ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆ. «Սփիւռքը Հայրենիքից է սնւում, եթէ աւիշը չկայ, Սփիւռքից միայն անունը կը մնայ»

«Ապագայ հայկական» համաժողովը 3 օր՝ Մարտի 10-12-ը, նոյն յարկի տակ համախմբեց մօտ 200 մասնակցի, որոնցից 100-ը Սփիւռքի տարբեր գաղթօճախներից էին, ներկայացնում էին մասնագիտական  տարբեր ոլորտներ: Արցախցի գործիչները չկարողացան ներկայ լինել Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով:

«Ապագայ հայկականը» ծրագրում է կազմել հայկական ներուժի համախմբման, հասցէական օգտագործման, զարգացման հեռանկարը: Համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել պատմաբան, Միացեալ Նահանգների եւ Գանատայի ԹՄՄ-ի Կենտրոնական վարչութեան Պոսթոնի գրասենեակի վարիչ-քարտուղար, The Armenian Mirror Spectator թերթի գործադիր խմբագիր՝ Արամ Արքունը:

«Ազգ»ն օգտուեց Արամ Արքունի Հայաստանեան այցից՝ մեր ընթերցողին ներկայացնելու նրա դիտարկումները, Հայաստանեան իրականութիւնն ընդգրկող սփիւռքահայի հայեացքն ու աշխարհաքաղաքական վերլուծութիւնները:

«Ապագայ հայկականի»՝ հեռանկարները

Վերջին անգամ քովիտից ու պատերազմից առաջ էի եկել Հայաստան: Ես չեմ ապրում Հայաստանում, բայց  ուզում եմ Հայաստանին օգնել:

«Ապագայ հայկականի» շրջանակում  ինձ  համար շատ հետաքրքրական էր հանդիպել Ղազախստանի, Թուրքիայի, եւրոպական երկրների մասնակիցների հետ, լսել նրանց կարծիքը հայկական լաւատեսական ապագայ ստեղծելու վերաբերեալ: Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, հայ ինքնութեան, մշակոյթի պահպանման,  Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման հարցերից բացի,  քննարկուեցին նաեւ ժողովրդագրական  խնդիրներ: Հայաստանում ծնելիութեան ցուցանիշն իջել է, ի՞նչ պէտք է անել, որպէսզի աւելի շատ երեխաներ  ծնուեն: Այս թեմաների վերաբերեալ եռօրեայ քննարկումներ եղան՝ ինչ միջոցներ են  պէտք առաջ քաշել, ինչ գաղափարներ ներդնել, որպէսզի հայութեան ապագան վտանգող այս խնդիրները լուծուեն:

Համաժողովի մասնակիցներից իւրաքանչիւրը  պէտք է շարունակի   իր երկրում, իր միջավայրում աշխատել, իր կապերն օգտագործել, որպէսզի քննարկումները գործնական շարունակութիւն ունենան:

Առանց Հայաստանի ու Արցախի կառավարութեան մասնակցութեան, իմ կարծիքով, հնարաւոր չէ ծրագրերն իրականացնել, պէտք է պետութիւնը եւս ներգրաւուած լինի ռազմավարական գաղափարների իրականացման գործընթացում: Ոլորտները տարբեր են՝ տնտեսական, քաղաքական, մշակութային: Պէտք է Հայաստանի ապագայի ռազմավարութիւն ընտրել, խնդիրները համակարգել ու միջոցներ գտնել դրանք լուծելու համար:
«Ապագայ հայկականը» 110 հազար անուն է հաւաքագրել, նրանք մարդիկ են,  որոնք կարող են  մեծ դեր ունենալ հայութեան ապագայի զարգացման գործում:

ԹՄՄ-ը լիովին համապատասխանում է «Ապագայ հայկականի» գաղափարախօսութեանը
Թէքէեան Մշակութային Միութիւնը տասնամեակներ շարունակ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ կամրջի դեր է կատարում: Մեր կառոյցը մշտապէս՝ նախկինում էլ, հիմա էլ, հայութեան կեանքի տարբեր ոլորտներում ներգրաւուած է, այսինքն՝ իր բնոյթով լիովին համապատասխանում է «Ապագայ Հայկականի» ձեւաչափին:

Բացի այդ, The Armenian Mirror-Spectator թերթն էլ իր հերթին է հայանպաստ գործունէութիւն վարում, հայկական կեանքի խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրաւէրները վեր հանում: Մեր թերթի խմբագրակազմն աշխատում է  Հայաստան-Սփիւռք խաչմերուկ ստեղծել ու փոխադարձ հայեացքներով ներկայացնել Մայր Հայրենիքն հայկական գաղթօճախներին եւ օտարներին:

 

