ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
ՌԱԿ հանրապետական նախկին վարչութեան նախաձեռնութեամբ եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի (հիմնադիր` բարսեղ Բեգլարեան) միջոցներով 1915-ին Երեւանում վերահրատարակուեց օսմանագէտ պատմաբան Աւետիս Փափազեանի «Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի» աշխատութիւնը փրօֆ. Նիքոլայ Յովհաննիսեանի առաջաբանով: Գրքում, որն առաջին անգամ 1988-ին էր լոյս տեսել Երեւանում 80 հազար տպաքանակով, իսկ 1990-ին եւ 1992-ին` յաջորդաբար անգլերէն եւ արաբերէն` Լոս Անճելըսում ու Հալէպում, ամփոփուած էին 1919-1920 թթ.ին Թուրքիայի օրինական իշխանութեան` սուլթան Մեհմետ 6-րդ Ուահիտետտինի հրովարտակով ստեղծուած Ռազմական արտակարգ ատեանի (թրիպունալ) դատական արձանագրութիւնները, որոնք հրատարակուել են Թուրքիայի հնագոյն` «Թաքվիմ-ի Վեքայի» պետական պաշտօնաթերթում:
Սուլթանական հրովարտակով ստեղծուած դատարանի խնդիրն է եղել զոյգ մեղադրանքների քննութիւնը: Առաջին` պատասխանատուութեան ենթարկել շուրջ 10 տարի իշխած երիտթուրքերի Միութիւն եւ առաջադիմութիւն («Իթթհիհատ վէ Թերրաքը») կուսակցութեան պարագլուխներին` առանց Մեծ մէջլիսի (խորհրդարան) ու կառավարութեան հետ համաձայնեցնելու Թուրքիան 1-ին համաշխարհային աղէտալի պատերազմի մէջ ներքաշելու, եւ երկրորդ` օսմանահպատակ հայ եւ այլ ազգի քաղաքացիներին կոտորածի եւ բռնագաղթի («Թաքթիլ վէ Թեհժիր») ենթարկելու համար:
Ծանրագոյն երկու մեղադրանք` որոնք քննուեցին «Նորին մեծութեան փատիշահի 1335 թ. (1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմուած ռազմական արտակարգ ատեանի» յաջորդական նիստերում, բազմաթիւ վկաների հարցաքննութեամբ, արձանագրութիւնների, գրաւոր թէ բանաւոր գաղտնի հրամանների եւ այլ նիւթերի ստուգմամբ: Եւ ի վերջոյ դատարանը հաստատեց մեղադրանքները եւ թուով 83 հոգու նկատմամբ, մեծամասամբ` ի բացակայութեան, արձակեց դատավճիռ` տարբեր չափի պատիժներով, մահավճռից մինչեւ կալանք: Մահուան դատապարտուեցին աւելի քան 40 հոգի, որոնց շարքում` Թալէաթը, Էնվէրը, Ճեմալը, Նազըմը, Պեհաետտին Շաքիրը եւ ուրիշներ, որոնք արդէն փախուստ էին տուել երկրից` դէպի Գերմանիա, Իտալիա, Վրաստան եւ Միջին Ասիա, իսկ մնացեալները Կ. Պոլսի անգլիական գրաւման իշխանութեան կողմից աքսորուեցին Մալթա կղզի, որտեղից նրանք,- արձանագրենք նաեւ այս մէկը,- փախուստ տուեցին տարբեր ուղղութիւններով:
Ահա ա՛յդ` դատավճիռների չկատարման պայմաններում է, որ ասպարէզ իջաւ, ՀՅ Դաշնակցութեան բիւրոյի որոշմամբ եւ Շահան Նաթալիի գլխաւորութեամբ, «Նեմեսիս» շարժումը ոչ միայն արդար վրէժխնդրութեան, այլեւ արդարադատութիւնը ի գործ դնելու առաջադրանքով: Եւ, ինչպէս վերոյիշեալ գրքում արձանագրում է փրօֆ. Ն. Յովհաննիսեանը, «Հայ վրիժառուները ոչ թէ ահաբեկիչներ են, ինչպէս փորձում է ներկայացնել թուրքական կողմը, այլ` արդարադատութիւնն իրականացնող նուիրեալներ», որոնց արարքը, ի դէմս գերմանական դատարանում Սողոմոն Թեհլիրեանի նկատմամբ կայացուած արդարացման ակտի, նոյնպէս արդար է, քանի որ, ինչպէս պատուարժան փրօֆէսորն է գրում, թուրքական իշխանութիւնները չկարողացան ի կատար ածել թուրքակա՛ն դատարանի որոշումը:
Եւ ոչ միայն այն ժամանակ, այլեւ հետագայ` աւելի քան մէկ դար արդէն, թուրքական յաջորդական իշխանութիւնները բնաւ չեն անդրադարձել պատմական այդ դատավարութեանը, նոյնիսկ այն բանից յետոյ, երբ, 2008-ին, նոյն դատավարութեան թուրքերէն ամբողջական սղագրութիւնը 732 էջ ծաւալով ու թուրքերէն լոյս տեսաւ մեծանուն ցեղասպանագէտներ Վահագն Տատրեանի եւ Թանէր Աքչամի հեղինակութեամբ: Անընդհատ` «ձեր արխիւները բացէք» գոռացող թուրք պետական այրերը, ներառեալ առայժմ նախագահ էրտողանը, որոնք հայեացք անգամ չեն գցում արխիւային հսկայաթիւ նիւթերի վրայ, որոնցից ոմանք` հէնց իրենց իսկ գաղտնափակ արխիւներից: Քանի պարզից էլ պարզ է, որ նրանք ընդհանրապէս մերժելով մերժում են առերեսուել իրենց պատմական անցեալի ու ներկայի նենգամտութեան հետ: Առերեսումից նրանք այնքան են վախենում, որ չեն համարձակւում, օրինակ, խամաճիկ մի դատարան կազմել ու հերքել, ժխտել եւ առ ոչինչ համարել 1921-ի Ռազմական դատարանի որոշումներն ու վճիռները, որոնք իրենց որոշ պատմաբանների կողմից բնութագրւում են իբրեւ Ստամպուլը գրաւած անգլիացիների պարտադրանք: Մինչդեռ մենք տեսանք, թէ անգլիացիք ինչպէս էին փախուստի ճանապարհ բացել դատապարտուած ոճրագործների առջեւ:
Փոխարէնը թուրքական յաջորդական իշխանութիւնները, 2-րդ աշխարհամարտի ամենաթէժ պահին, 1943-ին, ֆաշիստական Գերմանիայի համագործակցութեամբ, Թալէաթի լեշը «պատուով, փողով-թմբուկով» Պերլինից բերեցին իրենց երկիր թաղելու, հետագայում եւ առայսօր նրա անունով դպրոցներ բացել, փողոցներ ու հրապարակներ անուանակոչել: (Դա չի՞ յիշեցնում հայ սպային կացնահարած ոճրագործին փառաբանելու թուրք-թաթարական արարքը): Աւելին` նրանք Ճեմալի ու Էնվէրի լեշերը բերեցին ու թաղեցին Շիշլիի հայոց գերեզմանատանը կպած` այսպէս կոչուած «Փրկարար բանակ» («Ադիպիյէ հիւրրիեթ») «շահիտների» գերեզմանոցում: Այն երկու հայակերների` որոնց երկու տարի առաջ գովքն էր հիւսում մէկ այլ հայակեր` Էրտողանը, համաթուրանականութեան նորօրեայ քարոզիչը:
Եւ իրերի այս կացութեան մէջ` յանկարծ Չաւուշօղլուի` մեզ վրայ մատ թափ տալը, օդային միջանցքը նոյնիսկ դրածոների համար փակելը, ինչ է թէ` Երեւանում կանգնեցուել է «Նեմեսիս» յուշարձանը ի պատիւ հայ արդարադատ հերոսների: Բացարձակ լկտիութիւն` որի դիմաց խեղճացել, արեւմտահայ խօսքով` անճրկած են մնացել Հայաստանի ներկայիս կառավարիչները, որոնք չգիտեն ու՛մ վրայ գցեն յուշարձանի տեղադրման ու բացման «մեղքը»: Գլխաւորն արդարանու՜մ է, որ ինքը բնաւ խաբար չէր պատահածից, նախկին քաղաքապետն էլ արդարացնում է նրան` թէ ժամանակին ինքը խաբար չի տուել գլխաւորին, գործող փոխքաղաքապետը, վախից թէ շահից թելադրուած` մնում է սկսուած, մինչ մէկ ուրիշը` անմեղսունակ դէմքով մի պաշտօնեայ, բազմանշանակ բարբառում է յուշարձանի «ներքին հարց» լինելու մասին:
Ի՞նչ «ներքին հարց»: Հայերիս համար վիճարկման հա՞րց պէտք է լինի, ներքին թէ արտաքին, 1,5 միլիոն մեր ազգակիցներին կոտորած, մնացածին բռնագաղթի ենթարկած, հայրենազրկած, մէկ դար ամբողջ մեզ ծաղրի ենթարկած, մեր դէմ պատերազմ շղթայազերծած ու պլոքատայի ենթարկած պետութեան` գերզգայու՜ն Թուրքիային չվիրաւորելու ոմանց փափկանկատութիւնը:
Թուրքական դատարանի դատավճիռը առ այսօր ոյժի մէջ է: Սա՛ է իրականութիւնը, եւ մենք այդ իրականութիւնն է, որ պէտք է դէմ տանք ամէն տեսակ Չաւուշօղլուներին: