ՖԻԼԻՊ ՐԱՖՖԻ ԳԱԼՖԱՅԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ»

Կը ներկայացնենք Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայեանի ծաւալուն յօդուածը հրապարակուած յատուկ մեր պաշտօնակից «Միրըր Սփեթէյթըր» շաբաթաթերթին համար: Կ’արտատպենք թարգմանութիւնը «Առաւօտ» օրաթերթէն:

Խմբ.

Ժամանակակից Հայաստանը ներկայումս, հնարաւոր է, ապրում է իր ստեղծումից ի վեր ամենավտանգաւոր շրջաններից մէկը: Դա պայմանաւորուած է որոշակի զուգընթաց գործօնների համակցութեամբ` երկամեայ պառակտիչ եւ ատելութիւն սերմանող հռետորաբանութիւն, որը յանգեցրել է այսօր դիտարկուող բռնութեանն ու ամբողջովին տարբաժանուած հասարակութեանը, մի կողմից, եւ Քորոնա վիրուսի համաճարակի ճգնաժամը, դրանից յետագայում անխուսափելիօրէն բխելիք համաշխարհային տնտեսական անշիջելի հրդեհով, ուժգնացող միջազգային լարուածութեամբ ու համաշխարհային պատերազմի սպառնալիքով:

Այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութիւնից երկու տարի անց երկիրը յայտնուել է աւելի թոյլ վիճակում, քան երբեւէ եղել է, մինչդեռ առջեւում դեռ սպասւում է սոսկալի տնտեսական ցնցում, առանց գերտէրութիւնների կողմից որեւէ էական աջակցութեան ակնկալիքի: Պետութիւնների սահմանները փակ կը մնան արտագնայ աշխատողների համար, երկրները կը վարեն հովանաւորչական քաղաքականութիւն եւ առաւել կախեալ ու աղքատ տնտեսութիւնները կարող են փլուզուել:

Իրավիճակը պէտք է անյապաղ գնահատուի երկրի բոլոր քաղաքական ու պատասխանատու ուժերի կողմից: Խորհրդակցութիւնները պէտք է անցկացուեն համապարփակ, այլ ոչ թէ սահմանափակուեն խորհրդարանական ուժերով: Այս աննախադէպ իրավիճակը ենթադրում է ներքին եւ տնտեսական խնդիրների, ապա նաեւ արտաքին սպառնալիքների վերաբերեալ քննարկումներ: Այն պահանջում է բացառիկ խիզախութիւն ներքին եւ արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու եւ դրանք յաղթահարելու համար:

Համաշխարհային Քորոնա վիրուսային ճգնաժամն արագացնում է քաղաքականութիւնում արմատական փոփոխութիւնների եւ այդ իրավիճակում արտակարգ գործողութիւնների ծրագրի հրատապ մշակման պահը: Հայաստանն այնպիսի դժուարին ժամանակներ է ապրել Երրորդ Հանրապետութեան կայացման սկզբում` 1990-ական թուականներին, որ ներկայումս ունի որոշակի փորձ եւ կարող է յաջողութեան հասնել այս նոր փորձութեան մէջ, եթէ յաջողուի վերականգնել որոշ պայմաններ:

Փաշինեանի մեթոդների կանխատեսելի ձախողումները

Անհրաժեշտ է ամենայն յստակութեամբ ընդունել, որ Հայաստանի Հանրապետութիւնը մօտ 2,5 միլիոն ազգաբնակչութիւն ունեցող փոքր երկիր է, որի բնակչութիւնը տարէցտարի կրճատւում է, եւ որ նման երկիրը չի կարող իրեն թոյլ տալ ենթարկուել պառակտման յեղափոխական գործընթացներով, երբ բնակչութեան մի կէսն ատում է միւս կէսին:

Եթէ միայն ինչ-որ մէկը չի ցանկանում ոչնչացնել երկիրը կամ վտանգել նրա ապագան, ապա նման քաղաքականութիւնը պէտք է դադարեցուի: Ուղենիշային յօդուածներից մէկում, իրաւունքի գերակայութեանը եւ հանրային բարօրութեանը ներկայումս հասցուող վնասների մեծ մասը կանխատեսուել է` դեռեւս 2018 թուականի Օգոստոսին: Հեղինակի կողմից ահազանգեր են հնչեցուել իրաւունքի գերակայութեան սկզբունքների դէմ անհարկի ոտնձգութիւնների առթիւ:

Գործադիր իշխանութեան յամառ յայտարարութիւնները «յեղափոխական» գործընթացը շարունակելու մասին եւ դրանց ձայնակցումը որոշ մեկուսացուած եւ արմատական ուժերի կողմից Հայաստանում, կամ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում իրենց յարմարաւէտ սրահներում նստած անհատների կողմից պարզապէս անպատեհ են եւ անպատասխանատու: Պէտք է հարց տալ, թէ կոռուպցիայի դէմ պայքարը, որի անհրաժեշտութիւնը չի վիճարկւում, ինչ կերպ կարող է ծառայել նոր առաջացած վտանգների յաղթահարմանը:

Որոշ մարդկանց կարծեցեալ «ապօրինի ունեցուածքի» բռնագրաւումն աւելի շատ ուղղուած է Հայաստանի հիւծուած պետական ֆինանսների համալրմանը, մինչ կառավարութիւնը կանխիկ գումարները վերաբաշխում է մարդկանց որոշակի քատէկորիաների: Վերջին երկու տարիների ընթացքում նախկին քաղաքական գործիչների կամ օլիկարխների ենթադրեալ ապօրինի հարստացման հետաքննութիւնը բացայայտել է, ձեռքբերումների տեսանկիւնից, անմխիթար արդիւնքներ, որոնք համարժէք չեն կառավարութեան յաւակնոտ կանխատեսումներին եւ դրանց հետ կապուած դատական ջանքերին:

Այս վերաբաշխման մէջ հազիւ թէ կարելի է չտեսնել քաղաքական յաճախորդականութիւնը` այն գինը, որը պէտք է վճարել, ժողովրդի մշտական աջակցութեան համար, բայց դա անհեռատես քաղաքականութիւն է, որը չի լուծում հիմնարար կառուցուածքային բարեփոխումների ու ներդրումների հարցերը, որոնք անհրաժեշտ են ապագայ կառուցելու համար: Համերաշխութիւնն անհրաժեշտ է աւելի քան երբեւէ, յատկապէս այն մարդկանց համար, ովքեր տուժելու են ներկայիս ճգնաժամից, իսկ պետական դրամական միջոցների պակասը պէտք է դրդի կառավարութեանը պատշաճ եւ ողջամիտ ներդրումներ կատարել, որպէսզի կարողանայ լուծել երկրի առջեւ ծառացած արտառոց խնդիրները եւ բաւարարել տնտեսութեան գալիք պահանջքները:

Ժողովրդավարութեան վերաբերեալ կառավարող ուժի տարօրինակ հայեցակարգը 2020թ. Փետրուարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Ազգային ժողովում հանդէս եկաւ ելոյթով, որի վերջում ընդգծեց (Սահմանադրական դատարանի դատաւորների ազատման պատճառաբանութիւնից յետոյ), որ Հայաստանում ժողովրդավարութիւնն այլընտրանք չունի եւ անշրջելի է:

Դրա հետ կարելի է միայն համաձայնուել: Այնուհանդերձ, նախ եւ առաջ, պէտք է ասել, որ ներկայումս միջազգային իրաւակարգում ժողովրդավարութիւնն այլեւս պետական լաւ կառավարման բացառիկ չափանիշը չէ: Արդար եւ ազատ ընտրութիւնները չեն երաշխաւորում մարդու հիմնարար իրաւունքների նկատմամբ յարգանքը: 2005 թուականի համաշխարհային գագաթնաժողովում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամպլէի կողմից ընդունուած զեկոյցում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը նշել է, որ չնայած կարիքից եւ վախից ազատութիւնը կարեւոր նշանակութիւն ունի, դրանք այնուհանդերձ բաւարար չեն:

Բոլոր մարդիկ իրաւունք ունեն, որ իրենց վերաբերուեն արժանապատուօրէն եւ յարգանքով: Նման արժանապատուութիւնն ու յարգանքը մարդկանց համար ապահովւում է մարդու բոլոր իրաւունքների իրականացման միջոցով եւ պաշտպանւում է օրէնքի գերակայութեամբ: Ժողովրդավարութիւնը, զարգացումը եւ մարդու բոլոր իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների յարգումը փոխկապակցուած եւ փոխլրացնող գործօններ են:

Օրինակ` Թուրքիայում ժողովրդավարութիւն է, բայց այդ պետութիւնը չի յարգում օրէնքի գերակայութիւնը, եւ տասնեակ հազարաւոր քաղաքական հակառակորդներ բանտում են: Իսրայէլը ժողովրդավարական երկիր է, սակայն նրա «սահմանադրութիւնը» նշում է, որ թէպէտ իւրաքանչիւր քաղաքացի ունի մարդու իրաւունքներ, սակայն Իսրայէլում պետական կառավարմանը մասնակցելու իրաւունքները պատկանում են միայն հրեայ ժողովրդին (2018 թուականի Յուլիսի 19-ը մի քանի ժամ տեւած բուռն բանավէճերից յետոյ, Քնեսէթը հաւանութիւն է տուել ազգային պետութեան մասին օրինագծին` 62 կողմ, 55 դէմ ձայներով: Նրանք, ովքեր դէմ էին, դատապարտեցին այդ «ապարտէիդի» վրայ հիմնուած հիմնարար օրէնքը):

Մենք կարող ենք սոյն հարցի վերաբերեալ բերել բազմաթիւ այլ օրինակներ: Հայկական համատէքստում, կարելի է աւելի շատ կասկածել ներկայիս «ժողովրդավարական» պրակտիկայի վրայ: Արդեօք անցեալ տարի, առանց խորհրդարանին դիմելու, նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու գաղտնի որոշումը, կամ վարչապետի կողմից պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերեալ վերջերս կայացրած անձնական որոշու՞մն են իշխող ուժի ժողովրդավարութեան հայեցակարգը:

Մի մարդու համար, ով կառուցել է իր վարկը թափանցիկութեան հիման վրայ եւ կարծես թէ յարգելով ժողովրդավարական արժէքները, «ժողովուրդը» պէտք է լինի կոյր կամ խուլ, ինչպէս որ դա եղել է անցեալում, երբ ընտրողները կաշառք են վերցրել ընտրական քուէների համար: Խորհրդարանում ժողովրդավարութիւնը նոյնպէս տարօրինակ բոյր ունի` մեծամասնութիւնը ոչ մի մարտահրաւէր կամ քննարկում չի ընդունում իր օրինագծերի վերաբերեալ:

Իշխող կուսակցութիւնը լռեցրել է խորհրդարանում մեծութեամբ երկրորդ «Բարգաւաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցութեանը` գործարար Գագիկ Ծառուկեանի դէմ Գլխաւոր դատախազութեան յարուցած գործի քննութեան շնորհիւ: «Լուսաւոր Հայաստանը» (ԼՀԿ) կուսակցութեան անդամները, որոնք, ըստ երեւոյթին, զերծ են մնացել հետաքննական գործողութիւններից, փորձում են ընդդիմադիր ուժին յատուկ դերակատարում ունենալ խորհրդարանում` վիճարկելով եւ քննարկելով օրինագծերը: Այժմ նրանք դարձել են վիրաւորանքների եւ սադրանքների թիրախ իշխող կուսակցութեան անդամների կողմից: Խօսքի ազատութեան խախտումները պատահական չեն:

Այն սահմանափակելու պաշտօնական փորձերը աննկատ մնացին լայն հանրութեան կողմից: Քորոնա վիրուսի բռնկման կապակցութեամբ եւ արտակարգ դրութիւն սահմանելուց յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը Մարտի 19-ին շտապեց ազատութիւնների սահմանափակման վերաբերեալ յայտարարութիւն կատարել Ժընեւում` Մարդու իրաւունքների կոմիտէում եւ Ստրասբուրգում` Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում` համապատասխանաբար քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային պակտի եւ Եւրոպական կոնուենցիայի դրոյթների վերաբերեալ:

Ուշագրաւ է զանգուածային լրատուութեան միջոցների նկատմամբ սահմանափակումներին նուիրուած բաժինը, որտեղ յստակ գրուած է, որ համաճարակների մասին հրապարակումների, տեղեկատուական նիւթերի, հարցազրոյցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը «պէտք չէ հակասի պաշտօնական տեղեկատուութեանը եւ պէտք է հնարաւորինս վերարտադրի այդ պաշտօնական տեղեկատուութիւնը»:

Իսկ, պոլշեւիկեան ձեւակերպում: Թէեւ հայկական ԶԼՄ-ները շատ ժամանակին եւ պատշաճ կերպով արձագանգեցին իրողութեանը (վարչապետն ի վերջոյ կասեցրեց խօսքի ազատութեան նկատմամբ այդ սահմանափակող միջոցների իրականացումը), ազատութիւններից նահանջը միեւնոյն է, ուժի մէջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ դրութիւնը չի աւարտուել: Երբ կիրառուած այս միջոցը համադրում ենք կառավարութեան կողմից զանգուածային լրատուամիջոցների խիստ քննադատութեան հետ, որոնք ենթադրաբար պատկանում են կառավարութեան նախկին անդամներին կամ նրանց դրածօներին, ապա պէտք է մտահոգութիւն յառաջանայ այդ վարչական միջոցի ուղղուածութեան եւ նպատակի վերաբերեալ, յատկապէս քաղաքական կեանքում բռնութեան ներկայիս աճող մթնոլորտում:

Այն սակաւաթիւ պետութիւնների թւում, որոնք յայտարարել են որոշակի սահմանափակումների մասին (Ալպանիա, Էստոնիա, Վրաստան, Լատուիա, Հիւսիսային Մոնտենեգրոյ, Մոլդովա, Ռումինիա, Սան Մարինոյ եւ Սերբիա), Հայաստանը միակ պետութիւնն է, որը նահանջել է կարծիքի արտայայտման ազատութիւնից:

 

Կառավարութիւնը հանրային ոլորտում բռնութեան դէմ պայքարի գլխաւոր իրաւական երաշխաւորն է:

Պաշտօնական ելոյթներում 2018-ի Օգոստոսից առկայ է վրէժխնդրութեան եւ անհանդուրժողականութեան երանգ: Այս պահուածքը վատթարացել է ամիս առ ամիս ` լաւի ու վատի, յեղափոխականի ու հակայեղափոխականի միջեւ տարանջատման քաղաքականութեամբ: Դա յանգեցրել է հասարակութեան մէջ Փաշինեանի կողմնակիցների եւ հակառակորդների շրջանում ակրեսիվ եւ ծայրայեղական վարքագծի սրմանը:

Այն նաեւ նիւթականացուել է օրինականութեան խախտումների տեսքով: Նախ` պնդելով, որ դատական իշխանութիւնը, ոստիկանութիւնը, ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ նախկին կառավարութիւնների կողմից նշանակուած բոլոր նախկին ղեկավարները կոռումպացուած են, եւ երկրորդ` պնդելով, որ Սահմանադրական դատարանի եօթ դատաւորներ պէտք է ազատուեն աշխատանքից ցանկացած միջոցներով, նոյնիսկ հակասահմանադրական, որովհետեւ նրանք խոչընդոտում են յեղափոխական գործընթացին, թէեւ ոչ ոք չի բացատրել, թէ ինչպէս կարող էին նրանք դա անել կամ ինչպէս են դա անում:

Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք տեղեկացանք երկու փոխ վարչապետների (Ալէն Սիմոնեանի եւ Տիգրան Աւինեանի) աղմկալի կռիւների պատմութիւններին, իսկ Մայիսի 8-ին ` ականատես եղանք խորհրդարանում տեղի ունեցած ընդհանուր ծեծկռտուքի, ինչպիսին սովորաբար տեսնում ենք Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, ինչն ինքնին արդէն խայտառակ խորհրդանիշ է:

Հարկ է յիշեցնել, որ կառավարութիւնները եւ կառավարութեան ղեկավարները միջազգային իրաւունքի տեսանկիւնից պատասխանատուութիւն են կրում բռնութեան հրահրիչ ցանկացած խօսքի կամ վարքագծի համար, ինչպիսի ձեւ էլ այն ընդունի: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն արդարացիօրէն յիշեցրեց (Մայիսի 9-ին), որ պետական պաշտօններ զբաղեցնող եւ համապատասխան գործունէութիւն իրականացնող անձինք պէտք է զսպուածութիւն ցուցաբերեն իրենց քաղաքական կամ այլ արտայայտութիւններում եւ թոյլ չտան ատելութիւն ծնող եւ լարուածութիւն յառաջացնող բառեր:

Բռնութիւնն ամէնուր է եւ աճում է Հայաստանի հասարակութեան մէջ. առկայ են բանակում ոչ մարտական իրավիճակներում մահուան չբացայայտուած շատ դէպքեր (2020 թուականի Յունուարի 1-ից ի վեր` 13 դէպք), կանանց նկատմամբ տապուի ենթարկուող տնային բռնութիւնը, սոցիալական անհաւասարութեամբ պայմանաւորուած բռնութիւնը, վերջերս խորհրդարանի պատգամաւորների մոլեգին արշաւն ընդդէմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գաւառի փողոցներում զանազան խմբաւորումների միջեւ վերջերս տեղ գտած արիւնալի հաշուեյարդարները, նախկին ոստիկանապետի եւ ԱԱԾ նախկին տնօրէնի անբացատրելի «ինքնասպանութիւնները եւ այլ սպանութիւնները մարզերում ֆէոտալական մթնոլորտի պատճառով»:

Այս ամէնը բռնութեան տարբեր դրսեւորումներ են: Գործադիր եւ օրէնսդիր մակարդակներում պաշտօնեաների խօսքերն ու վարքագիծը սխալ օրինակ են ծառայում հասարակութեան համար: Վարչապետը առնուազն երկու անգամ օգտագործել է քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների նկատմամբ բռնութեան բառապաշար: Առաջին թիրախը «Սասնայ Ծռեր կուսակցութեան անդամներն էին, որոնք սպառնում էին ուժով առաջ տանել իրենց գաղափարները, իսկ երկրորդը` Հանրապետական կուսակցութեան անդամները: Հարցը կայանում է ոչ թէ նրանում, թէ ճիշդ է արդեօք արձագանգելը, այլ բռնութեան թոնով եւ խօսքերով կամ բռնութեան սպառնալիքով խօսելու մէջ:

Հետեւաբար, պրն. Վարչապետ, դուք սխալւում էք` ուրիշներին մեղադրելով սադրանքի կամ դաւադրութեան մէջ, կամ փորձելով սադրանքների արմատներ գտնել «ապօրինի ձեռք բերուած ունեցուածքի բռնագրաւման մասինէ օրինագծի ընդունման մէջ»: Ես չեմ ասում, որ ձեր հակառակորդները անմեղ եւ պասիւ զոհեր են, բայց դուք պէտք է հարցնէք ինքներդ ձեզ, թէ արդեօք այս ամէնը ձեր մեթոտների, ձեր սեփական վարքի եւ բառերի արդիւնք չէ: Որպէս պետութեան ղեկավար դուք քաղաքականապէս եւ իրաւաբանօրէն օժտուած էք որոշակի պարտաւորութիւններով:

Հայաստանի Հանրապետութիւնում բռնութեան նման մթնոլորտի ստեղծումը ձեր անմիջական պատասխանատուութիւնն է, եւ դուք պէտք է պատշաճ կերպով վարուէիք վերջին երկու տարիների ընթացքում: Դուք ընդունեցիք ձեր պատասխանատուութիւնը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից յետոյ, եւ դա արդար էր: Ժամանակն է յետադարձ գնահատելու ձեր ընդհանուր ողջ քաղաքականութեանը: Այս քաղաքական ճգնաժամն այժմ կրկնապատկւում է մօտ ապագայում էլ աւելի սպառնալից իրավիճակով` տնտեսութեան անկումով եւ զբաղուածութեան խնդիրներով:

Ցնցումը կը լինի սարսափելի, բայց կառավարելի, եթէ հասարակութիւնը համաձայնութեան գայ:

Միջազգային քաղաքական եւ տնտեսական իրավիճակը ցոյց է տալիս, որ ինչպէս տնտեսական, այնպէս էլ ռազմական գլոբալ պատերազմի նախադրեալները դառնում են աւելի ու աւելի լուրջ ու մօտալուտ: Քորոնա վիրուսային ճգնաժամը արագացնում է այդ գործընթացը:

Պէտք է յիշել, որ 1930-ական թուականների դէպրեսիան կանգնեցուել է միայն աճող լարուածութեամբ` Երկրորդ համաշխարհային պատերազմի մօտենալուն պէս: Խոշոր Արեւմտեան երկրները մեծ պարտքեր են կուտակում այս անսպասելի համաշխարհային համաճարակով պայմանաւորուած ճգնաժամի հետեւանքների դէմ պայքարելու համար, եւ բոլորը գիտեն, որ երկրների մեծ մասը մօտ ապագայում չի վերականգնի տնտեսութեան նախկին մակարդակը, քանի որ տնտեսական աճի մոդելները կարող են փոխուել սպառման եւ աշխատանքային վարքի փոփոխութեան, ինչպէս նաեւ միջազգային առեւտուրի, ուղեւորութիւնների եւ ապրանքափոխանակութեան կտրուկ կրճատման պատճառով:

Արեւմտեան երկրները կը գնան ռազմավարական ոլորտների տեղայնացման ուղղութեամբ եւ փակ կը պահեն իրենց սահմանները: Շատ երկրների տնտեսութիւնները կը փլուզուեն, այդ թւում բնական հումքով հարուստ երկրները` ցածր պահանջարկի եւ դրանց ցածր գների պատճառով: Տնտեսական ցնցումը սարսափելի կը լինի Հայաստանի համար, որը զուրկ լինելով դէպի ծով ելքից եւ մասամբ շրջափակուած լինելով հանդերձ, ունի նաեւ շատ փոքր արդիւնաբերական ենթակառուցուածք:

Տուրիստական սեզոնը վտանգի տակ է: Հարկ է նշել, որ վերջին շրջանում հայկական մամուլում յայտնուել են բազմաթիւ յօդուածներ, որոնք մատնանշում են ստեղծուած իրավիճակի վտանգը:

Ի թիւս այլոց` կայ Անդրանիկ Թեւանեանի մռայլ կանխատեսումը, ըստ որի Հայաստանը ճգնաժամային իրավիճակում կը գտնուի Քորոնա վիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների պատճառով առնուազն մինչեւ 2022 թուականը, եւ դա կը յանգեցնի անվտանգութեան ոլորտում որոշակի հետեւանքների:

Նախագահներ Ռ. Քոչարեանի եւ Ս. Սարգսեանի աշխատակազմերի նախկին ղեկավար Արմէն Գէորգեանը Հայաստանի տնտեսութեան համար ճգնաժամի յառաջիկայ հետեւանքների շատ սպառիչ վերլուծութիւն է գրել եւ, ինչն աւելի կարեւոր է, առաջարկել է բաց քննարկման համար գործողութիւնների շատ փրօֆէսիոնալ եւ պրագմատիկ ծրագիր. Գէորգեանի լաւատեսական վերաբերմունքը, այն դէպքում, երբ նրա դէմ ընթանում է դատավարութիւն, կառուցողական է եւ արժանի է իսկական պետական գործչին:

Այնուհետեւ նա յաւելում է, որ «Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր գիտեն երկրի ռազմավարական խնդիրները եւ կարող են պատկերացնել դրանց հնարաւոր լուծումները»: Այլ կերպ ասած` նա դրական միջավայր է ստեղծում եւ հասարակութեան մէջ բանավէճի կոչ է անում (Նա յիշատակել է որոշ անուններ, որոնք արդէն իսկ իրենց ներդրումն են ունեցել այս հարցում), եւ նա հաստատապէս հաւատում է, որ որքան էլ հակասական լինի Հայաստանում այսօր տիրող մթնոլորտը, Հայաստանն ունի մարդկային ռեսուրսներ` յաղթահարելու անխուսափելի տնտեսական ռեցեսիան:

Ռազմավարական դաշինքների անպատասխանատու վերաիմաստաւորումը բաւական մտահոգիչ է տեսնել, թէ ինչպէս են Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր շեշտը դնում ԱՄՆ-ի կամ Եւրոպայի աջակցութեան վրայ` ռուսական ազդեցութիւնից ազատուելու համար: Աւելի քան երբեւէ նախկինում, խենթութիւն եւ ինքնասպանութիւն է շարունակել մտածել այդ ուղղութեամբ: Առնուազն մէկ քաղաքական կուսակցութիւն բացայայտ մանեւրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղղութեամբ:

Ուաշինկթընի հետ նրանց կապերը գաղտնիք չեն, բայց պէտք է պարզել, թէ արդեօք այդ մարդիկ դեռ պահպանում են իրենց բանականութիւնը: Սրանք նոյն կոչերն են` շարունակելու յեղափոխական գործընթացը` նախկին կառավարիչների դէմ աւելի արմատական մեթոտներ կիրառելու միջոցով: ԱՄՆ-ի միջազգային քաղաքականութիւնը խաղաղութեան եւ միջազգային կարգի գլխաւոր սպառնալիքն է : ԱՄՆ-ի գործադիր իշխանութիւնը, որը վախենում է կորցնել իր առաջատարութիւնը, շարունակում է աւելի յամառօրէն խաղալ կրակի հետ, Չինաստանի հետ նոր պատերազմ վարելով, հրաժարւում է բազմակողմանիութիւնից եւ մարտահրաւէր է նետում բոլոր միջազգային հաստատութիւններին, սկսած ՄԱԿ-ի կառոյցներից, ներառեալ նրանց միջազգային իրաւասութիւնները:

Նախագահ Թրամփը օգտագործել է իր վետօն, որպէսզի Կոնգրէսին խանգարի իր ձեռքերը կապել պատերազմներին մասնակցելու հարցում: Մայիսի 8-ին ամերիկեան պատուիրակութիւնը հրաժարուել է ընդունել անվտանգութեան խորհրդի բանաձեւը ցանկացած ռազմական հակամարտութեան դադարեցման մասին այնքան ժամանակ, քանի դեռ Քորոնա վիրուսային ճգնաժամը չի աւարտուել: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ը բաւականին ակնյայտ թշնամական գործողութիւններ է պատրաստում ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլեւ աշխարհի այլ տարածաշրջաններում: Վենեզուելան արդէն դա զգացել է իր վրայ:

Իրանը եւ նրա մերձաւոր արեւելեան դաշնակիցները բացայայտ թիրախներ են Իսրայէլի կողմից Արեւմտեան ափի Պաղեստինեան տարածքների անեքսիան ապահովելու համար:

Միջազգային համընդհանուր կարգը, ինչպէս դա ծրագրուել է Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ շնորհիւ ՄԱԿ-ի Կանոնադրութեան, խախտուել է, եւ հէնց այդ պատճառով է աշխարհը դառնում վտանգաւոր:

Հայաստանի սահմանների մօտ, նրա հարեւանները` Թուրքիան եւ Ատրպէյճանը, որոնք գտնւում են ֆինանսական ծանր վիճակում, նոյնպէս ուժեղացնում են իրենց սպառնալիքները Հայաստանի հասցէին: Նրանց դարմանը յայտնի է` եթէ դուք ունէք ներքին խնդիրներ, ապա պատերազմից աւելի լաւ բան չկայ: Այս գլոպալ ճգնաժամի եւ ֆինանսական միջոցների սղութեան պայմաններում ոչ մի էական օգնութիւն չի կարելի սպասել հեռաւոր արեւմտեան գործընկերներից: Թուրքիան, որը ֆինանսապէս հիւծուած է, վերադառնում է ԱՄՆ-ի գիրկը, ինչպէս վերջերս արդարացիօրէն նկատել է թերթի իր սիւնակում Էտմոն Ազատեանը:

Վաղ թէ ուշ դա պէտք էր սպասել: Ռուսաստանը եղել եւ մնում է նրա պատմական թշնամին: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ պէտք է մնայ այդպիսին ոչ միայն այն պատճառով, որ դրանից է կախուած երկրի տնտեսութիւնն ու անվտանգութիւնը, այլ նաեւ այն պատճառով, որ այդ դաշինքի պատմութիւնը կայուն է: Պէտք չէ մոռանալ, որ ռուսական կայսրութիւնը 19-րդ դարում Եւրոպական հզօր երկրների կողմից օժտուած էր Թուրքիայում հայ բնակչութեանը պաշտպանելու լիազօրութիւններով: Արեւմտեան երկրները, որոնք 1915 թուականի Ցեղասպանութեան նախօրէին փորձել են ինքնավարութեան իրաւունքներ տրամադրել Օսմանեան կայսրութեան հայկական նահանգներին, լքել են թատերաբեմը Առաջին համաշխարհային պատերազմը սկսուելուն պէս:

Մենք բոլորս գիտենք, որ այդ երկրները դատապարտել են հայերի զանգուածային սպանութիւնները եւ բռնի տեղահանութիւնը, բայց ոչինչ չեն արել դրանք դադարեցնելու համար, բացառութեամբ Ռուսաստանի, որը Օսմանեան կայսրութեան արեւելեան նահանգներում վարել է ռազմական գործողութիւններ: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացում Ռուսաստանի առաջատարութիւնը չի վիճարկւում:

Ոչ ԱՄՆ – ը, ոչ Ֆրանսիան կասկածի տակ չեն դնում այդ փաստը: Ռուսաստանի հետ դաշինքի վերանայումն այսօր պարզապէս անպատասխանատու է, եւ տարբերակ չի կարող լինել: Ռուսաստանի հետ յարաբերութիւններում որպէս իրաւահաւասար գործընկեր լինելու եւ վասալալիտետին վերջ դնելու համար Հայաստանը պէտք է յուսալի լինի լաւ եւ վատ ժամանակներում եւ յարգի իր խօսքը:

Ռուսաստանի դէմ անհիմն պատճառներով վերջերս կատարուած յարձակումներն անընդունելի են: Ռուսական տնտեսութիւնը նոյնպէս Քոլափս եզրին է, եւ «Կազփրոմը, ինչպէս եւ միւս նաւթագազային ընկերութիւնները, կարճաժամկէտ առումով մռայլ հեռանկարներ ունի գների կտրուկ անկման եւ էներգաշուկայում պահանջարկի նուազման պատճառով»:

Շահարկել, թէ «Կազփրոմի գների բարձրացումը քաղաքական պատասխան քայլ է, անարդար է, քանի որ մինչ օրս Հայաստանը շուկայականից շատ աւելի ցածր գներից է օգտուել, եւ այդ մասին պէտք է յիշել: Այն յայտարարութիւնը, թէ Հայաստանը չի երկարաձգելու Ռուսաստանի հետ իր վարկային համաձայնագիրը աթոմակայանի տեխնիկական սպասարկման եւ արդիականացման համար, դարձել է հայկական կողմի եւս մէկ անսպասելի քայլը: Հայաստանը եւս մէկ գործընկեր ունի՞ արդեօք դրա համար:

Դրանում կարելի է կասկածել, քանի որ Եւրոպական Միութիւնը միշտ յստակ հասկացրել է իր բոլոր գործընկերային համաձայնագրերում, որ Հայաստանը պէտք է դադարեցնի Մեծամօրի շահագործումը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ռազմավարութիւնը պէտք է դառնայ ազգային համաձայնութեան առարկայ:

Ինչ վերաբերում է Մինսքի խմբի կարգաւորման գործընթացի վերաբերեալ Լավրովի յայտարարութեան մասին վերջերս տեղի ունեցած շահարկումներին, ապա պէտք է ասել, որ Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանութիւնները երբեք չեն բացատրել «ժողովրդին Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսքի գործընթացի բանակցութիւնների շրջանակներում պայմանաւորուածութիւնների իրական իմաստը»:

Ոչ ոք չի կարող կասկածել, որ հայկական դիւանագիտութիւնը քննարկում եւ նոր առաջարկներ է ներկայացնում բանակցային գործընթացում ԼՂՀ ներկայացուցիչներին ընդգրկելու եւ հակամարտութեան փաթեթային ու վերջնական կարգաւորում նախատեսող նոր համաձայնագրի մշակման վերաբերեալ, որտեղ գլխաւոր նպատակը ԼՂՀ հայերի ֆիզիքական անվտանգութիւնն է: Սակայն փուլային կարգաւորումը, որն այժմ ընդգծւում է ատրպէյճանական եւ ռուսական իշխանութիւնների կողմից, իրականութիւն է: Իրականում այդ սկզբունքները համաձայնեցուած են եղել, եւ նրանք յստակ նախատեսում են փուլային գործընթաց եւ ինքնորոշման գործընթաց` միջազգային իրաւունքի իմաստով, այսինքն` յարգելով Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: Սա արդէն փաստ է: Մէկ տարի առաջ ես եկայ այն եզրակացութեան, որ Մինսքի գործընթացը պէտք է դադարեցուի հայկական իշխանութիւնների կողմից, եթէ սկզբունքները, որոնց վրայ այն հենւում է, այլեւս չեն համապատասխանում Հայաստանի եւ ԼՂՀ-ի մօտեցումներին:

Նման որոշումը ծանրակշիռ է եւ չի կարող ընդունուել առանց ազգային միասնութեան եւ կոնսենսուսի: Կլոպալ եւ տարածաշրջանային պատերազմի վտանգը միանգամայն իրական է, եւ եթէ Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ կրկին պատերազմ սկսուի, ինչն, ամենայն հաւանականութեամբ, ատրպէյճանական կողմի նախատեսած տարբերակն է, ապա աւելի լաւ է դուրս գալ Մատրիտեան սկզբունքների հիման վրայ ընթացող գործընթացից, ճանաչել ԼՂՀ անկախութիւնը եւ զբաղուել գոնէ մէկ միջանցքի պահպանման երաշխաւորմամբ : Ամէն դէպքում նման որոշումը պահանջում է մանրակրկիտ քննարկում եւ յստակ հաւանութիւն բոլոր քաղաքական ուժերի եւ նախկին ազգային առաջնորդների կողմից:

Հայաստանի ղեկավարութեան թերի ելոյթը լաւ պատրաստուած եւ շատ ինքնավստահ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2020 թուականի փետրուարի 15-ին Միւնիխում կայացած բանավէճի ընթացքում, մեծ տագնապ է առաջացնում եւ վկայում է ռազմավարութեան անորոշութեան, վատ փաստարկների եւ պաշտպանողական մօտեցման մասին: Ոչ բոլորին է տրուած ճիշդ տրամաչափ եւ վարք, որպէսզի նման բարդ բանակցային գործընթաց վարի միայնակ, յատկապէս, երբ հարկ է լինում խուսանաւել շատ հակասական եւ հակամարտող պայմանների միջեւ:

Յառաջիկայ ռազմական սադրանքների եւ սպառնալիքների դէմ պայքարը նոյնպէս համարժէք պատասխաններ կը պահանջի: Այս դիտարկումը եւս մէկ անգամ եւ յստակօրէն կոչ է ուղղուած վարչապետի քաղաքականութեան ամբողջական եւ անյապաղ փոփոխութեանը, որն այժմ ամբողջապէս կենտրոնացած է կոռուպցիայի դէմ պայքարի եւ վհուկների որս անելու վրայ: Մարտ ամսին նախագահ Տէր Պետրոսեանը յօդուած էր գրել, որում պահանջել էր դադարեցնել 2016 թուականի Ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի խորհրդարանական հետաքննութիւնը եւ առաջարկել էր ներկայիս իշխող թիմի եւ երկու նախկին նախագահների թիմերի միջեւ քաղաքական թշնամանքը հանդարտեցնել ներկայիս համաճարակի ճգնաժամի պատճառով: Իմ առաջարկն այս ուղերձից աւելի հեռուն է գնում, քանի որ ստեղծուած իրավիճակը պահանջում է բացառիկ միջոցառումներ եւ նախաձեռնութիւններ:

Սոցիալական եւ քաղաքական անկայունութիւնն ու բռնութիւնը, անխուսափելի տնտեսական քոլափսը եւ հարեւան Ատրպէյճանի հետ պատերազմի իրական սպառնալիքները խօսում են յօգուտ ազգային համաձայնութեան անհրաժեշտութեան:

Առանց կառավարութեան ամենօրեայ գործունէութեանը միջամտելու մտադրութեան, իմ համեստ առաջարկներն են՝.

* Որ նախագահ Արմէն Սարգսեանը խորհրդակցական հանդիպում հրաւիրի երեք նախկին նախագահների, վարչապետի, ԼՂՀ իշխանութիւնների եւ համապատասխան քաղաքական կուսակցութիւնների կամ փորձագէտների հետ` քննարկելու եւ առաջարկելու համաձայնագիր ռազմավարական եւ անվտանգութեան հարցերի շուրջ ազգային համաձայնութեան պակտի կնքման վերաբերեալ, որը կը ներառի մեր միջպետական դաշինքների, ԼՂՀ եւ պատերազմի սպառնալիքների հարցերը:

* Որ նախկին նախագահներ Տէր Պետրոսեանը, Քոչարեանն ու Սարգսեանը եւ վարչապետ Փաշինեանը համաձայնուեն միասին նստել նոյն սեղանի շուրջ:

* Որ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ձեւաւորի փորձառու մարդկանցից կազմուած յանձնաժողով, որը կ’աջակցի արտակարգ գործողութիւնների ծրագրի մշակմանը, որպէսզի առաւելագոյնս նուազեցնի տնտեսութեան համար համաճարակի ճգնաժամի հետեւանքները եւ խուսափի սոցիալական խոշոր քաոսից եւ արտագաղթի նոր զանգուածային հոսքից (երբ սահմանները կրկին բացուեն):

Անհրաժեշտ է անել հնարաւոր ամէն ինչ, որպէսզի կանգնեցնենք շարունակուող ներքին ինքնաքայքայման գործընթացը եւ, բոլոր քաղաքական ուժերին այս խիստ տագնապալի ժամանակահատուածում տանենք անվտանգութեան հիմնահարցերի շուրջ համաձայնութեան:

 

Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայեան

11 Մայիս, 2020թ.