Մայր Տաճարում մատուցուեց Սուրբ Ծննդեան պատարագ. ջրօրհնէքի խաչքաւորը նախարար Վիգէն Սարգսեանն էր

Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ փրկչական Աստուածայայտնութեան տօնի առիթով Յունուարի 6-ին համայն հայութեան հոգեւոր կենտրոն Էջմիածնի Մայր Տաճարում մատուցուեց հայրապետական Սուրբ Պատարագ:

Արարողութեանը ներկայ էին պետական բարձրաստիճան այրեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական եւ մշակութային հաստատութիւնների ներկայացուցիչներ:

«Արմէնփրէս»-ի փոխանցմամբ` այս տարի Հայրապետական ամպհովանին թափօրի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավերեւում պահում էին սարկաւագ-գնդերեցներ, ովքեր ամէնօրեայ հոգեւոր ծառայութիւն են մատուցում եւ պատրաստ են սպառնացող վտանգի դէպքում պաշտպանել հայրենիքը:

Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն ուղղեց համայն հայութեանը` ամէնքին փոխանցելով «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ» հրեշտակաբարբառ աւետիսը` ստանալով հաւատաւորների պատասխանը՝ «Օրհնեալ է Յայտնութիւնը Քրիստոսի», «Մեզ եւ Ձեզ մեծ աւետիս»։

 

Սուրբ Պատարագի աւարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց նաեւ Ջրօրհնէքի արարողութիւն: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնէքի Խաչի կնքահայրն էր Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը։

***

Սուրբ Ծննդեան տօնին կատարուող Ջրօրհնէքի արարողութիւնը յիշատակն է Յորդանան գետում Յիսուս Քրիստոսի մկրտութեան: «Ինքը Յիսուս իջաւ ջրի մէջ եւ ջուրը միանգամից դարձրեց մաքրող ու նորոգող: Ինքն իջաւ ջրի մէջ, մաքրեց երկրի ջրերը, որոնք պղծուած էին մարդկանց մեղքով: Արդ՝ Իր ոտքերով տրորելով՝ ջրերը մաքրեց, դարձրեց սրբող: Եւ ինչպէս նախապէս Հոգին շրջում էր ջրերի վրայ, նոյնպէս Ինքը պիտի բնակուի ջրերի մէջ եւ բոլորին պիտի ընդունի, ովքեր կծնուեն նորից: Ինքն իջաւ ջրի մէջ, որպէսզի բոլորը Հոգու միջոցով ջրում նորոգուելով՝ հրեշտակ դառնան: Եւ նոյն Հոգին մինչեւ յաւիտենականութիւն ջրով բոլորին որդեգրութեան է կոչում» (Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, Ագաթանգեղոսի երկում):

Ջրօրհնէքի արարողութեան հաստատումը վերագրում են Քրիստոսի Առաքեալներին ու եկեղեցու հայրերին: Սակայն առաջին մեծագոյն օրինակը տուեց Ինքը՝ Յիսուս Քրիստոս: Յիսուս Իր օրինակով լուսաւորեց այն մկրտութեան խորհուրդը, որով մարդը պէտք է մուտք գործէր քրիստոնէական եկեղեցի:

Նախապէս Ջրօրհնէքի արարողութիւնը եղել է միայն Երուսաղէմի եկեղեցուն յատուկ արարողութիւն եւ կատարուել Յորդանան գետի ափին: Յետագայում քրիստոնէական միւս եկեղեցիները եւս հաստատեցին այն: Ուղղափառ եկեղեցիներում սովորութիւն կայ այն կատարել գետի, լճի կամ ծովի ափին: Նախկինում Հայ եկեղեցում եւս սովորութիւն կար Ջրօրհնէք կատարել հոսող ջրերի վրայ: Յետագայում այդ արարողութիւնը փոփոխութեան ենթարկուեց: Այդ սովորութեան մասին տեղեկանում ենք Սուրբ Յովհաննէս Օձնեցու կողմից գրուած Ջրօրհնէքի մասին հետեւեալ կանոնից. «Անհրաժեշտ է, որպէսզի Յայտնութեան օրը ջրի օրհնութիւնը կատարուի, ջրի վրայ Միւռոն կաթեցուի եւ աղօթքներից յետոյ Փրկչի Յորդանան գետում մկրտուելը յիշատակուի»: Այսօր Հայ եկեղեցին ջրի օրհնութիւնը կատարում է եկեղեցում:

 

Ջրօրհնէքի արարողութիւնը սկսւում է Սուրբ Ծննդեան Պատարագից անմիջապէս յետոյ: Քահանան յատուկ աղօթքներով եւ շարականների երգեցողութեամբ օրհնում է ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Աւետարանով եւ Սրբալոյս Միւռոնով:

Այնուհետեւ՝ «Ով զարմանալի» եւ «Այսօր ձայնն հայրական» տաղերի երգեցողութեան ընթացքում, ջրի մէջ է իջեցւում Յիսուս Քրիստոսին խորհրդանշող ջրօրհնեաց յատուկ խաչը, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպէսզի ինչպէս այն ժամանակ Յորդանանում, այդպէս եւ այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով սրբի ջուրը, այն ընդունակ դարձնելով մկրտուողին մեղքերից լուանալու եւ հիւանդներին բժշկելու: Ապա ընթերցւում է Սուրբ Բարսեղ Կեսարացու հեղինակած Ջրօրհնեաց աղօթքը: Աղօթասացութիւնից յետոյ կատարւում է ջրի օրհնութիւն եւ սրբագործում. «Օրհնեսցի եւ սրբեսցի ջուրս այս նշանաւ…»: Ապա պատարագիչ քահանան «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցութեամբ Միւռոնը կաթեցնում է ջրի մէջ, ապա ջրի մէջ գցուած խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրուայ խաչի կնքահօրը: Ապա քահանան ջուրը օրհնում է Սուրբ Աւետարանով, քանի որ գրուած է. «Տիրոջ ձայնը ջրերի վրայ է» (Սաղմոս 28.3), այսինքն՝ Հօր ձայնը:

Արարողութիւնից յետոյ Սրբալոյս Միւռոնով սրբագործուած ու շնորհազարդուած ջուրը բաժանւում է ժողովրդին հոգու եւ մարմնի նորոգութեան համար:

«Հայ Ձայն»