Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի և խաղաղութեան տօնի կապակցութեամբ։
Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած յաղթանակն իսկապէս պատմական էր։ Այդ յաղթանակն ու նրանով պայմանաւորուած խաղաղութիւնը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար:
Հայ ժողովրդի բոլոր հատուածներն այդ յաղթանակին տուեցին այն ամէնը, ինչ կարող էին և փառքով պսակեցին իրենց անունը երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպէս նաև թիկունքում, պարտիզանական կռիւներում և դիմադրական շարժումներում։
Խորին ակնածանքով այսօր մենք մեր յարգանքն ու երախտագիտութիւնն ենք յայտնում մեր վետերաններին։
Այսօր մեզ համար կրկնակի տօն է։ Մենք տօնում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Այդ փառաւոր յաղթանակը սոսկ ռազմական յաջողութիւն չէր։ Դրանով արցախահայութիւնը փրկուեց բնաջնջման վտանգից և ձեռք բերեց խաղաղ ապրելու հեռանկար։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների յիշատակի առջև և հաւաստիացնում, որ անհատի և ազգի ազատութեան ոտնահարումը չի հանդուրժուելու։ Չի հանդուրժուելու, որովհետև մեր ժողովուրդն ունի մարդասիրական իտէալներ, ազատասէր ոգի, ինչպէս նաև միասնական կամք՝ պաշտպանելու այդ իտէալները։
Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թաւշեայ յեղափոխութիւնը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացոյց է, որ մենք ունենք յստակ պատկերացում, թէ ինչ են ազատութիւնը, ժողովրդավարութիւնը և խաղաղասիրութիւնը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփիւռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպա՛րտ քաղաքացիներ,
Չեմ կասկածում, որ վերջին իրադարձութիւններով աւելի ամրապնդուած հայ ժողովրդի յաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր յաջողութիւններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով։
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս փառապանծ տօնի առթիւ և մաղթում խաղաղ երկինք, արդար ու արդիւնաւէտ աշխատանք՝ ի փառս մեր երկրի և ի բարօրութիւն մեր ժողովրդի։