2017 թ. Դեկտեմբերի 12-ին Ռամկավար Ազատական Կուսակցութեան գրադարան-ընթերցարանում տեղի ունեցաւ կլոր սեղան-քննարկում նուիրուած Մեծ հայրենադարձութեան 70-ամեակին: Քննարկմանը ներկայ էին Մայր Աթոռի, գիտական մտաւորականութեան և ԶԼՄ-ների մեծ թուով ներկայացուցիչներ¸ այդ թուում՝ Գերշ. Փառէն Արք. Աւետիքեանը¸ Հոգշ. Կոմիտաս վրդ. Յովնանեանը¸ Ակադ. Նիկոլայ Յովհաննիսեանը¸ պատմաբաններ¸ սոցիոլոգներ¸ հին ու նոր հայրենադարձ անձնաւորութիւններ:
Ողջունելով ներկաներին եւ զգուշացնելով 70-ամեակը նշելու նախաձեռնութեան սխալ՝ քաղաքականացուած մեկնաբանութիւններից¸ միաժամանակ շեշտելով¸ որ ՌԱԿ-ը զգալի աւանդ է ներդրել բոլոր հայրենադարձութիւնների կազմակերպման գործում¸ ՌԱԿ ատենապետ Յակոբ Աւետիքեանը կլոր սեղանը վարելու համար ձայնը տուեց պատ. Սուրէն Սարգսեանին:
Ողջունելով և շնորհակալութիւն յայտնելով ներկաներին հրաւէրն ընդունելու և մասնակցութեան համար` Ս. Սարգսեանը պատճառաբանեց 70-ամեակի հանգամանքը, նշելով, որ թէև հիմնախնդրի վերաբերեալ առկայ են զգալի թուով ուսումնասիրութիւններ, սակայն դեռևս կան բազմաթիւ հարցեր, որոնք կարօտ են և սպասում են իրենց լուսաբանմանը:
Ապա վարողը ելոյթի հրաւիրեց գլխաւոր զեկուցող, ԵՊՀ Սփիւռքի պատմութեան ամպիոնի վարիչ, պատ. Արման Եղիազարեանին: Հիմնախնդրի բոլոր ծալքերին քաջատեղեակ զեկուցողը ներկայացրեց հայրենադարձութեան եզրոյթի էութիւնը և պարզաբանեց դրա հետ շաղկապուած մեծ թուով խնդիրներ: Այնուհետև զեկուցողին ուղղուեցին բազմաթիւ հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ: Ծաւալուեց նաև մտքերի աշխոյժ փոխանակութիւն, որի ընթացքում հրաւիրեալներն իրենց մասնագիտական տեսանկիւններից արժէքաւոր դիտարկումներ կատարեցին և հանդէս եկան հետաքրքրական առաջարկութիւններով:
Վերջում ամփոփելով քննարկումները Ս. Սարգսեանը ևս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնեց ներկաներին ակտիւ ու սրտացաւ մասնակցութեան համար և աւելացրեց. այս քննարկումը ցոյց տուեց, որ նման միջոցառումներն անկասկած անհրաժեշտ են, ուստի կաշխատենք նմանատիպ նախաձեռնութիւններով ապագայում ևս պարբերաբար հանդէս գալ: