Վաչէ Ատրունի. «Իմ բոլոր գրական գործերն ուղղորդուած են դէպի սփիւռքի գոյավիճակը»

*Հարցազրոյցը Վարեց՝  ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ*

Թատերագիր, արձակագիր, բեմադրիչ եւ դերասան Վաչէ Ատրունու անունը ծանօթ է Պէյրութի եւ Հալէպի, որոշ չափով էլ՝ Երեւանի թատերասէր ու գրասէր հանրութեանը եւ մասնագէտներին։ Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտի շրջանաւարտ Վաչէ Ատրունին քառասուն տարուց աւելի է կնոջ՝ ծնունդով երեւանցի բեմադրիչ եւ դերասանուհի Լանա Քոչարեան-Ատրունիի հետ միասին նուիրուած է Մերձաւոր Արեւելքի հայալեզու թատրոնի պահպանման ու զարգացման հիրաւի դոնկիխոտեան գործին…

Իմ զրոյցը վաստակաշատ գրող-արուեստագէտի հետ իր անցած ուղու, սփիւռքահայ թատրոնի եւ գրականութեան վերաբերեալ տեղի ունեցաւ Պէյրութում, «փոքրիկ Հայաստան» անուանուող Պուրճ Համմուտ թաղամասում գտնուող նրա հայրական օջախում, հայերէն եւ ռուսերէն բազմաթիւ գրքերի, հայաստանցի եւ սփիւռքահայ նկարիչների՝ պատերից մեզ նայող գործերի շնչող ներկայութեամբ…

–Շուտով կնշես քո գրական–թատերական գործունէութեան յիսունամեակը։ Այս տարիներին գրեցիր մօտ քառասուն թատերախաղ….

–Այո, չհաշուած մոռացուած մի քանի գործեր, նաեւ մի քանիսը, որոնց ձեռագիրը կորել է։ Սակայն քանակը չէ կարեւորը։ Տարիների ընթացքում հասունանում են կեանքի ընթացքում մեր փորձառութեամբ ձեռք բերած ինչ-ինչ մտքեր, եւ երբեմն այդ հասունացման մէջ յայտնաբերում ենք այնպիսի ճշմարտութիւններ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մեզ, այլ մեր տեսակին։ Հիմա իմ հիմնական մտահոգութիւնը Սփիւռքն է՝ իր բոլոր կողմերով, իր զարգացումներով, եւ տարեցտարի, դժբախտաբար, յայտնաբերում եմ, որ Սփիւռք բառի հոմանիշը «կարճ կեանքն» է։ Մեռնող ֆլորա է Սփիւռքը, եւ մեծ հաւատք չունեմ, թէ մեր աշխատանքով կարողանանք Սփիւռքին յաւելեալ զարկ տալ։ Սփիւռքը ամբողջական երեւոյթ է. եթէ աշխարհագրականօրէն ենք վերցնում` շարժուող երեւոյթ է, տարբեր ժամանակներում տարբեր տեղեր շարժուող, եւ զանգուածներ, որոնք հալւում-գնում են։ Այդ բոլորից մնում է ազգային պատկանելիութեան յիշողութիւնը։ Այս թեմային անդրադարձայ, քանի որ իմ բոլոր գրական գործերն ուղղորդուած են դէպի Սփիւռքի գոյավիճակը։

–Այսպիսով, Սփիւռքի, մասնաւորապէս՝ Մերձաւոր Արեւելքի ներկան դառնում է թատերախաղի եւ պատմուածքի նիւթ, որոնցում հայ հանդիսատեսն ու ընթերցողը տեսնում է ինքն իրեն… եւ ի՞նչ խնդիր է առաջադրւում ու լուծւում։

–Ինքներս մեզ ճանաչելու խնդիր կայ՝ ի՞նչ ենք, ո՞վ ենք։ Սա շատ էական է, որովհետեւ մենք երկար ժամանակ պատրանքներով ենք ապրել։ Մեզ թուացել է, որ եթէ մենք ունենանք հայրենիք, ապա ամբողջ Սփիւռքը զանգուածաբար կտեղափոխուի այնտեղ եւ կդադարենք լինելուց այն, ինչ որ ենք։ Բայց իրականում Սփիւռքը միշտ էլ գոյութիւն է ունեցել հայերի համար, այնպէս որ այդ պատրանքը մեր ազգային ֆոլկլորի մաս է կազմում։ Իմ թեմաները վերաբերում են մեր ապրած կեանքին։ Նաեւ շատ կարեւոր, շատ ցաւօտ հարց է ինձ համար, որ Սփիւռքի գրականութիւնը տարօրինակօրէն նմանւում է պահածոյի, այն մի փակ համակարգ է, որտեղ ապրում ենք չգիտես ում կողմից ի վերուստ տրուած օրէնքներով։ Մենք մեզ համար բարոյական նորմատիվներ ենք հաստատել, եւ անընդհատ, քայլ առ քայլ հեռանում ենք միջազգային մշակոյթից։ Մեր արդի սփիւռքահայ գրականութեանը պակասում է մշակոյթի տարրերից կարեւորագոյնը՝ բոլոր տեսակի արուեստներում արտայայտուող թեմաները՝ քաղաքականութեան, ոգեղէնութեան, Աստծոյ, յաւերժութեան, ծնունդի, մահուան հարցադրումները։ Սա՝ որպէս գրական մտածողութիւն եմ ասում։ Ահա այդ միջոցներով ես գնում եմ դէպի մեր ընկերային համակարգը, փորձում եմ պարզաբանել այնտեղ գոյութիւն ունեցող երեւոյթներն եւ ամբողջութեան տեսքով վերադարձնել բեմ, որպէսզի հանդիսականի հետ կարողանանք մտնել երկխօսութեան մէջ։

–Սարոյանն ասում էր, որ թատերագրութիւնն ու թատրոնը հանրութեան հետ խօսելու լաւագոյն միջոցն են։ Սփիւռքում կա՞յ այդ երկխոսութիւնը հանրութեան ու թատրոնի միջեւ՝ թատերագրութեան միջոցով, որը կխօսի այսօրուայ հայի խնդիրների մասին։

–Նախ սկզբունքօրէն պէտք է խոստովանել, որ թատերագրութիւնը գրականութեան ամենաաղքատ ազգականն է՝ որպէս գրական ժանր անտեսուող, քիչ ընթերցուող, խիստ մասնագիտական մօտեցման արժանացող։ Սարոյեանի հետ համաձայն եմ, միայն աւելացնեմ մի շատ կարեւոր բան, որ այդ զրույցը պէտք է անկեղծ լինի։ Այսինքն՝ բաւական չէ, որ վարագոյրը բացուի եւ օրուայ ձեռնարկն իր լրումին հասնի թատերախաղի սկզբից մինչեւ վերջ։ Պէտք է բեմից հանդիսականի հետ խօսել առանց ճոռոմաբանութեան, գաղափարախօսութեան, մտնել անմիջական զրոյցի մէջ, արծարծել այնպիսի ճշմարտութիւններ, այնպիսի թեմաներ, որոնցից մեր հայ զանգուածները զուրկ են եղել։ Մեր մամուլը եւս ամօթխած աղջկայ պէս եօթը տակ փեշով է խօսում իր ընթերցողի հետ, մեր գրականութիւնն էլ, յատկապէս՝ պոեզիան, 20-րդ դարի սկզբին սկսուեց ոգեղէնական, մի քիչ ցաւօտ թեմաներով ու այդպէս էլ շարունակւում է Սփիւռքում (Հայաստանում սա մասամբ լուծուեց Պարոյր Սեւակի եւ այլոց շնորհիւ)։ Սփիւռքում շատ քիչ առիթ ունեցանք ստեղծելու գրական միտք, որը կարողանար ամենայն անկեղծութեամբ զրոյցի բռնուել հասարակութեան հետ։ Ֆրանսահայ «Մենք» գրական խմբակը, Վահէ Օշականն ունեցան այդ ըմբոստութիւնն ու զայրոյթը, աւելի անմիջական, կեանքային եւ իրապաշտ ձեւերով մօտեցան Սփիւռքի գոյական գաղափարներին, եւ կամաց-կամաց մենք սկսեցինք մեզ ճանաչել։ Վերադառնալով ինքնաճանաչման խնդրին՝ նշեմ, որ մենք նուազագոյնը պիտի կարողանանք որոշել, թէ ինչ փուլերով է գալու մեր անխուսափելի մահը, լեզուի, մշակոյթի, ազգային յիշողութեան կորուստները, քանի որ միանշանակ, միանգամից չենք անհետանալու, դրա կազմակերպումն ինքնին քաղաքակիրթ միջոց, մշակոյթի մի տեսակ է։ Կամաց-կամաց մեզ մօտ հալչում են ինչ-որ գաղափարներ, ձգտումներ, երազներ, եւ այդ հալոցքը, սփիւռքահայի կարգավիճակից մէկ այլ կարգավիճակի ձեւափոխումը պիտի կազմակերպուի։ Այս հարցն ունի՞ արդեօք լուծում՝ չգիտեմ։ Իմ բոլոր թեմաները հողմապտոյտի պէս պտտւում են Սփիւռքի մեր առօրեայի շուրջ եւ ահագին փոշի է բարձրանում, սխալների հսկայական ամպեր են կուտակւում, եւ ես ապրում եմ հէնց այդ հողմապտոյտի կենտրոնում։

–Ովքե՞ր են նպաստել որպես գրող քո ձեւաւորմանը։

–Պատանեկան տարիքումս մեծապէս ազդուել եմ Սիմոն Սիմոնեանի ղեկավարած հրատարակչատան մթնոլորտից, այնտեղի մտաւորական տղաների հետ զրոյցներն ու շփումները մեծ հետք թողեցին իմ գրական հասունացման վրայ։ Աւելի ուշ վրաս տպաւորութիւն են թողել «Զարթօնքի» խմբագրապետ Գերսամ Ահարոնեանի հետ հպանցիկ շփումներս։ Սփիւռքահայ միջավայրում հրատարակչատները (յատկապէս ազատ մտքի հետնորդները, որ չունէին կուսակցական պատկանելիութիւն) մի տեսակ քրմութեան օջախներ էին, որոնք, Թումանեանի Վերնատան, հայ գրական ուրիշ խմբերի պէս, մագնիսի պես դէպի իրենց էին ձգում մարդկանց։ Ուշացումով պիտի խոստովանեմ, որ իմ ողջ կեանքում գրական մտածողութիւնս եղել է Անտոն Պավլովիչ Չեխովի դրամատուրգիայի եւ պատմուածքների ազդեցութեան տակ։ Շատ հաճախ ինքս բռնեցրել եմ, որ չափից աւելի եմ մօտեցել չեխովեան մտածողութեանը։ Չգիտեմ, թե որքանով է դա ընդունելի, սակայն սկզբունքը դա էր։ Որոշ չափով ազդուել եմ նաեւ Վիլեամ Սարոյեանի թատերագրութիւնից՝ «Քարանձաւի բնակիչները», «Իմ սիրտը լեռներում է»… Իտալական մշակոյթի ազդեցութիւն էլ կայ թատերախաղերիս վրայ, մի կողմից նեոռեալիզմն՝ իր ոճական առանձնայատկութեամբ, միւս կողմից, լինելով ֆելինիապաշտ, ինձ հարազատ է Ֆելինիի մտածողութիւնը՝ թէ՛ իր՝ բեմական թատերայնութեամբ հագեցուած ֆիլմերը, թէ՛ կարճ պատմուածքների ամբողջականութիւն պարունակող գործերը։

–Իսկ ովքե՞ր են Վաչէ Ատրունու հերոսները։

–Իմ գրականութեան բոլոր հերոսները՝ լինեն թատերախաղեր, պատմուածքներ թէ պատմութիւններ, իմ ապրած կեանքի հերոսներն են, մանկութիւնից եկող յիշողութիւններ, որ օրուայ տպաւորութիւն են եղել ինձ համար։ Մերձաւոր Արեւելքի հայը՝ լինի գիւղի թէ քաղաքի բնակիչ։ Շատ եմ սիրում խօսել, խօսեցնել տարեկիցներիս կամ ինձնից տարէց մարդկանց, եւ իրենցից առնել այն, ինչ կայ մեր շրջապատող իրականութեան մէջ։ Ես շատ գոհ եմ՝ լինելով հայկական նման միջավայրում, որովհետեւ Պուրճ Համմուտն ու իր բնակիչները անսպառ նիւթ եւ հզօր հանք են։ Ի դէպ, երբ քիչ առաջ քո յիշած Սարոյեանն այցելել է Պէյրութ, Պուրճ Համմուտում ասել է՝ կը զարմանամ, թէ այս տեսակ տեղը ինչու թատերախաղեր չեն ստեղծուէր։ Ես յուսով եմ, որ այս հանքն իր ազդեցութիւնը կունենայ նաեւ գեղանկարչութեան վրայ, մեր լեզուամտածողութեան վրայ։ Այս փոքրիկ գաղութներն իրենք իրենց մէջ մշակոյթի որոշ ճիւղեր են զարգացրել, որոնք առայժմ ենթակայ չեն գիտական մեկնութեան, առանձնայատուկ են իրենց բնոյթով, որովհետեւ ինքնին երեւոյթը առանձնայատուկ է։ Նրանք խոր արմատներ չունեն, պատմական զարգացում չեն ապրել, սակայն, ամուր կառչած իրենց էութեանը, իրենց բնաւորութիւնն են դրսեւորել արուեստի տարբեր ճիւղերում։ Ի վերջոյ կարեւորը ոչ թէ քո գործերի տպուելն է, այլեւ հետեւողական լինելը քո իսկ գրական գաղափարին, որին հաւատացած ես։ Վերջին հաշուով, կայ շատ հեռաւոր մի միտք, որը շատ փայլուն է եւ ամենից լաւատեսականն է՝ յետմահու հասկացողութիւնը։ Ժամանակի վրայ գրաւ պիտի դնես, որ քո գրած գործն այսօր կարող է չընթերցուել, չընդունուել (ինչը բնական ընթացք է), բայց, ամենակարեւորը, որ ինքս ինձ երբ գնահատական տամ, այն է, թէ իմ գրական գործերը կարդալով՝ ապագայի մարդիկ պիտի կարողանան հասկանալ, թէ ինչ է եղել Պուրճ Համմուտը, ինչպիսի մարդիկ են ապրել, որովհետեւ բոլոր պատմուածքների հերոսներն իրական են՝ անկախ գեղարուեստականացուած պահերից։ Մեր այս ժամանակահատուածում ապրած այդ գաղութի, մեծ գաղութի, հզօր, ստեղծագործ գաղութի եւ այլ հայ գաղութներին էլ բազկերակի, շնչերակի պէս նիւթ մատակարարած այս գաղութի մասին գրական ոչ մի գործ չկայ։ Ոչ ոք չի գրել այս գաղութի մասին, նրա ներքին կեանքի, դժուարութիւնների, սերտողութիւնների մասին։ Մինչդեռ մեր Գիտութիւնների ակադեմիան կարող է մարդ գործուղել եւ յանձնարարել մշակութապէս ուսումնասիրել Պուրճ Համմուտի ենթամշակոյթը։ Իսկ եթէ այս նոյնը պատմուածքի ձեւով է արտայայտւում՝ շատ աւելի կենդանի եւ գունեղ է դառնում միջավայրի զգացողութիւնը։

–Այսօր կարո՞ղ ենք խօսել սփիւռքահայ թատերագրութեան մասին։

–Թատերագրութիւն ունենք, բայց մեծ հաշուով չունենք շարունակութիւնը, որ կոչւում է թատրոն։ Շատ կարեւոր է, որ թատերագրութեանը զուգահեռ լինի նաեւ թատերական կեանք։ Ինձ ծանօթ անուններից մի քանիսն իրենց ապրած միջավայրի ազդեցութեան տակ դարձել են այդ միջավայրի մշակոյթի կցորդները՝ համընդհանրական տրամադրութեան մէջ աստիճանաբար կորցնելով իրենց դիմագիծը։ Մինչեւ անգամ սփիւռքահայ թատերագիրների գործերում, լինի Պոլսում կամ Իրանում, սկսել են ոճեր յայտնուել, որ առհասարակ յարիր չեն սփիւռքահայ մտածողութեանը։ Շատ տարօրինակօրէն սփիւռքահայ թատերագիրները յայտնուեցին այն երկրներում, որտեղ հայ թատրոն գոյութիւն չունի։ Միջին Արեւելքում թատերագրական գրականութեան մէջ յատկապէս 1970-ականներին շատ բան փոխուեց, երբ Արեւմուտքից վերադարձան մեր մի շարք գրողներ եւ փորձեցին միջազգայնացնել մեր առօրեայ խնդիրները իրենց ապրած երկրներից բերած մշակոյթի հետ։ Այդ պատուաստը դրական արդիւնք չտուեց։ Անգամ պոլսահայ Արման Վարդանեանի պէս լայն, ազատ մտածող հեղինակը եւ նրա այստեղի «երկուորեակը» հանդիսացող Արա Արծրունին (որին շատ եմ յարգում որպէս թատերագիր), որոնք հայութեան հետ անմիջական առնչութիւն չոնեցող իրենց թատերգութիւններով փորձում են համամարդկային խնդիրներ կամ փիլիսոփայական հարցադրումներ մէջտեղ բերել, շարունակութիւն չունեցան, քանի որ հայ զանգուածը, հայ հանդիսականը իր ուրոյն պահանջները, իր պայմաններն ունի։ Կեանքը ցոյց տուեց, որ նա չի սիրում այն տեսակի թատրոնը, որտեղ իր մասին չի խօսւում։ Յաջողւում են այն թատերախաղերը, որոնք անմիջականօրէն անդրադառնում են սփիւռքահայ առօրեային։

–Գիտենք, որ Սփիւռքում թատրոնը սիրողական երևույթ է, չկան պրոֆեսիոնալ հաստատություններ, որտեղ մարդ կրթուի որպէս թատերագիր, բեմադրիչ, դերասան, սակայն միշտ եղել է եւ կայ թատերական շարժում։ Երեկ ինքս էլ այստեղ՝ Պուրճ Համմուտում, գոհունակութեամբ դիտեցի Նիլ Սայմոնի «Յիմարները» թատերախաղի բեմադրութիւնը մի խումբ երիտասարդների կողմից. չի կարելի չգնահատել հեղինակի եւ գործի ընտրութիւնը։ Ինչպե՞ս կբնութագրէք այսօրուայ լիբանանահայ թատրոնը։

–Լիբանանահայութիւնն իր կայացած օրուանից մինչեւ 1960-ականներն ունեցել է սառած, քարացած դրամատուրգիական վիճակ. եկեղեցիներում խաղում էին կենդանի պատկերներ, իսկ թատրոնում՝ «Վարդանանք», «Մեծապատիւ մուրացկաններ», հնուց եկած զաւեշտները՝ «Վարդալաբոմբա», «Պաշտօնս խռմփալն է», «Խեչոյին թուզը»… 1960-ականներին երիտասարդներ վերադարձան Ամերիկայից, Եւրոպայից, նաեւ՝ Հայաստանից, ու ստեղծեցին մի նոր շարժում, որ պայթիւնի էր հաւասար։ Այն խնդիրները, որ դնում եմ իմ գործերում, սաղմնաւորուել են այդ ժամանակներում։ Այս նոր շարժումը տեւեց 15 տարի, պատերազմի տարիները, դժբախտաբար, արհեստականօրէն ընդհատեցին այն։ Այսօր կայ, գոյական է լիբանանահայ թատրոնը, միջակ ամրութեան մէջ, իր գոյութիւնն է պաշտպանում եւ շարունակելու է պաշտպանել, որովհետեւ նուիրեալների հզօր բանակ կայ՝ կազմուած սիրողներից, սատարողներից, մշակոյթով շահագրգիռ անձանցից։ Ենթադրում եմ, որ արժեչափը, որին այստեղ առնչուեցիր մի պահ, գոհացուցիչ երեւոյթ է։ Պուրճ Համմուտի «Տէր-Մելքոնեան թատերասրահն» ամեն ամիս զբաղուած է տարբեր բեմադրիչների եւ մօտ ութ տարբեր թատերախմբերի կողմից։ Աւանդաբար որոշուեց, որ սա հայկական ամենագողտրիկ թատերասրահն է Պէյրութում. այն կրում է թատերասէր նուիրատուի անունը եւ գտնւում է Համազգային միութեան հսկողութեան ներքոյ, որն էլ իր վրայ է վերցրել գործի կանոնակարգումը։ Այսօրուայ գործող բեմադրիչները բոլորն էլ պրոֆեսիոնալ են, թատերական կրթութիւն ստացած, որոնց կողքին կան մեծ հմտութեան տէր կամ վաստակ ունեցող դերասանապետներ։ Որոշ ժամանակ էլ հիւր բեմադրիչներ են հրաւիրուել Հայաստանից, ինչին ես դէմ էի. ոչ թէ մրցակցութեան մտավախութիւնից, այլ քանի որ մեր սիրող դերասանները պատրաստ չէին չազդուել արեւելահայերէնից, որի արդիւնքում բեմի վրայ սկսեց մի տեսակ մուտանտ լեզու հնչել։

–Երեսուն տարի առաջ քո ղեկավարած Շրջուն թատերախումբը հիւրախաղերի եկաւ Երեւան, եւ շատերիս մէջ վառ է մնացել նրա ներկայացումները՝ «Անաւարտ սկիզբը», «Ծառը», «Սէր, ջազ, սատանան» եւ «Յորովելը»։ Դրանից յետոյ խումբն ի՞նչ զարգացումներ ունեցաւ։

–Մեզ համար Հայաստան գնալը ուխտագնացութեան պէս մի բան էր։ Այն իւրատեսակ մի աւարտ դարձաւ թատրոնի հիմնական ուժերի համար։ Հայրենիքին մօտիկից ծանօթանալուց յետոյ մեր լաւագոյն ուժերից Վարդան Մկրտիչեանը, Լինդա Կէրկէրեանը, Յովիկ Ստեփանեանը գնացին ուսանելու Հայաստանում։ Ես ուրախ էի, որ այդպէս եղաւ։ Երբ վերադարձանք, Լիբանանի քաղաքացիական պատերազմի բուռն շրջանն էր, իմ բացած «Գեղարթ» կենտրոնն էլ (Գեղեցիկ արուեստների թատերասրահ) դադարեց գոյութիւն ունենալուց։ Խումբ պահելը շատ դժուար է, կապուած է նիւթականի հետ, սակայն հիմա էլ երբեմն Շրջուն թատերախումբը ելոյթներ է ունենում, անցած տարիներին խաղացինք իմ գրած «Խօսքը մէջերնիս» «Երանոսի ամուսնութիւնը», «Չեմչեմիկի արկածները» թատերախաղերը, բայց բնական է, որ մի օր խումբն իր աւարտի պիտի հասնի։ Նոր շարժումներ կան, եւ գոհ եմ, որ իմ թատերախմբի որոշ դերասաններ բեմադրիչներ դարձան, ստեղծեցին իրենց խմբերը, այսպիսով՝ մեր աւանդոյթները փոխանցելով նոր սերունդներին։

-Քո թատերախաղերն ունենո՞ւմ են իրենց ինքնուրոյն կեանքը, թէ՞ միայն դու ես բեմադրում։

–Սկզբում միայն ես էի բեմադրում, բայց տարիների ընթացքում հանդիսատեսի կողմից սիրուած գործերը բեմադրել են ուրիշները (երբեմն՝ առանց իմ գիտութեան)։ Բեմադրուել են մինչեւ անգամ ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ «Փայտոջիլներու պահարանը» ուրիշ վերնագրով ներկայացուեց նաեւ արաբերէն՝ Հալէպում։ Թատերախաղերը յաճախ անտէր շան պէս են. եթէ հանրութիւնը շատ չի սիրում որեւէ գործ՝ այն հեղինակի հետ գնում է։ Իմ փորձառութիւնը ցոյց է տալիս ցաւալի մի բան՝ կենցաղային կատակերգութիւններն են ամենից շատ տարածւում եւ շարունակում իրենց կենսագրութիւնը, մինչդեռ խոր ասելիք ունեցող գործերը յաճախ երկար կեանք չեն ունենում։ Իմ պարագայիս, բախտաւորութիւն ունեցայ Գրիգոր Մելիտինեցու մրցանակաբաշխութեամբ իմ թատերախաղերից գոնե երեքը «փրկել» գրքի տեսքով (եթէ, իհարկէ, գրքերն էլ կենսագրութիւն, «մնալու» սովորութիւն ունեն)։ Դրանից առաջ «Ծառը» արժանացել էր «Ճերեճեան» գրական մրցանակին։ Յուսով եմ, որ մօտ ապագայում կիրականանայ նաեւ երազներիցս մէկը՝ թատերգութիւններիս ընտրանիի հրատարակութիւնը՝ հայրենիքում կամ Սփիւռքում։ Գիտեմ, որ թատերախաղերը որպէս արժէք պահի համար, բեմի վրայ են, բեմից անդին գոյութիւն ունենալուց գրեթէ դադարում են։

Թէ՛ դու, թէ՛ տիկինդ՝ Լանա Քոչարեան-Ատրունին, մշտապէս կարեւորել էք մանկական թատրոնը, որը թատերարուեստի ամենադժուար բնագաւառներից է, այն էլ՝ հայ, այլեւս չասած՝ սփիւռքահայ իրականութեան մէջ…

–Ամեն ինչ սկսուեց շատ պատահականօրէն, իմ «Կար ու չկար» թատերախաղից, որով սկսուեց իմ ու տիկնոջս համագործակցութիւնը։ Լանան նոյնպէս ծանօթ բեմադրիչ է գաղութի մէջ, եւ այսօր բաւական մեծ թիւ են կազմում նաեւ իր մանկական բեմադրութիւնները, որոնք շատ սիրուեցին։ Սկիզբը նա Պէյրութում մեծական ներկայացումներ է բեմադրել՝ «Ծննդեան տօները սինեոր Կուպիէլոյի տանը», «Սէր, ջազ, սատանայ», սակայն մի տեսակ պարտադրանք դարձաւ, որ ինքը շարունակի իրականացնել մանկական բեմադրութիւններ։ Ես մեծ սիրով եւ յարգանքով եմ ստեղծում մանկական թատերախաղերը, շատ մեծ երազ ունեմ (եւ դա բոլորը գիտեն)՝ ստեղծել մանկական մնայուն թատրոն։ Եթէ թատրոնի կեանքը կարող ենք ինչ-որ չափով երկարացնել, ապա պիտի ապահովել կիրթ եւ բանիմաց հանդիսական եւ մանկական թատրոնում արմատաւորուել ապագայ սերնդի թատերասիրութեան կրթումը։ Դժբախտութիւնն այն է, որ Պէյրութի հայկական երբեմնի 76 դպրոցներից այսօր գործում է 26-ը, եւ որ Սփիւռքում առաջին հարուածի տակ ընկնողը մանուկներն են, մատաղ սերունդը։ Այստեղ է, որ իմ երազն առայժմ երազ է մնում։ Մնում է սպասել, որ մեր միութիւնները գիտակցեն, որ մանկական թատրոնը եւ գրականութիւնը շատ աւելի կարեւոր են ապագայական արժէքի իմաստով, քան արդիական կոչուող կիսատ-պռատ գրականութիւնը…

Պէյրութում անցկացրածս օրերին ընթերցեցի Վաչէ Ատրունու «Մեր թաղի մարդիկ» տակաւին անտիպ պատմուածքների ժողովածուի որոշ էջեր։ Բարեբախտաբար, ժողովածուն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն արժանացրել է այս տարուայ «Ռիչարդ եւ Թինա Քարոլան» գրական հիմնադրամի մրցանակին եւ այս տարուայ ընթացքում այն լոյս է տեսնելու առանձին հատորով։ Մերձաւոր Արեւելքի ոչ վաղ անցեալի հայութիւնը իր տարբեր երեսներով, խոնարհ հայ արհեստաւորն ու առեւտրականը, հասարակ տանտիկինն ու դեռահասն իրենց կեանքի առօրեայ եւ արտակարգ վիճակներում, իրենց յոյզերով ու յոյսերով, իրենց ուրախութիւններով ու վշտերով ցոլանում են ժողովածուի էջերում… մի բան, որ այնքան սակաւ ու նաեւ այնքան սպասուած է մերօրեայ սփիւռքահայ արձակում…

Պէյրութ-Երեւան