Բնաւ պատահական չէ, որ դժնդակ այս օրերին մեր ժողովրդի մտապատկերում որպէս ապագայ հերոս ներկայանում է 8-9 տարեկան մի տղայ, ամենագէտ մի պատանեկիկ՝ Միքայէլ Յակոբեան անուն-ազգանունով: Հրաշամանուկը մեր, որ մեզնից շատ շատերի համար դարձել է վերջին յոյս, դէպի ապագայ ձգուող վերջին ապաւէն, տասնեակ հազարներով հետեւորդ ունի ֆէյսպուքեան իր էջում, աւելի մեծաթիւ հիացողներ՝ հեռուստատեսութեամբ ու համացանցային հեռուստաալիքներով: Ամենագրաւիչը ոչ միայն նրա ուղեղիկի ծալքերում կուտակուած-դասաւորուած տարաբնոյթ գիտելիքներն են, այլեւ՝ խոստումը, թէ մի օր «գաղտնի զէնք» է ստեղծելու, անշուշտ, աւելացնենք մեր կողմից, յաղթելու համար մեր թշնամիներին, ազատագրելու մեր երկիրը ու կերտելու հզօր Հայաստան:
Այս տեսլականը, որը ներկայանում է մանկահասակ մեր հերոսի կերպարանքով, դարերի ու հազարամեակների պատմութիւն ունի: Այն ուղիղ գծով մեզ կապում է առասպելական վիշապաքաղ մեր Վահագնին, որ ծնուեց, ինչպէս մեր Պատմահայրն է վկայում, երկրի ու երկնքի, ջրի ու կրակի երկունքից, որպէս խարտեաշ, հուր մազերով ու արեգակ աչքերով պատանեկիկ, որը սլանում է ընդդէմ վիշապ-թշնամիների:
Նոյն տեսլականը, այլ կերպարանքով, մենք տեսնում ենք մեր ժողովրդի պատմութեան հետագայ դարերում, յատկապէս օրհասական պահերին: Արաբական արշաւանքների ժամանակ մենք նրան հանդիպում ենք ի դէմս Սասունցի Դաւիթի, որն իր «գաղտնի զէնքով», այսինքն՝ կայծակէ թուրով, երկու կէս է անում թշնամուն՝ Մսրայ Մելիքին, մինչ Առիւծ Մհերը, բազում քաջագործութիւններից յետոյ մտնում է քարանձաւ, որտեղից դուրս չի գալիս մինչեւ օրս: Բայց եթէ նա մի օր դուրս գայ քարէ ամրակուռ դռնից, գիտէ՞ք ինչե՜ր է անելու…
Նոյն տեսլականի մէկ այլ դրսեւորմանը հանդիպում ենք օսմանեան ջարդերի, հալածանքների դէմ մեր անհաւասար պայքարի օրերին, երբ թուրքը «մեր յոյս թողեց օրօրոցին», որի դիմաց «խեղճ մշեցին» «զարթի՛ր լա՜օ» էր երգում, իսկ դեռեւս պատանի Կիկոյի հայրիկը, որն ընդամէնը մի եզ ունէր, այդ եզն անգամ «կու տար ծախու», որպէսզի «թուֆենք (հրացան) մ’առներ իր Կիկոյին ու տանէր գրէր ֆետայի»…
Հիմա բոլոր վիշապները, օձերն ու սողունները հաւաքուել են մեր գլխին, Պաքուի մելիքը, Անքարայի սուլթանը եկել են, «կուզեն ջնջել մեզի», մինչ ներսում ո՛չ Վահագն կայ, ո՛չ Մհեր, ո՛չ Դաւիթ, ոչ էլ Անդրանիկ ու Նժդեհ: Ներսում «գործի վրայ» են վախկոտ ու խռպոտ Ձէնով Օհանը, Ցռան Վերգոն եւ միւս վախկոտներն ու ցռանները, բոլորն էլ զինուած սպիտակ դրօշներով:
Ո՞ւմ վրայ դնենք մեր յոյսը. կրկի՞ն օրօրոցի: Բայց հրաշամանուկը դեռ պէտք է մեծանայ, ուժ ու կորով հաւաքի, իր «գաղտնի զէնքը» սարքի: Իսկ մենք ժամանակ չունենք: Անհամբեր են վիշապները, օձերը, մողէսներն ու միւս սողունները: Անհամբեր են նաեւ ներսի սողունները, օր առաջ, ժամ առաջ յանձնել եւ յանձնուել են ուզում: Նրանք պատրաստ են յանձնել նաեւ մեր բոլոր հրաշամանուկներին անգամ: Ժողովրդի մի մասը, որը շփոթում է ամէն ինչ, արքայից արքայ Տիգրան Մեծին անգամ, պատրաստ է ենթարկուել: Միւս մասը, որը «չի սիրում քաղաքականութեամբ զբաղուել», պատրաստ է հեռանալ: Իսկ մնացեալ մասը, որը տառապում է անզօրութիւնից, սպասում է հերոսին, «գաղտնի զէնքով» գալիք հրաշամանուկին:
Ժամանակն է փոխելու մեր պատմութեան ընթացքը, հրաժարուելու հանդուրժելու, համբերելու, յուսալու եւ սպասելու դարաւոր մեր աւանդոյթից: Պատմահայրն է դարձեալ, որ մեզ սովորեցնում է, որ հակառակ դարերի ընթացքում արձանագրած ձախողութիւնների, «բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, արժանի գրոց յիշատակի»: Արիութեան, քաջութեան, գործի՛ ժամանակը հիմա՛ է: Դատապարտուած ենք հզօր լինելու, ընդմիշտ: Այլապէս ոչ ոք, նոյնիսկ մեզ բարեկամ ներկայացողները, չեն թողնի, որ օրօրոցի մեր հրաշք մանուկները զարթնեն, վեր կենան, գաղտնի կամ յայտնի զէնք սարքեն: Հզօր զէնք սարքելու համար հզօր պետութիւն է պէտք: Փոքրիկ Միքայէլն ու մեր միւս հրաշամանուկներն իրենց խոստումը եւ մեր յոյսերը իրականացնելու համար պետական պաշտպանութեան կարիքն ունեն, աւելի ճիշդ՝ պիտի ունենան:
Իսկ ո՞վ է լինելու կամ ո՞վքեր, որ փոխելու են մեր պատմութեան ընթացքը:
ՅԱԿՈԲ ԱՎԵՏԻՔԵԱՆ