Կրթական համակարգի վրայ ներազդող շատ գործօններ կան, դրանցից մէկն էլ կրթական միջավայրն է, որի բարւոք վիճակը ապահովում է սովորողների «ներքին» և «արտաքին» գիտելիքները: Դրանք կարևոր են դպրոցի գիտակրթական տեսադաշտն ու շրջանակները լայնացնելու համար: Այս գիտակցութիւնից ելնելով էլ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների և Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան անդամներն ու համակիրները միաձուլուեցին՝ Արցախի Քաշաթաղի վարչական շրջանի Բեր Ձորի N-1 Վահան Թէքէեանի անուան անբարեկարգ դպրոցի վերանորոգման հովանաւորութեան գաղափարի շուրջ: Անհրապոյր, քարուքանդ դասարանների վերանորոգումը ստանձնեցին մեծ բարերարները, որի արդիւնքն արդէն իսկ նկատելի է, և որ ամենակարևորն է բարերարները շարունակում են իրենց հայրենանուէր գործը: Առաջին դասարանը՝ հայոց լեզուի և գրականութեան դասարանն էր, որը վերանորոգուեց Մոնթրէալի Թէքէեան Մշակութային Միութեան Սարօ Արմէն Մանուկեան հիմնադրամի օժանդակութեամբ, և դասարանի բացումը տեղի ունեցաւ ս/թ Հոկտեմբերի 6-ին: Երկրորդը՝ռազմագիտութեան դասարանն էր, որը հիմնանորոգուեց Փարիզի Արշակ Չոպանեան ինստիտուտի նուիրատուութեամբ, որի բացումը տեղի ունեցաւ ս/թ Նոյեմբերի 4-ին:
Տարեմուտին դպրոցին ևս մէկ ուրախանալու առիթ ընձեռուած. Նոյեմբերի 30-ին դպրոցում բացուեց երրորդ՝ Հրանդ Տինքի անունը կրող պատմութեան դասարանը: Այն վերանորոգուել է Մոնթրէալի Թէքէեան Մշակութային Միութեան անդամներ Աւետիս և Արշալոյս Ճիհանեանների հովանաւորութեամբ:
Դպրոցի երկրորդ յարկում գտնուող վերանորոգուած դասարանի մուտքի մօտ փակցուեց ցուցանակ՝ հայրենանուէր բարերարների անունների յիշատակմամբ:
Դասարանի բացումը ուրախացրել էր և՛ վարչական շրջանի կրթութեան վարչութեան ներկայացուցիչներին, և՛ ուսուցիչներին ու բոլոր ներկաներին, սակայն ամենից ոգևորուածը հէնց աշակերտներն էին:
XI դասարանում սովորող աշակերտները նորոգուած դասարան մտան թղթէ ճերմակ աղաւնիներն ձեռքներին, որն էլ խորհրդանշում էր խաղաղ ու անկախ գործունէութիւն: Գեղեցիկ ցերեկոյթի շրջանակում, որը կազմակերպուել էր պատմութեան ուսուցչուհի Կարինէ Յովհաննիսեանի ջանքերով, դպրոցականներն իրենց երախտիքի խօսքը յղեցին բարերարներին, և վստահեցրին, որ նրանց համար մեծ պատիւ է ուսանել հէնց Հրանդ Տինքի անունը կրող դասարանում. չէ որ մեծ հայն ինքը մի աղաւնի էր, որը պայքարեց իր իրաւունքների ու ազատութիւնների համար և արժանացաւ փառքի: Աշակերտները միաձայն նշեցին, որ այսուհետ աւելի մեծ խանդավառութեամբ ու սպասմամբ կը գան դպրոց ու էլ աւելի լաւ կուսանեն, քանզի յարամարաուէտ ու նորոգուած պայմանները լաւագոյն դրդապատճառն են որակեալ կրթական համակարգի: Վերջում աշակերտները խոստացան իրենց հայրենասիրութեամբ, ուսմամբ ու բարձր յառաջադիմութեամբ ապացուցել, որ իրենք արժանի են սովորելու բարեկարգ ու նորոգուած դասարաններում: Նրանք են մեր ազգի ապագան ու յոյսը, իրենց ուսերին է դրուած մեր պետութեան անվտանագութիւնն ու անսասանութիւնը: Դպրոցի ուսուցչական անձնակազմը ևս շնորհակալութիւն յայտնեց բարերարներին նման հայրենանուէր ձեռնարկի համար և նկատեց, որ դպրոցում կրթական միջավայրի բարելաւմանն ուղղուած մեր հայրենակիցների հոգատարութիւնն անչափելի ու անգնահատելի է իւրաքանչիւր հայի համար:
Բարերար լինելը ոչ թէ կոչում է, այլ՝ կենսակերպ. այս գաղափարով էլ տոգորուած դպրոցի վերանորոգման գործն իրենց վրայ վերցրած բարերարները խոստանալով ամէն ինչ անել, որպէսզի իրենց այս գործը շարունակական լինի, իսկ ներկաներին յորդորեցին չկորցնել յոյսն ու հաւատալ, որ մի օր նրանք կը բացեն լիովին վերանորոգուած դպրոցի դուռը:
Գայանէ Մուրադեան