասաց Րաֆֆի Էլիոթը:

Դիտարկմանը, թէ Հայաստանն այնքան էլ ուժեղ դիրքերում չի գտնւում, և շատերի կարծիքով՝ այնքան քաղաքական կամք չունի, որ Ռուսաստանին որևէ հարցում ընդդիմանայ, քաղաքագէտը նշեց․ «Այո՛, Հայաստանը թոյլ է, և ոչ այդքան տնտեսական, որքան քաղաքական առումով: ԵԱՏՄ-ն էլ, չնայած համարւում է տնտեսական միութիւն, սակայն իրականում քաղաքական կառոյց է: Նաև պէտք է ասել, որ Հայաստանի տնտեսութիւնը իրականութեան մէջ շատ աւելի զարգացած է, քան Ղազախստանինը, Ուզբեկստանինը և այլն, և նայում է Եւրոպային, այլ ոչ թէ, օրինակ, Ուզբեկստանին: Ժամանակին էլ, երբ հրաժարուեցինք ասոցացման պայմանագրից, մեր անվտանգութեան, պաշտպանութեան խնդիրները պատճառ բերեցինք, յետոյ սկսեցին տնտեսական առաւելութիւնների մասին խօսել, բայց պէտք չէ անընդհատ անվտանգութեան խնդիրների մասին խօսելով՝ Ռուսաստանի կողմը նայել»:

Եւրամիութեան հետ համաձայնագրի կնքումը յաջողելու համար, ըստ Րաֆֆի Էլիոթի, պէտք է ուշադրութիւն դարձնել և հետևել ներկայացուող պահանջներին․ «Պէտք է Հայաստանը յստակ զարգացնի իր ժողովրդավարական փոփոխութիւնները, առաւել լուրջ ձևով պայքարի կոռուպցիայի դէմ, նաև որքանով որ տեղեակ եմ՝ պէտք է միգրացիոն խնդիրները լուծի, այնպէս անի, որ Հայաստանից Եւրոպա գնացողներն առանց վիզայի չմնան այնտեղ»:

Քաղաքագէտը, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքուող շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցութիւնները, նշեց, որ լաւ է, որ այդ մասին կան խօսակցութիւններ. «Աւելի լաւ է դա լինի, քան ընդհանրապէս չլինի: Մենք չգիտենք, թէ ինչքան կդիմանայ Եւրասիական տնտեսական միութիւնը․ որքան նկատում եմ, այնքան էլ լաւ վիճակում չէ: Բայց Հայաստանի համար կարևոր է, որ և՛ Ռուսաստանի հետ լաւ յարաբերութիւններ ունենայ, և՛ Եւրամիութեան հետ: Բայց եթէ միայն ռուսներից ակնկալիքներ ունենանք, այդքան էլ լաւ չի լինի: Լաւ է, որ մեր արտաքին յարաբերութիւնները մի քանի ուղղութիւններով է զարգանում, մանաւանդ Եւրամիութեան հետ, որը մինչև հիմա մնացել է Հայաստանի ամենախոշոր ներդրողը, և հիմա համաձայնագրի կնքմամբ հնարաւորութիւններն աւելանալու են:   Raffi Elliott

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան