Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ. Սուրբ Ներսէս Շնորհալի շքանշան կը շնորհէ, ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի անդամ եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բարերար Վարդան Նազիրեանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ բարերար Վարդան Նազիրեանին շնորհուել է Ս. Ներսէս Շնորհալի Պատուոյ շքանշան՝ ձեռամբ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Յովնան արք. Տէրտէրեանի:

Շքանշանը Վ. Նազիրեանին է յանձնուել Արևմտեան թեմի Սրբոց Ղևոնդեանց առաջնորդանիստ մայր եկեղեցում՝ հանդիսաւոր պայմաններում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակում նշուած է.

«Դուք աննուազ նախանձախնդրութեամբ ազնիւ ջանքեր էք ներդրել և նիւթական աջակցութիւն բերել ի նպաստ ազգօգուտ բազմաթիւ ծրագրերի, որոնք կեանքի են կոչուել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, Ռամկավար Ազատական կուսակցութեան, Թէքէեան մշակութային միութեան և այլ հաստատութիւնների կողմից: Բարի գործերի Ձեր վաստակը հարստացրել էք նաև ԱՄՆ  Հայոց Արևմտեան Թեմի մայր տաճարին և թեմական տարբեր նախաձեռնութիւնների իրականացմանն ի նպաստ կատարած բարերարութիւններով, որոնք ծառայում են մեր ժողովրդի զաւակների ազգային ու հոգևոր կեանքի զօրացմանն ու պայծառութեանը:

Ազգային և եկեղեցանուէր Ձեր արդիւնաշատ ծառայութեան բարձր գնահատականով, սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ պատուոյ բարձր շքանշանը»:

Ցուցադրուել է նաև Նազիրեանի՝ Մայր Հայրենիքում և Սփիււռքում ծաւալած հայրենանուէր, ազգօգուտ և եկեղեցանպաստ երկարամեայ գործունէութիւն և կեանքի մասին պատմող երկու ֆիլմ՝ անգլերէնով և հայերենով:

Մոնթրէալի ՌԱԿ-ը եւ Թէքէեան Մշակութային Միութեան շրջանակը ջերմօրէն կը շնորհաւորեն կուսակցական ղեկավար եւ եկեղեցւոյ եւ հայրենիքի ջերմ զօրավիգ Վարդան Նազիրեան-ը հայրապետական շքանշան ստանալուն ուրախ այս առիթով: