Սիւնիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճեւան գիւղական համայնքների եւ Արաքս գետով պարփակուած տարածքում օտարերկրեայ ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրաւչութեան բարձրացման, արտահանման ուղղուածութիւն ունեցող արտադրանքի ստեղծման, արտահանման ծաւալների աւելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով կառավարութեան որոշմամբ կ’ստեղծուի ազատ տնտեսական գօտի: Այն կը լինի արտադրաարդիւնաբերական եւ լոգիստիկ գիւղատնտեսութեան, մշակող արդիւնաբերութեան, ելեկտրականութեան մատակարարման, մեծածախս առեւտուրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսութեան, մասնագիտական եւ տեխնիկական գործունէութեան, մշակոյթի, զուարճութիւնների եւ հանգստի ոլորտներում:
Ինչպէս նշուած է որոշման հիմնաւորման մէջ, ազատ տնտեսական գօտին կունենայ 32 հա տարածք, սկզբնական փուլում «Սիւնիք ազատ տնտեսական գօտի» ՍՊԸ-ն կը կատարի մօտ 10 մլն տոլարի ներդրում, կ’ստեղծուի մինչեւ 80 միջինից բարձր վարձատրուող նոր աշխատատեղ: Հետագայում ակնկալւում է ներգրաւել մինչեւ 120 հիմնականում օտարերկրեայ շահագործողներ, որոնց համախառն ներդրումները կը կազմեն շուրջ 350-400 մլն. տոլար, կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն. տոլարի արտադրանք եւ գործունէութեան տարիների ընթացքում կ’ստեղծեն 2500 եւ աւելի նոր աշխատատեղ: Արտահանման հիմնական շուկաները ակնկալւում է, որ կը լինեն Իրանի, Ռուսաստանի, ինչպէս նաեւ ԵՏՄ եւ ԱՊՀ այլ երկրների, Վրաստանի, Մերձաւոր Արեւելքի, Արեւելեան Եւրոպայի շուկաները:
Անդրադառնալով այս որոշմանը, վարչապետ Կարէն Կարապետեանը յանձնարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանին տեղեկացնել ԵԱՏՄ երկրների Ռուսաստանի, Ղազախստանի, Պելառուսի, ինչպէս նաեւ Վրաստանի մասնակցութեան ցանկութիւն ունեցող գործարարներին, որ Հայաստանը նաեւ պայմաններ կապահովի իրանական կողմի հետ բանակցութիւնների անկացման համար: Լրագրողների հետ զրոյցի ժամանակ էլ Սուրէն Կարայեանը նշեց, որ արդէն Հոկտեմբերին ազատ տնտեսական գօտին կը սկսի գործել:
«ԱԶԳ»