Ռամկավար Ազատական Կուսակցութեան Յայտարարութիւնը

Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու եւ, նոյնհետայն, իր երկրի դեսպանատունը այնտեղ փոխադրելու Մ. Նահանգների նախագահի որոշումը, ինչպէսեւ սպասւում էր, ծայրայեղ լարուածութեան մատնեց ողջ տարածաշրջանը, որն արդէն վերջին տասնամեակում գտնւում է անօրինակ խռովայոյզ վիճակում եւ դարձել է արիւնալի բախումների, քանդումների ու բռնագաղթերի թատերաբեմ: Տոնալտ Թրամփի այդ որոշումը այժմ սպառնում է նոր արիւնայեղութիւններ, նոր տառապանքներ բերել տարածաշրջանի ազգաբնակչութիւններին, որոնցից զերծ չեն մնալու նաեւ Միջին Արեւելքի հայագաղութները:

Մեր կարծիքով, սպառնալիք է կախուած նաեւ Հայկական Երուսաղէմի գլխին, ոչ միայն տեղի՝ արդէն նոսրացած մեր գաղթօճախի, այլ մանաւանդ՝ Հայոց պատրիարքութեան, Սուրբ քաղաքում նրա դարաւոր ներկայութեան, նրա նիւթական ու հոգեւոր անգնահատելի հարստութիւնների գլխին: Նախագահ Թրամփի որոշումը, դրան հետեւելիք իսրայէլական իշխանութիւնների «կարգադրութիւնները» սպառնում են խախտել փխրուն հաւասարակշռութիւնը, որ գոյութիւն ունի Հին Երուսաղէմի միջկրօնական եւ ազգամիջեան համագոյակեցութեան ասպարէզում, խախտելու է դարաւոր կարգավիճակները, որոնցից տուժելու է Ս. Յակոբեայ վանքը, մեր միւս սրբատեղիները:

Այստեղ աւելորդ ենք համարում վերստին յիշեցնել Հայկական Երուսաղէմի դիրքի կարեւորութիւնը քրիստոնէական երեք մեծ եկեղեցիների մէջ: Կարեւոր եւ, հետեւաբար, առաւել խոցելի՝ նաեւ իր թոյլ պաշտպանուածութեամբ: Ուստի՝ առաւել ենթակայ արտաքին ոտնձգութիւնների, իրաւունքների ոտնահարման:

Նկատի ունենալով այս եւ այլ հանգամանքները, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնը առաջարկում է Երեւանում ստեղծել արտակարգ լիազօրութիւններով օժտուած պետական ու կրօնական կենտրոնական շտապ, պետական ու եկեղեցական ներկայացուցիչների մասնակցութեամբ, որը կը համակարգի արտաքին ու ներքին բոլոր աշխատանքները ի խնդիր Հայկական Երուսաղէմի, Հայոց պատրիարքութեան պաշտպանութեան, իր աշխատանքները համակարգելով առաջին հերթին Հայոց պատրիարքութեան, հայկական միւս դաւանանքների ղեկավարութիւններին, ինչպէս նաեւ քրիստոնէական բոլոր եկեղեցիների ու կենտրոնների, աշխարհի գլխաւոր մայրաքաղաքների հետ:

 

Կենտրոնական Վարչութիւն

Երեւան, 12 Դեկտեմբեր 2017 թ.