ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆ

Երեւանի աւագանու ընտրութիւններին ընդառաջ

Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնը Երեւանի աւագանու ընտրութիւններին ընդառաջ յորդորում է երեւանաբնակ իր անդամներին, համակիրներին եւ առհասարակ բոլոր երեւանցիներին քաղաքացիական պատասխանատուութեամբ ու ազգային-քաղաքական գիտակցութեամբ մասնակցել առաջիկայ ընտրութիւններին եւ իրենց ձայնը տալ ըստ իրենց հայեցողութեան յարմարագոյն թեկնածուներին:

ՌԱԿ Կենտրոնական վարչութիւնը յիշեցնում է բոլորին  որ առաջիկայ ընտրութիւնները հանդիսանալու են առաջինը «թաւշեայ յեղափոխութեանը» յաջորդող ժամանակաշրջանում, որոնց ընթացքում փաստացիօրէն փորձարկուելու են երկրի նոր իշխանութեան պատրաստակամութիւնը ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու, ընտրակաշառքների հոռի աւանդոյթը արմատախիլ անելու, վարչական եւ այլ ռեսուրսներ ի գործ չդնելու եւ օրինախախտներին խստագոյնս պատժելու խոստումների անկեղծութիւնը:

Աւելին՝ Երեւանի քաղաքային ընտրութիւնները լինելու են իւրօրինակ փորձաքար՝ առաջիկայ տարի անցկացուելիք խորհրդարանական ընտրութիւնների համար, որոնց իր սուղ միջոցների խնայողութեան պայմաններում ՌԱԿ-ը նախապատրաստւում է ամենայն պատասխանատուութեամբ, ուժերի գերլարումով՝ հանրապետութեան ողջ տարածքում:

Նկատի ունենալով վերոյիշեալ հանգամանքները, ՌԱԿ Կենտրոնական վարչութիւնը սեպտեմբերի 22-ից 23-ը ներառեալ իր Կենտրոնական գրասենեակում հաստատելու է ընտրական հնարաւոր խախտումների շուրջ բողոքների գրանցման շուրջօրեայ ծառայութիւն եւ կոչ է անում մեր համաքաղաքացիներին, դիտորդական կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններին ու դաշինքներին՝ ընտրախախտումների վերաբերեալ ահազանգել հետեւեալ

հեռախօսահամարով +374 060271114 եւ էլ.հասցէով՝ramkavar@gmail.com:

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ,

Երեւան, 30 Օգոստոսի 2018թ.