Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն կը տեղեկացնեն, որ Վիգէն Սարգսեան յայտարարած է, թէ կը հրաժարի Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի պաշտօնակատարի իր պաշտօնէն:
Ան զինուորներուն դիմած է հետեւեալ ուղերձով.
«Յարգարժա՛ն զօրավարներ, սպանե՛ր, քաղաքացիական յատո՛ւկ ծառայողներ, զինուորնե՛ր, վեթերաննե՛ր եւ կրտսերնե՛ր,
Ռազմամարզական վարժարաններու սանե՛ր,
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տօների եւ պաշտպանութեան բանակի կազմաւորման տարեդարձի առթիվ: Խոնարհում եւ երախտագիտութիւն մեր բոլոր վեթերաններին, յաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտ առաջնորդի յաղթական ոգին եւ Հայրենիքն ամէն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը:
Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձութիւնների բերումով իմ նախատեսածից շուտ եկաւ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:
Այդպէս ճիշդ է: Նախարարը քաղաքական պաշտօնեայ է, եւ նրա աշխատանքը արդիւնաւէտ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժութեան, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամութեան հետ կապուած հարց է. հասարակութեանը կարելի է եւ պէտք է պիտանի լինել անկախ դիրքից եւ պաշտօնից: Եւ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով եւս շարունակելու եմ իմ այդ ծառայութիւնը:
Երբ Հայոց բանակի հիմնադրման եւ Արցախեան հերոսամարտի ակունքներում կանգնած նախագահ Սերժ Սարգսեանից ստացայ պաշտպանութեան նախարարութիւնը գլխաւորելու առաջարկը, գիտէի, թէ ինչ պատասխանատուութիւն եմ ստանձնում` կազմակերպել մեր նուիրական Հայրենիքի պաշտպանութիւնը, տէր կանգնել Արցախեան հերոսամարտի մեր յաղթանակներին եւ մեր ժողովրդի անվտանգութեանը: Սակայն, չնայած իմ երկարամեայ փորձին, չէի էլ կարող կռահել, թէ ինչպէս կը փոխուի իմ ամբողջ կեանքը, որքան կը կարեւորուի հանրայինը եւ կ’երկրորդայնացուի անձնականն իմ այս կարգավիճակում:
Իմ ողջ մասնագիտական կեանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնւօրէն եւ ուժերիս առաւելագոյն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունէութեան հանրագումարն անգամ չի կարող համեմատուել ձեզ հետ եւ ձեր կողքին իմ երկրի անվտանգութեանը ծառայելու գէթ մէկ օրուայ հետ:
Պաշտպանութեան նախարարի իւրաքանչիւր օրն սկսւում է օպերատիւ հերթապահի զեկոյցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առաւօտեան 6:30-ին: Շատերը զարմանում եւ տարօրինակ մի բան էին տեսնում դրա մէջ, բայց դա մեծ զոհաբերութիւն չէր: Պարզապէս չէի կարող հանգիստ քնել, երբ գիտէի, որ նոյն ժամին Մեհրաբից մինչեւ Մեղրի եւ Գիւմրիից մինչեւ Ստեփանակերտ իմ տասնեակ հազարաւոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զօրանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ աւարտւում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահութիւն իրականացնողներդ եւ ձեր հպարտ, աղօթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղօթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թէ ինչ վիճակ է առաջնագծում:
Ինչո՞ւ եմ շեշտում այս առաւօտեան զեկոյցն ու երեկոյեան հեռախօսազանգը: Ուզում եմ՝ իմանաք եւ վստահ լինէք, որ որքան էլ ձեզ հեռու են թւում պաշտպանութեան նախարարութիւնն ու գլխաւոր շտաբը, ամէն օր հարիւրաւոր մարդիկ ձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձեր յաջողութիւնների եւ վրիպումների, սխրանքների եւ սխալների, միջադէպերի եւ հիւանդութիւնների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետ տխրում: Որպէս պաշտպանութեան նախարար՝ պահանջում, իսկ որպէս ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակէք ծառայել այնպէս, որ մեր հանրութիւնը միշտ հպարտանայ եւ երբեք առիթ չունենայ վշտանալու ձեր ծառայութեան պատճառով:
Անցեալ տարի՝ այս նոյն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դէպք նկարագրելով եւ խնդրելով կտրուկ բարձրացնել զգօնութիւնը: Դրան հետեւեց բոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խօսքին, եւ 2017-ին ու այս տարուայ չորս ամիսների ընթացքում արձանագրեցինք պատահարների կտրուկ նուազում:
Բայց չկայ նուազման այնպիսի շեմ, որը երբեւէ գոհացնի ինձ եւ մեր հասարակութեանը: Որովհետեւ մենք ձգտում ենք տեսնել ոչ թէ պարզապէս կանոնապահ, այլ իտէալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թոյլին ոչ թէ նուաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետեւ մեր հասարակութիւնն ուզում է, որ բանակը լինի ոչ թէ իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած իւրաքանչիւր քաղաքացի լինի աւելի համարձակ, աւելի ուժեղ, աւելի հմուտ:
Պաշտպանութեան կազմակերպումը ծանր գործ է` ամէն վայրկեան գիտակցում ես, որ քո արածից եւ չարածից, հասցրածից եւ չհասցրածից, ճիշդ կամ սխալ որոշումից կախուած են տասնեակ, հարիւրաւոր, երբեմն էլ հազարաւոր մարդկանց կեանքեր: Իւրաքանչիւր օր ունես նոր, հետաքրքիր անելիք` ռազմական գիտութիւնից եւ արդիւնաբերութիւնից, սպառազինութիւնից եւ ռազմական տեխնիկայից մինչեւ ինժեներական աշխատանքներ եւ շինարարութիւն, թիկունքային ապահովումից մինչեւ ռազմական բժշկութիւն, կրթութիւնից մինչեւ քատրային որոշումներ եւ ռազմական դիւանագիտութիւն: Գործ ունես ամենատարբեր մարդկանց հետ:
Ի դէպ՝ մարդկանց մասին: Ես այս տարիների ընթացքում, իրոք, ուժեղացայ չափազանց հետաքրքիր եւ առանձնայատուկ մարդկանց հետ աշխատելու շնորհիւ: Առաջին հայացքից՝ քաղաքացիական մարդու համար բարդ է զինուորականին հասկանալը` շատ տարբեր է բազմաթիւ երեւոյթների ընկալումը: Բայց իսկական զինուորականը շատ խորը ներաշխարհ ունենալու հետ մէկտեղ նաեւ շատ պարզ է եւ շիտակ, արդար է եւ ուժեղ: Իսկ այդպիսի մարդկանց հետ գործ ունենալը միշտ հաճելի է:
Յարգարժա՛ն սպաներ, շնորհակալ եմ ձեր երկարամեայ բարդ եւ վտանգներով լի ծառայութեան եւ Հայրենիքի պաշտպանութիւնը կեանքի առաքելութեան վերածելու համար: Դուք մեր ազգի ողնաշարն էք: Ամո՛ւր եղէք, եւ մեր պետութիւնը միայն առաջ կ’ընթանայ: Կրկնեմ իմ մեծ խնդրանքը ձեզ` մաքուր եւ անաղարտ պահէք ձեր սրբազան գործը: Եղէք խստապահանջ ձեր եւ ձեր մարտական ընկերների նկատմամբ, երբեք մի՛ հանդուրժէք հայ սպայի որեւէ զանցանք, որեւէ անպարկեշտութիւն, որեւէ թուլութիւն: Որպէս ընկեր՝ դուք արագ կարող էք ուղղել վիճակը եւ դրանով կանխել աւելի մեծ խնդիրներ: Ինքս հետեւել եմ այդ կանոնին եւ, աւարտելով ծառայութիւնս, կարող եմ վստահ ասել` այս ամբողջ ընթացքում թոյլ չեմ տուել որեւէ քայլ, որի համար ամաչեմ:
Մեզ յաջողուեց արդիւնավւէտօրէն պայքարել կոռուպցիոն ռիսքերի դէմ: Ի հարկէ, այդ պայքարը դեռ շատ ջանքեր է պահանջում, բայց ես հպարտ եմ, որ այս տարիների աւարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակի մատակարարների, կապալառու շինարարական կազմակերպութիւնների մէջ չկայ որեւէ մէկը, որը կարողանայ գոնէ քմծիծաղ տալ այս խօսքերն ինձանից լսելով:
Չէի ուզենայ խօսքս հաշւէտուութեան վերածել, որովհետեւ ի սկզբանէ աւելի շուտ ձեզ հետ կիսուելու նպատակ ունէի, սակայն անկեղծ ասած՝ մի շարք ուղղութիւններում մեր համատեղ աշխատանքով, իրոք, հպարտ եմ: Մենք աւարտին ենք հասցնում առաջնագիծը տեսադիտարկման համակարգով յագեցնելու գործը, գերժամանակակից եւ ճշգրիտ սպառազինութիւն եւ ռազմական տեխնիկա ենք ներդրել մարտական հերթապահութեան, կտրուկ բարձրացրել ենք գնումների արդիւնաւէտութիւնը` հսկայական գումարներ վերաբաշխելով դէպի սպառազինման ծրագրեր: Ամբողջութեամբ վերանայել ենք իրաւական դաշտը եւ ներդրել բանակի արդիականացման 7-ամեայ ծրագիրը: Նոր շունչ ենք տուել ռազմարդիւնաբերական համալիրին: Մենք մեր պատանիների համար բացել ենք Հայաստանի լաւագոյն աւագ դպրոցի` Մոնթէ Մելքոնեանի անուան ռազմամարզական վարժարանի դռները եւ ամենալաւ պայմաններով կահաւորել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը մեր հերոս տղաների համար: Զոհուածների ընտանիքների եւ զինհաշմանդամների համար գտանք տարիներով թղթի վրայ մնացած` բնակաւորման խնդրի լուծումը եւ ողջ հանրութեան հետ մի բռունցք դարձանք՝ նրանց նիւթական լուրջ աջակցութիւն ցուցաբերելու համար` 1000plus.am հիմնադրամի միջոցով: Մեր քաղաքացիների համար ստեղծեցինք զինծառայութիւնն ու բարձրագոյն կրթութիւնը, ինքնուրոյն կեանք վստահ մտնելու հնարաւորութիւնները համադրող ծրագրեր, որոնք արդէն իսկ կտրուկ փոխել են բանակից երիտասարդների ակնկալիքները: «Ես եմ» եւ «Պատիւ ունեմ» ծրագրերը նորարարական են եւ գրաւիչ` միջազգային չափանիշներով: «Զինուորից սպա» ծրագիրն էլ նոր է մեկնարկելու` ծառայութեան ընթացքում սպայական մասնագիտութիւնն ընտրող մեր զինուորների համար: Մենք անցկացրինք մեր զինուած ուժերի պատմութեան մէջ խոշորագոյն զօրավարժութիւնները եւ սկսեցինք զօրքերի կառուցուածքի խորքային վերանայում՝ արդիւնաւէտութեան բարձրացման նպատակով: Նախանշեցինք զինուորական կոմիսարիատների աշխատանքը բարեփոխելու համապարփակ ծրագիր:
Հպարտ եմ, որ իմ յաջորդին եմ փոխանցում աւելի ամուր, աւելի արդիւնաւէտ, աւելի մարտունակ բանակ: Փոխանցում եմ զգալիօրէն աճած պիւճէով, ընդլայնուած ենթակառուցուածքով, բարելաւուած վիճակագրութեամբ բանակ` այն աչքի լոյսի պէս պահելու եւ միայն առաջ, դէպի յաղթանակներ ընթանալու մաղթանքով:
Ցաւում եմ, որ շատ ծրագրեր, յատկապէս՝ զինծառայողների սոցիալական պաշտպանութեան ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Ես մանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանութեան յաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացման ֆինանսական աղբիւրներն ու իրաւական կարգաւորումները եւ պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան եւ բոլոր ապագայ նախարարներին` մեր երկրի անվտանգութիւնն էլ աւելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Յոյսով եմ, որ նրանք էլ հետեւողական կը լինեն մեկնարկած ծրագրերը զարգացնելու եւ յաջողութեամբ կեանքի կոչելու հարցում: Նոյնիսկ եթէ մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, ես անկեղծ ցանկանում եմ, որ ինձ յաջորդող նախարարը անպայման յաջողի, քանի որ դա կը նշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ աւելի բարւոք վիճակում կը փոխանցի իր յաջորդին եւ մեր սերունդներին:
Շնորհակալ եմ բոլորիդ եւ իւրաքանչիւրիդ` շարքայինից մինչեւ կեներալ, նախարարութեան քաղաքացիական յատուկ ծառայողներից մինչեւ զինուած ուժերի գլխաւոր շտաբ, իմ քաղաքական եւ հայեցողական թիմերին, մեզ հսկող հասարակական կազմակերպութիւններին եւ մամուլին, բանակի կողքին միշտ ամուր կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներին եւ բնակիչներին, բոլոր ժամանակների վեթերաններին եւ ոչ պակաս` իմ եւ մեր բոլոր զինծառայողների համբերատար ընտանիքներին՝ մեր ընդհանուր գործը պատուով կատարելու համար:
Աստուած պահապան մեր զինուորին եւ սպային,
Մեր Ազգ-բանակին, Հայաստանին եւ Արցախին:
ՊԱՏԻՒ ՈՒՆԵՄ»: