Սերժ Սարգսեանն ամէն գնով ուզում է խուսափել պատերազմից, բայց Աղտամը, Ֆիզուլին, Ճեպրայիլը, Զանգելանը և Ղուպաթլուն Արցախի պատմական տարածքներն են. Նորատ Տեր-Գրիգորեանց

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տէր-Գրիգորեանցը համոզուած է, որ Արցախի ազատագրուած տարածքները մեր պատմական հայրենիքի մի մասն են, և դրանք վերադարձնելու շուրջ բանակցութիւններն ուղղակի անընդունելի են: Գեներալ-լեյտենանտը Hayeli.am-ի հետ զրոյցում յայտարարեց, որ պատերազմի ընթացքում ձեռք բերուած ցանկացած տարածք մնում է յաղթող կողմին. պատմութեան ընթացքում չի եղել մի դեպք, երբ պատերազմում հող վերցնեն ու յետոյ այն վերադարձնեն՝ նման բան չի եղել ու չի լինի: «Ես լաւ տեղեակ չեմ, թէ Ղարաբաղի հարցով քաղաքական ինչպիսի պայմանաւորուածութիւններ կան, որքանով որ հասցրել եմ հետևել, տեղեկութիւններն ու կարծիքները շատ տարբեր են: Լրատուամիջոցները այլ բան են գրում, քաղաքական գործիչները այլ բան են ասում… բայց իբրև զինուորական՝ ես գիտեմ  մի բան՝ Աղտամը, Ֆիզուլին, Ճեպրայիլը, Զանգելանն ու Ղուպաթլուն հին  Արցախի պատմական տարածքներն են, որոնք մենք ազատագրել ենք արդար պայքարով՝ մեր  արեամբ: Ես դէմ եմ հողեր վերադարձնելու մասին բոլոր տեսակի խօսակցութիւններին և այդ հարցի շուրջ ցանկացած բանակցութեան: Եթէ  Ատրպէյճանը խօսում է 5 շրջանների մասին, իսկ ինչու չի խօսում Մարտունի, Մարտակերտի ու Շահումեանի շրջանների մասին, ինչու չի խօսում Նախիջևանի մասին: Ինչու նրանք մեզ Նախիջևանը չեն վերադարձնում… եթե նրանք այսօր Զանգելանն են ուզում, վաղն էլ Շուշին են ուզելու: Յատկապէս այսօր որևէ տարածք վերադարձնել՝ կը նշանակի թոյլ տալ, որ նրանք մեզ խեղդեն, մենք ուղղակի կը վերանանք այս աշխարհի երեսից:

Ես կտրականապէս դէմ եմ հողեր վերադարձնելու գաղափարին. մենք ոչ մէկին ոչ մի հող չունենք տալու: Բնակչութեան թուով ու ռազմական պոթենցիալով Հայաստանից ու Ղարաբաղից մի քանի անգամ հզօր ու մեծաթիւ Ատրպէյճանը ագրեսիա է կատարել Ղարաբաղի նկատմամբ, և մեր ժողովուրդը հայրենական պատերազմում յաղթանակ է տարել: Մենք ժամանակին պիտի հասնէինք նրան, որ ստանայինք կապիտուլացիայի պայմանագիր, և ոչ թէ համաձայնուէինք այդ անկենսունակ հրադադարի պայմանագրին:

Նրանք այսօր էլ շարունակում են մնալ նոյն ագրեսորն ու տեռորիստը, նրանք դիրքում քնած զինուորին գլխատում են, որն արգելուած է ռազմական բոլոր օրէնքներով: Նման տեռորիստ պետութեան հետ ինչպէ՞ս կարելի է բանակցել: Ալիևը յայտարարում է, որ ինքը թոյլ չի տայ երկրորդ հայկական պետութիւն: Դու ո՞վ ես, ա՛յ սրիկա, որ թոյլ տաս կամ չտաս, մեր պատմական հողերի տէրը մենք ենք»,- յայտարարեց գեներալ-լեյտենանտը:

Մեր այն հարցին, թէ որն է այդ պարագայում ելքը, առաւել ևս եթէ մեր ղեկավարութիւնը համաձայնութիւն է տուել Կազանի փաստաթղթին, Նորատ Տէր-Գրիգորեանցը պատասխանեց. «Ելքը բանակցութիւններ են ու շարունակական պայքարը: Հասկանում եմ նաև, որ Հայաստանի նախագահը՝ Սերժ Սարգսեանը  ամէն գնով ուզում է խուսափել պատերազմից, բայց պատերազմի ժամանակ զոհւում են նաև հակառակորդի զինուորները՝ պատերազմը ոչ ոքի երջանկութիւն չի բերում: Ես մի բան գիտեմ, որ մեր ժողովուրդը պիտի ամէն գնով պահի իր տունն ու տեղը, իր ընտանիքը, այլ ելք չկայ: Իսկ պարոն Նալպանդեանը ոչ թէ պէտք է բանակցութիւնների գնայ Ատրպէյճանի հետ, այլ պիտի աշխարհին ապացուցի ու բացատրի, որ Արցախը հայկական հող է, որ Արցախը անկախացել է ժողովրդավարական բոլոր օրէնքներով, և պէտք է հասնի նրան, որ ԵԱՀԼ Մինսքի խումբը ընդհանրապէս երես թէքի Ատրպէյճանից, որովհետև յատկապէս վերջին՝ ապրիլեան պատերազմի ժամանակ նրանք տեռորիստական քայլեր են արել, որոնք պէտք է պատժուեն զինուորական տրիբունալի կողմից. քանի դեռ Ատրպէյճանը իր արարքների համար չի պատժուել /չէ՞ որ նա միշտ առաջինն է խախտում հրադադարը, չէ՞ որ նա խաղաղ բնակչութեանը խոշտանգել է/, ի՛նչ բանակցութեան մասին է խօսքը»:

Ինչպէ՞ս է վերաբերւում նախ ռուսական, ապա նաև հայկական բանակի գեներալ Նորատ Տէր-Գրիգորեանցը Քրեմլի պաշտօնական քաղաքականութեանը Հայաստանի հանդէպ, արդեօք տպաւորութիւն չունի՞, որ Քրեմլը երես է թէքում Հայաստանից. «ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնում եմ՝ երբ Ռուսաստանը զէնք է վաճառում Ատրպէյճանին, ես այդ քաղաքականութեանը դէմ եմ: Ինձ համար ընդունելի չէ այն հիմնաւորումը, թէ Ատրպէյճանը փող ունի և ուրիշներից էլ կարող է զէնք առնել: Թող առնի ումից ուզում է… բայց երբ Ռուսաստանն է նրան զէնք վաճառում, յատկապէս եթէ խօսքը գերհզօր յարձակողական զէնքերի մասին են, և դա թոյլ է տալիս Էրտողանին ասելու. «Թող հայերն իմանան, որ իրենց վրայ կրակում են ոչ թէ թուրքական, այլ ռուսական զէնքով», ես այդ քաղաքականութիւնը չեմ կարող ընդունել: Ես նաև չեմ ընդունում, երբ Հայաստանում զէնքի վաճառքի պատճառով հակառուսական տրամադրութիւններ են ստեղծւում: Քաղաքական գործընթացները այլ բան են, բայց մենք երբեք իրաւունք չունենք մտածելու, որ ռուսները մեր բարեկամները չեն: Եթէ մենք այդպէս մտածենք, կը նշանակի՝ աշխարհում բոլորը մեր թշնամին են, և մենք բարեկամ չունենք: Դա անթոյլատրելի մտածողութիւն է»,- նշեց Նորատ Տէր-Գրիգորեանցը՝ կրկնելով, որ ելքը ոչ թէ մեղաւորներ փնտռելն է, այլ դիւանագիտական ճկունութիւնը, տնտեսութեան զարգացումն ու բանակի հզօրութեան ամրապնդումը:

Կարինէ Սարիբէկեան