ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑՆԵՐՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՒՍ ՍՏԱՑԱՆ “ՈՒՍՈՒՑԻՉ ՄԸ ՀՈՎԱՆԱՒՈՐԷ” ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԱԾ ՆՈՒԷՐՆԵՐԸ

Ասում են՝ եթէ որոշել ես օգնել եւ օգնում ես, ապա պատասխանատուութիւն ես ստանձնում այդ որոշման համար: Այդպէս էլ Ամերիկայի եւ Գանատայի «Թէքէեան Մշակութային Միութիւն» մեծ ընտանիքը շուրջ 18 տարի շարունակ ստանձնել եւ շարունակում է իր բարեգործական ծրագրի իրականացումը Հայաստանում եւ Արցախում Վահան Թէքէեանի անունը կրող 5 դպրոցներում: Ամէն տարի սփիւռքի մեր հայրենակիցները այցելելով դպրոցներ ուսուցիչներին եւ օժանդակ աշխատակիցներին են յանձնում «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագրի շրջանակներում հանգանակուած նիւթական աջակցութիւնը: Այս տարի այդ բարեգործական ծրագիրը իրականացուեց մայիսեան եռատօների եւ յատկապէս Սարդարապատի հերոսամարտի՝ Առաջին Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւններին ընդառաջ: Հայաստան էին այցելել սփիւռքահայ թէքէեանցիներ մասնակցելու համազգային ուրախութեանը:

Գէորգ եւ Սիլվա Քէօշկէրեանները (ԱՄՆ, Լոս Անճելըս) առաջին անգամ էին այցելում Արցախի Բեր Ձորի դպրոցի Վահան Թէքէեանի անուան թիւ 14 դպրոցը: Որքան հիացած էին Արցախի չքնաղ բնութեամբ, նոյնքան տխրեցին երբ ներս մտան դպրոցը: Տեսնելով դպրոցի տնօրէն Անահիտ Քոսակեանի եւ աշակերտների ուրախ դէմքերը, նրանք մոռացան առաջինից երրորդ յարկ ձգուող խոնաւ պատերն ու առնուազն 50 տարուայ աւերուած մանրայատակը:

Աշակերտները իրենց ցոյց տուեցին վերջին 1.5 տարում վերանորոգուած եւ լուսաւոր 4 դասարանները, պատմեցին դպրոցական առօրեայի, նոր կրթական ծրագրերի մասին: Հիւրերից ուսուցիչները շնորհակալութեամբ եւ երախտիքի խօսքերով ստացան ընծաները եւ անկեղծ պատմեցին դպրոցի կարիքներից, այն որ ջուր չունենալու պատճառով աշակերտները մինչեւ օրս օգտւում են դպրոցի բակի բացօթեայ զուգարանից, վերանորոգման եւ կահաւորման խիստ կարիք ունի նիստերի դահլիճը, որ ոչ բարւոք տանիքի պատճառով անձրեւաջրերը մշտապէս ողողում են յատկապէս երրորդ յարկի դասարանները:

Երեւանի Վահան Թէքէեանի անուան թիւ 92 դպրոց այցելեց ԱՄՆ եւ Գանատա ԹՄՄ Կեդրոնական վարչութեան նախագահ Երուանդ Ազատեանը (ԱՄՆ, Տիթրոյթ) ուղեկցութեամբ վարչականներ Յակոբ Վարդիվառեանի (ԱՄՆ, Նիւ Եորք), Գէորգ եւ Վարդիթեր Մարաշլեանների, Արամ Արքունի (ԱՄՆ, Պոսթոն): Թէքէեանցիները ուսուցիչներին շնորհակալական խօսքերով էին յանձնում նրանց նուէրները: Նրանք էլ իրենց հերթին էին շնորհակալութիւն յայտնում գնահատուած լինելու համար: Տնօրէնուհի Ծովինար Մարդանեանը հպարտութեամբ էր խօսում աշակերտների յաջողութիւնների, օլիմպիադաներում նրանց նուաճումների մասին: Այս ամէնով հանդերձ, անհրաժեշտ է նորոգել նախակրթարանը, հիմնովին վերացնել պուֆեթի հակասանիտարական վիճակը:

Մասնակցութեամբ Յակոբ Վարդիվառեանի եւ Վարդիթեր Մարաշլեանի, Գիւմրու եւ Ստեփանաւանի Վահան Թէքէեանի անուան դպրոցների այցելութիւնների օրերին դպրոցներում տեղի էր ունենում Վերջին զանգի արարողութիւնը: Ուսուցիչներին յղուած աշակերտների շնորհակալութիւններին ու գնահատանքներին միացան նաեւ հիւրերը: «Երախտապարտ ենք ձեզ ձեր ներդրման, անմնացորդ նուիրումի համար. դուք էք, որ համբերատար դաստիարակում ու կրթում էք մատաղ սերնդին պատրաստելով նրանց մուտքը նոր կեանք», իր խօսքում կարեւորեց Յ. Վարդիվառեանը: Կարբիի դպրոցի տնօրէն Արսէն Օհանեանը հիւրերին ուղեկցեց եւ ցոյց տուեց դպրոցի հանդիսութիւնների սրահի աթոռները, որոնք 10 տարի առաջ նուիրուել էին ԱՄՆ-ի եւ Գանատայի ԹՄՄ կենտրոնական վարչութեան գործադիր տնօրէն Մարօ Պետրոսեանի ընտանիքի կողմից, սակայն այսօր առաւել հրատապ է դարձել դպրոցի տանիքի վերանորոգումը, որը կառուցուել է 1973 թուականին: Ի հարկէ դպրոցների պարբերական նորոգումները հրատապութիւն են ենթադրում եւ մեր բոլորի կողմից ցուցաբերուող սրտացաւութիւնն ու հոգածութիւնը, շարունակուող նպատակային ներդրումները իրապէս եւ որոշակի կերպով նպաստելու են վաղուայ Հայաստանի քաղաքացու համար բարեկեցիկ ուսումնական միջավայրի ստեղծմանը:

Գայանէ Մուրատեան

Երեւան-Բեր Ձոր- Կարպի- Գիւմրի-Ստեփանաւան