Դատարանների շուրջ ծաւալուած վերջին իրադարձութիւնների վերաբերեալ եօթ կուսակցութիւնների համատեղ յայտարարութիւնը, ինչպէս ընդունուած է այսօրեայ մեր լրագրողական բեւեռացուած դաշտում, հասարակութեանը ներկայացուեց խեղաթիւրուած, հակադիր ճամբարների իւրօրինակ տրամաբանութեամբ, ցանկալի եւ անցանկալի շեշտադրումներով, եւս մէկ անգամ փորձելով հասարակութեանը զրկել յայտարարութեան բովանդակութեանը թափանցելու պատեհութիւնից, պատկերաւոր ասած՝ ամեն մէկը վերմակն իր վրայ քաշելով: Կծու ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող մի շարք լրատուամիջոցներ, իրենց սովորութեան համաձայն, քոնթէքստից դուրս բերելով յայտարարութեան որոշ բառերՙ հետեւեալ վերնագրով ներկայացրին այն՝ «Հակազդելու ենք իշխանութեան բոլոր ապօրինի գործողութիւններին», այնինչ եօթ կուսակցութիւնների յայտարարութիւնը բացառապէս վերաբերում էր (է) դատական համակարգի բարեփոխման անուան տակ ծաւալուող իրադարձութիւններին, վտանգաւոր ձեռնարկումներին, որոնք չարաշահելու դէպքում սպառնում են խախտել մեր պետութեան եռաթեւ՝ փոխզսպողական ու փոխհաւասարակշռողական կառոյցը:
Դժբախտաբար նոյն կերպ վարուեցին հակադիր բեւեռի՝ այսպէս կոչուած իշխանական լրատուամիջոցները, նոյնիսկ՝ իրենք իրենց մասին մեծ կարծիք ունեցող պլոքէրները, մէկ օրից միւսը խորաթափա՜նց պատգամաւոր դարձած միջակութիւնները, որոնք եօթ կուսակցութիւնների յայտարարութեանը, աւելին՝ այն ստորագրած կուսակցութիւններին ներկայացրեցին, ոչ աւել եւ ոչ էլ պակաս, որպէս քոչարեանական project, առանց անդրադառնալու, որ դրանով անմտօրէն հաստատում են ոմանց պնդումները, թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ այսպէս կոչուած դատաիրաւական «բարեփոխումները» միտուած են ՀՀ երկրորդ նախագահին իրաւական պաշտպանութիւնից զրկելուն, նման այն յայտնի առակին, ըստ որի՝ մի գեղացի իր ամբողջ գոմն է վառում, քանի որ այնտեղ մուկ կայ…
Ու քանի մկների թեման բացուեց, կուզենայի յիշեցնել մի մկան մասին, որը մեր ժողովրդական երեւակայութեան մէջ կոչւում է «աղի մուկ», այսինքն մի մուկ, որը գոյութիւն կարող է ունենալ միայն ժողովրդական պատկերացումների մէջ եւ որը, փոխ առնելով Յ. Պարոնեանի բառերը, «կնմանի բանի մը, որուն նմանը չկայ»: Անձ է նա, որի անձնագրում գրուած էՙ Մայք Խարաբեան: Քսանհինգ տարի շարունակ նա փորձում է խարաբ անել Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, անընդհատական շարժման մէջ մտնել-ելնելով մի ծակից միւսը, պանիր գողանալու համար քծնելով սրան ու նրան, անվերջ ու անդադար խաբելով մարդկանց, յատկապէս մեր պետական պաշտօնատար անձերին, մանաւանդ նրանց, ովքեր սիրում են խաբուել: Վերջերս նա Երեւանում սարքեց մկների մի իսկական ժողով ու դուրս քշելով անմեղ ու անմիտ մի արարածի, նստեց նրա տեղում եւ ընդամէնը 16 հոգով «ընտրել» տուեց 17 հոգանոց մի վարչութիւն, կատարեալ մի ֆէյք, եւ սկսեց խօսել «աշխարհասփիւռ ՌԱԿ ղեկավարի» դիրքերից, ոգեւորուածՙ ՀՀ վարչապետի կողմից ընդունելութեան արժանանալու փաստից: Օրերս պարզուեց, որ Սաուտեան Արաբիայի դեմոկրատակա՜ն ու դատաիրաւակա՜ն հասարակութեան մէջ թրծուած այս ֆէյքը, պաշտօնատարներին քծնելու իր անուրանալի տաղանդին հաւատարիմՙ նոյնպէս կարծիք ունի եօթ կուսակցութիւնների յայտարարութեան առթիւ: Այո, առթիւ եւ ո’չ մասին: Հասկանալի է նրա նպատակը՝ ցոյց տալ իշխանութեանը, որ ինքը պատահական մարդ չէ, մանաւանդ՝ ինքը ֆէյք չէ, այլՙ «աշխարհասփիւռ» հեղինակութիւն, որը պատրաստ է ծառայելու ամէն գնով, միայն թէ մի կտոր… պանիր տրուի իրեն կրծելու, այս պարագայում՝ Հայաստանում 28 տարի պաշտօնապէս եւ օրինապէս գործող մեր կուսակցութիւնը: Եւ դրա մէջ ոչինչ չկայ զարմանալի, մանաւանդ ռամկավարներիս համար:
Զարմանալին, սակայն, այն փութաջանութիւնն էր, որը ցոյց տուեցին մեր գործընկերներ «Առաւօտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը, առաջինը իր կայքէջում, երկրորդը՝ իր երեկուայ համարում, նոյնութեամբ տարածելով «աղի մկան» յայտարարութիւնը՝ «Աջակցում ենք» անորոշ կամ խիստ որոշակի վերնագրի ներքոյ: Գիտի՞ արդեօք Հայաստանի կիսապաշտօնական օրկանը համարուող թերթի յարգարժան գլխաւոր խմբագիրը, որ Մայք Խարաբեան կոչեցեալը հէնց այն անձն է, որը դեռեւս 1996 թ. Ապրիլին, կաշառելով ՀՀ արդարադատութեան նախարարութեան ղեկավարներից մէկին (համակարգում այդ ժամանակ էլ կային կաշառակեր պաշտօնեաներ՝ ինչպէս հիմա), փակել տուեց «Ազգ» օրաթերթը 13 օր եւ ծնունդ տուեց ֆէյք «Ազգ»ին, եւ միայն մեր լրագրողական հանրոյթի ու մտաւորականների բողոքին ընդառաջելով ՀՀ դատարանը վարոյթ ընդունեց «Ազգ»ի բողոքը, եւ դատաւոր Տիգրան Սահակեանը վճիռ կայացրեց (ՀՀ-ում առաջին անգամ) ընդդէմ իր վերադաս նախարարութեանը (այն ժամանակ էլ կային արդարամիտ դատաւորներ, ինչպէս հիմա): Կարող էր «Հայկական ժամանակի» երիտասարդ խմբագրապետուհին չիմանար այս բոլորը ու չգիտակցէր, թէ այդ ո՞ւմ է «աջակցում» կամ ո՞ւմ «աջակցութիւնն» է ուզում ստանալ, բայց «Առաւօտի» կայքէջի խմբագրութի՞ւնն էլ չգիտէր, որ նոյյն թերթի գլխաւոր խմբագիրը այդ օրերին առաջնորդող յօդուածներ էր ստորագրում ընդդէմ «աղի մկան» ու նրա նմաններին, նրանց կոչելով «Պէյրութի կօշկակարներ»…
Վերադառնալով մեր բուն թեմայի՝ՙ 7 կուսակցութիւնների յայտարարութեանը, կրկնում ենք մէկ անգամ եւս. արդարադատութեան մեր ողջ համակարգը իրօ’ք կարիք ունի բարեփոխումների, բայց ո’չ այն ձեւով, ինչին ականատեսն ենք վերջին շրջանում: Եօթնեակի շարքում ՌԱԿ-ի ստորագրած փաստաթուղթը պետականամէտութեան եւ պետականաշինութեան փաստն է: