Իշխանութեան վերարտադրութիւն. այս արտայայտութիւնը սովորաբար օգտագործւում է որպէս մեղադրանք ուղղուած Սերժ Սարգսեանին ու նրա գլխաւորած կուսակցութեանը: Մեղադրողները հիմնականում նրանք են, կուսակցութիւններ ու դաշինքներ, ովքեր այժմ մեծ ոգեւորութեամբ մտել են ընտրապայքարի մէջ… փաստօրէն վերարտադրուելու համար: Նայէք ցուցակին խորհրդարանական աթոռները զբաղեցնելու յաւակնութիւն ունեցող կուսակցութիւնների ու դաշինքների. բացի Կոմկուսից, նրանք բոլորն էլ առնուազն մէկ շրջան, նկատի ունեմ ընթացիկ շրջանը, արդէն զբաղեցնում են այդ աթոռները եւ անկախ իրենց սիրուն-սիրուն կարգախօսներից ու մեծամեծ խոստումներից, փաստօրէն փորձում են ամէն գնով վերարտադրուել: Նոյնիսկ Կոմկուսը, որին բացառութիւն որպէս յիշեցի, իրականում ինքն էլ է փորձում անել նոյնը, բայց այն տարբերութեամբ, որ ինքը ձգտում է ոչ թէ վերարտադրուել, այլ վերարտադրել, հասկանալի է համայնավարական «գերազանց» (իրենց կարգախօսից է) վարչակարգը:
Նախընտրական քարոզարշաւն ընթանում է բուռն թափով, ինքնագովերգման եւ ինքնափառաբանման արշաւը նոյնպէս: Բազմացել է երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգուածների թիւը: Հիմա բոլորը, իբր, գիտեն ինչ անել, ինչպէս անել, որպէսզի երկիրը զարգանայ, տնտեսութիւնը բարգաւաճի, պետութիւնն աւելի պաշտպանուած լինի, արտագաղթը կանգ առնի, ժողովրդավարութիւնը տիրապետի բոլոր մակարդակներում եւլն, եւլն: Զանց չի առնւում նաեւ Արցախի հարցը, որի կարգաւորումը սակայն, բոլորը տեսնում են գրեթէ նոյն կերպ, բացառութեամբ դաշինքի վերածուած Գոնկրէսից, որի առաջարկած լուծումը սակայն նոր չէ, այլ 20 տարուայ հնութեան եւ միտուած է, պարզապէս, Առաջին նախագահի «անսխալականութիւնը» փաստելուն:
Սակայն նրանցից ոչ մէկը չի կարողանում անկեղծ խօսել ժողովրդի հետ, խոստովանել, բացատրել նրան, թէ ո՞ր հարցերում է ինքը ձախողել, որո՞նք են եղել պատճառները եւ, եթէ յաւելեալ ձայներ ու մանդաթներ ստանայ, ինչպէս է սրբագրել-լուծելու դրանք:
Քաղաքական անպատասխանատուութիւնը Հայաստանում ոչ մի ժամանակ այսքան ցայտուն չի եղել, ընտրողների առաջ հաշուետու չլինելը երբեք այսքան չի շեշտուել: Գիտեմ, գիտեմ, շատերը հակաճառելու են ինձ- այսքան օրինագիծ ենք ներկայացրել, այսպիսի նախաձեռնութիւններով ենք հանդէս եկել, եւլն: Սակայն մարդկանց կեանքի պայմանները, երկրի ընդհանուր վիճակը մնացել է նոյնը, իսկ դուք պատասխանատու չէք. չորս տարի ի՞նչ էիք անում խորհրդարանում, ՀՀԿ-ի համատարած տիրապետութեան պայմաններում ոչինչ չէի՞ք կարող անել, ապա ինչո՞ւ շարունակեցիք մնալ նրա մամլիչի տակ, ինչո՞ւ միասնաբար չլքեցիք ձեր աթոռները, պատրաստ չէի՞ք ինքնազոհողութեան…
Այդ պարագայում, ստեղծուած ու շարունակուող վիճակի համար ինքներդ էք պատասխանատու, առնուազն իշխող կուսակցութեան հետ միասին էք կրում պատասխանատուութիւնը: Հետեւաբար ձեր ներկայ ընթացքը, վերընտրուելու շատ բուռն ցանկութիւնը ուրիշ բան չեն, եթէ ոչ ամէն գնով վերարտադրուել եւ, ո՜վ հեգնանք, միաժամանակ վերարտադրել այն իշխանութեանը, որը տիրելով եւ տիրապետելով հանդերձ սահմանադրական երեք իշխանութիւններին նոյնպէս ցանկութիւն չունի պատասխանատուութիւն կրելու եւ, հետեւաբար ու բնականաբար, ցանկանում է վերարտադրուել, ձեզ հետ, ձեր օգնութեամբ նաեւ, որպէսզի միասին շարունակէք խաղալ նոյն խաղը:
Ուստի, յարգարժան կուսակցութիւններ ու դաշինքներ, ոչ ոքի մի՛ մեղադրէք ու մի՛ բողոքէք: Տեսէք, ժողովուրդն էլ չի բողոքում, նոյնիսկ ձեր ընդունած Ընտրական խայտառակ օրէնսդրութիւնից: Մարդիկ գիտեն, որ այս ամբողջը գործարք է, իսկ գործարքի հիմքը փոխադարձ շահը: Ձայն ես ուզում ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր:
Վճարէք ուրեմն, եւ առատօրէն:
Յակոբ Աւետիքեան, ԱԶԳ