ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՑԱՅՏՆՈՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

Ինչպէս յայտնի է, ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից  Փետրուարի 16-ի ժամը 18։00-ն նշանակուել է յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի  ներկայացման վերջին ժամկէտ։ Այդ աշխատանքները կատարելու աւելի ուշ  միացած կուսակցութիւնները, ինչպէս Ռամկավար Ազատական  Կուսակցութիւնը ներկայումս գտնւում են, շախմատային լեզուով ասած,  ցայտնոտային վիճակում։ Ժամանակը խիստ կարճ է, անհրաժեշտ է  հանրապետութեան ընտրական բոլոր՝ 13 ընտրաշրջանները ներկայացնող  առնուազն 80 եւ առաւելագոյնը՝ 300 հոգանոց թեկնածուների ցուցակ  պատրաստել՝ համապատասխան փաստաթղթերով եւ ունեցուածքի մասին  յայտարարութիւններով։

Աշխատանքների վիճակի մասին տեղեկութիւն ստանալու նպատակով «Հայ  Ձայնը» դիմեց ՌԱԿ Կենտրոնական վարչութեան անդամ, լրատուութեան  պատասխանատու Արմէն Մանվէլեանին։ «Կուսակցութեան  տարածաշրջանային բոլոր գործիչներն ու ակումբների ղեկավարները,  ներկայումս անդուլ աշխատանքների մէջ են ժամանակին ներկայացնելու  համար ոչ թէ 80, այլ՝ պահեստային 110 թղթածրար, որովհետեւ 80-ի դէպքում

կարող են լինել սխալներ կամ, աւելի վատ, խոտանումներ»,- ասաց ՌԱԿ  մամլոյ քարտուղարը։ «Բացի բնական եւ արհեստական դժուարութիւններից,  կան իշխանական օղակների բացայայտ անբարեացակամութեան տարբեր  դրսեւորումներ. Հայաստանի Հանրապետութեան ներկայիս իշխանութիւնները  փաստօրէն դէմ են ՌԱԿ-ի մասնակցութեանը ընտրութիւններին՝ որեւէ  ձեւաչափով։ Գագիկ Ծառուկեանի կազմած դաշինքը, որում ընդգրկուել էր նաեւ ՌԱԿ-ը, բառացիօրէն բզքտելուց եւ այնտեղից տարբեր խարդաւանքներով ՌԱԿ-ին զրպարտանքի տակ դնելուց յետոյ, որին դաւաճանական միջամտութեամբ «նպաստեցին» նաեւ ռամկավար կոչուած անօրինական որոշ խմբեր սփիւռքից: Մեր կուսակցութեանը յառաջիկայ ընտրութիւններին միայնակ մասնակցութեան համար ստեղծուած արհեստական խոչընդոտները  ճգնաժամային կերպով քիչ ժամանակ են թողնում անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացնելու համար Կենտրոնական ընտրական յանձնաժողով, քանզի նոր  Ընտրական օրէնսգիրքը յարմարեցուած եւ գրուած է պետական լծակներ  ունեցող պարլամենտական կուսակցութիւնների վերարտադրման համար»։

«Այնուամենայնիւ, աւելացրեց Արմէն Մանվէլեանը, մենք եւ մեր ընկերներն  ամէն ինչ անում ենք որոշեալ ժամկէտում փաստաթղթերը ներկայացնելու եւ  կազմ ու պատրաստ մասնակցելու վճռական քննութեանը՝ խորհրդարանական  ընտրութիւններին»։

«Հայ Ձայն»