«Պեռլինեան պատի» հոգեբանութեամբ…

Հայ Ձայն

Յունուար 10 , 2017

 

Ուզում էինք հաւատալ, որ հայկական կեանքի տարբեր բնագաւառներում Սառը պատերազմի հոգեբանական «արգելքները» և արհեստականօրէն դրուած «Պեռլինեան պատը» վաղուց վերացել են:

Սակայն իրականում այդպէս չէ:

Խօսքը վերաբերում է Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Սուրիա և մասնաւորապէս Հալէպ կատարած այցին:

Բոլորիս համար էլ Արամ Ա.-ի սոյն այցը կատարուեց բաւական պատմական ժամանակաշրջանում, երբ հայութեան համար մեծ իմաստ և նշանակութիւն ունեցող Հալէպ քաղաքը ամբողջութեամբ ազատագրուել է և ձերբազատուել ահաբեկիչ տարրերից:

Վեհափառը, որ իր բաւական «սեղմ» շքախումբով այցելեց Դամասկոս, ուր հանդիպում ունեցաւ Սուրիայի նախագահ Պաշշար Ասատի հետ, հանդիպումից անմիջապէս յետոյ մեկնեց Հալէպ, որտեղ Սուրբ Ծննդեան պատարագ մատուցեց, մեր ժողովուրդի զաւակներին Ծննդեան պատգամ փոխանցեց, շրջեց ահաբեկիչների թիրախ դարձած հայկական թաղամասերում և վերջում Հայ Կաթողիկէ և Աւետարանական համայնքների կեդրոններ այցելեց:

Մինչև այստեղ ասելու ոչինչ չկայ: Կիլիկեան աթոռի Գահակալը գնացել էր վիրաւոր հայագաղութի իրավիճակին մօտիկից ծանօթանալու, հակառակ նրան, որ քիչ չէին նրանք, ովքեր այս այցի վերաբերեալ որոշ վերապահութեամբ արտայայտուեցին և ասացին, թէ այցը բաւական ուշացած էր…

Այս բոլորից զատ Արամ Կաթողիկոսը սառը պատերազմի գծած պայմաններին ու քարտէզին ենթարկուելով՝ բոլորովին անտեսեց Դամասկոսի Հայոց Թեմը և նոյնիսկ կարճ աղօթքի համար չուզեց այցելել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի: Չենք խօսում Դամասկոսի Թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալպանտեանին նախագահ Ասատի կաթողիկոսական շքախմբում ներառնելու կամեցողութեան բացակայութեան և բացայայտ անտեսման քաղաքականութեան մասին:

Չարակամութեամբ չէ, որ խօսում ենք: Եւ ոչ էլ հաւատում ենք, որ չարախօսութեամբ քննարկումներ կատարելու բարդոյթը լուծում կտայ մեր հարցերին:

Պարզապէս արձանագրում ենք փաստը:

Մինչ խօսում ենք միասնութեան ու մէկ եկեղեցի ունենալու մասին (որ շարունակում է մնալ մեր մեծ երազանքը), գործում ենք բոլորովին հակասական մօտեցումներով:

Խօսում ենք սուրիահայութեան վերականգնման մասին ու մոռանում երկրի մայրաքաղաքում ևս արդէն վեց տարի պատերազմի բոլոր տառապանքները կրող մեր հայրենակիցներին:

Խօսում ենք հայութեան, հայ եկեղեցական աթոռների, հայի պաշտամունքի, հայի

տեսակի, հայի դիմադրողականութեան մասին և զլանում ամենափոքր հայրական

վերաբերմունք ցոյց տալ մի երկրում, որ անցնող վեց տարիներին հայութեան խաչելութեան նոր օրագրութեան վկան դարձաւ:

Ո՞ւմ է ուղղուած այս անտեսումը:

Ո՞վ է այս բոլորի մեղաւորը, և ի՞նչ կշռաքարերով ենք նժարին դնում ու կշռում տարբեր թեմերի մեր հաւատացեալների արժէքն ու պատկանելութիւնը:

Չէ՞ որ հայկական աշխարհում ևս և բաւական երկար ժամանակից ի վեր անդառնալիօրէն վերացած է թւում Պեռլինեան պատի բաժանարար հոգեբանութիւնը: Չէ՞ որ մենք բոլորս կոչուած ենք միացնելու մեր բաժան-բաժան եղած ու իրենց «տները» պատերազմի թոհ ու պոհի հետևանքով փոթորիկներին տուած մեր եղբայրների ու քոյրերի բները, ազգային հաստատութիւններն ու կրթարանները:

Եղածը կարօտ է լուրջ ինքնազննումի, քանի որ մեզ միացնողը և դարեր շարունակ մոնղոլի ու թաթարի, պոլշևիկի ու օսմանցու բոլոր նկրտումների ու ահերի մէջ կանգուն պահողը հայոց եկեղեցին է:

Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցին, որ բոլորիս է պատկանում և որի նուիրապետերը կոչուած են հայրութիւն և օրհնութիւն բաշխել իրենց բոլոր զաւակներուն անխտիր:

Մենք թեմերից վեր ենք:

Թեմերի ցաւոտ խնդիրը ներկայիս համազգային առաջնահերթութիւններից դուրս է, որովհետև այժմ ամուր կառչած ենք Հայաստան աշխարհի անկախ պետականութեան ամրակուռ հիմքերի վրայ իր օրհնութիւնը տարածող մէկ եկեղեցու խորհուրդին:

Թէկուզ այդ ճշմարտութիւնը այսօր հեռու է իրականութիւն լինելուց:

Բայց երազը միշտ գերհզօր է:

Այն երազը, որի անունն է հաւատք և որ Պեռլինեան ներքին ու արտաքին բոլոր պատերը քանդելու ուժն ունի: