ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Կենտրոնական Վարչութիւն
ՌԱԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ Է
Համապարփակ գործունէութիւնը շարունակւում է
Ռամկավար Ազատական կուսակցութեան ղեկավարման կենտրոնը 2016 թ. Հոկտեմբերին հայրենադարձուեց՝ նոր տեսլականով, կազմակերպական նոր կառոյցով, նոր Կենտրոնական վարչութեամբ ու նոր Գերագոյն խորհրդով։
Կուսակցութեան սփիւռքեան հատուածի շարքային անդամների երազանքն էր տեսնել Կուսակցութիւնը որպէս Հայաստանի եւ Արցախի անմիջական մասնիկը եւ ազատական գաղափարաբանութեամբ է՛լ աւելի սատարել Մայր Հայրենիքի քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացմանը։ Ամերիկայի Արեւելեան եւ Արեւմտեան շրջանակների, Գանատայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Յունաստանի, Իրաքի, Աւստրալիայի եւ Հարաւային Ամերիկայի շրջանակների մեծամասնութեան կամքին ընդառաջելով՝ Կուսակցութիւնը դարձաւ հայաստանակենտրոն։ Վերակառուցուած Ռամկավար Ազատական կուսակցութիւնն այժմ ունի իր Կենտրոնական Վարչութիւնը, որ օրինաւոր կերպով գրանցուած է Հայաստանում, ՀՀ օրէնքներին համապատասխան։
Այսուհետ, Սփիւռքում 1921 թ.-ից ի վեր գործող Ռամկավար Ազատական կուսակցութիւնը միաւորուած է Հայաստանում 1991 թ.-ից գործող ՌԱԿ-ի հետ՝ Գերագոյն խորհրդի միջոցով։
Հետեւաբար Մայր Հայրենիքում եւ Սփիւռքում գործող այս կառոյցներն են օրինաւոր իրաւաժառանգորդը Կուսակցութեան։ Եւ այդ կառոյցներից դուրս գտնուող եւ տարբեր հաւակնութիւններ ունեցող անդամներն ու խմբերը անարգել կարող են միանալ ու զօրավիգ լինել հայաստանակենտրոն Կուսակցութեանը, եթէ ցանկանան իրենց օրինականութիւնը հաստատել։
Ռամկավար Ազատական կուսակցութիւնը ջանաց գործնականօրէն մասնակցել Հայաստանում յառաջիկայ Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին։
Սակայն դաւադիր միջամտութիւնները եւ Հայաստանի Հանրապետութիւնում ներկայիս գոյութիւն ունեցող ընտրական արհեստական խոչընդոտներն արգելք եղան ընտրութիւններին գործնապէս մասնակցելու։
Սակայն քաղաքական որեւէ ուժ իրաւունք չունի ընկրկելու, հետեւաբար ՌԱԿ Կենտրոնական Վարչութիւնը եւ Գերագոյն խորհուրդը իրենց կառուցողական քաղաքականութեամբ որոշել են, որ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը՝
1. Իր նիւթական ու բարոյական բոլոր միջոցներով անսահմանափակ եւ անկաշառ ջատագովն է լինելու ժողովրդանպաստ եւ հայրենանպաստ բոլոր նախաձեռնութիւններին։
2. Նոյն չափով եւ առաւել բծախնդրօրէն պաշտպանելու է ժողովրդի շահերն ու մարդու իրաւունքները՝ աշխարհի եօթ երկրներում իր հովանու ներքոյ գործող տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով, եւ խոսափողն ու հսկիչն է լինելու այդ ոլորտներում կատարուող բոլոր ոտնձգութիւնների նկատմամբ։
3. Ուշադիր հետեւելու է յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին՝ բացայայտելու համար բոլոր անկանոնութիւններն ու խախտումները։
4. Թէեւ ուղղակի մասնակցութիւն չի ունենալու ընտրութիւններին, սակայն օգնելու եւ զօրավիգ է լինելու ցանկացած թեկնածուի կամ դաշինքի, որին նկատում է ամենամօտը ժողովրդի շահերին եւ մարդու իրաւունքների պաշտպանութեանը։
5. Քաջալերուելով վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում իր ձեռք բերած արդիւնքներից, հակառակ բոլոր սադրանքներին, ՌԱԿ-ը որոշել է մասնակցել հետագայում համապետական ընտրութիւններին։
6. Անյապաղ ձեռնարկելու է սոցիալ-ընկերային տարբեր գործունէութիւններով երիտասարդական շարժումներին սատարելու գործին, Հայաստանի յատկապէս այն շրջաններում, որտեղ դրանց կարիքը կայ։
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Երեւան, 19 Փետրուար 2017 թ.