Բարդ ու բազմաշերտ Սփիւռքը

Սփիւռքը շատ բարդ կառոյց է: Այն մէկ երկիր չէ, որ բացատրես, թէ ինչ առանձնայատկութիւններ ունի: Տնտեսական, քաղաքական առումներով բազմաթիւ ճեղքուածքներ ունի Սփիւռքը:

Հայերս նոյն կրօնն ենք դաւանում, սակայն ունենք 2 եկեղեցի՝ մէկը պաշտօնապէս ենթակայ է Էջմիածնին, միւսը՝ Կիլիկիոյ կաթողիկոսարանին: Նիւ Եորքում երկու առաջնորդարան կայ: Պոսթոնում էլ երկու եկեղեցի կայ, մէկը պատկանում է  Անթիլիասին, միւսը՝ Էջմիածնին: Ժամանակին անգամ ընտանիքներ են բաժանուել այս հողի վրայ, որովհետեւ հայկական տարբեր եկեղեցիների են պատկանել: Նոր սերնդի մէջ դաւանանքի  հարցն այդքան էլ սուր չի դրուած,   բայց կան աւանդական տարբեր կուսակցութիւններ՝ Հնչակեան, Ռամկավար, Դաշնակցական եւ Համայնավարական: Անգամ մշակութային նախաձեռնութիւններն են բաժանւում՝ ըստ կուսակցութիւնների ու եկեղեցական պատկանելութեան: Էջմիածնական եկեղեցի յաճախողները մասնակցում են Թէքէեան Մշակութային Միութեան կամ ՀԲԸՄ-ի միջոցառումներին, իսկ Անթիլիասին պատկանողները մասնակցում են «Համազգայինի» նախաձեռնութիւններին: Այս բաժանումների հետքերը մինչեւ հիմա էլ կան: Իրաքից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից Ամերիկա տեղափոխուած նորեկները միշտ խնդիրներ են ունենում «հնաբնակների» հետ:
Հայաստանից ԱՄՆ տեղափոխուածները հայ համայնքին կամաւորութեան սկզբունքով օգնելու, ծառայելու սովորութիւն չունեն, եկեղեցի էլ տարին մէկ անգամ են այցելում: Նրանք Սփիւռքի աւանդական կառոյցներում չեն ներգրաւուում: Մէկ այլ խնդիր է՝ շաբաթօրեայ դպրոցում ո՞ր լեզուով դասաւանդուի՝ արեւելահայերէ՞ն, թէ՞ արեւմտահայերէն:

Սփիւռքում կողք կողքի ապրում է հայերի 4 սերունդ: Խառնամուսնութիւնների պատճառով 1/4- ով են  հայ մնացել, բայց շարունակում են եկեղեցի յաճախել: Ինչպէ՞ս մասնակցեն պատարագին, եթէ հայերէն չեն հասկանում: Ոմանք պնդում են, որ պատարագը պէտք է մատուցուի անգլերէն, ինչպէս կաթոլիկները լատիներէնը թողեցին, ու հիմա տարբեր լեզուներով են պատարագ մատուցում: Շատ սփիւռքահայեր մայրենի լեզուով չեն խօսում, պատարագի լեզուն էլ չեն հասկանում:

Խնդիրներն այնքան շատ են, բայց Հայաստանում ապրողը չի կարող պատկերացնել դրանց բազմազանութիւնը, եթէ չի ապրել Սփիւռքում:

 

The Armenian Mirror-Spectator-ի մասին

The Armenian Mirror-Spectator թերթն ունի տարբեր սիւնակագիրներ, նրանցից երկուսը Հայաստանում են ապրում ու անգլերէնով ներկայացնում են Հայաստանի կեանքը, արտաքին մարտահրաւէրների մասին վերլուծութիւններ են անում:

Մեր աւագ ու փորձառու սիւնակագիրը՝ Երուանդ Ազատեանն,  ակտիւօրէն գրում է, վերլուծում,  քննութեան է առնում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական հարցերը: Ունենք նաեւ մշտական լրահոս: The Armenian Mirror-Spectator-ը  շաբաթաթերթ է, բայց ունի նաեւ կայք-էջ, որն անընդհատ թարմացւում է  նոր լուրերով: Մենք յստակ պահպանում ենք անաչառութիւնը, հաւասարակշռութիւնը,  հարցազրոյցների միջոցով ներկայացնում ենք իրականութիւնը,  որեւէ մէկի կողմը չպահելով՝ թոյլ ենք տալիս, որպէսզի ընթերցողն ինքը հետեւութիւններ անի:
Հարցազրոյց եմ  արել Արցախի նախկին պետ նախարար Ռուբէն Վարդանեանի, ՄԻՊ Գեղամ Ստեփանեանի, ԱՀ նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանի հետ. միշտ հետեւում ենք արցախեան ու հայաստանեան կեանքին, փորձում մեր ուժերը կենտրոնացնել, որպէսզի ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութեան, միջազգային հանրութեան վրայ ազդեցութիւն գործենք ու այսօրուայ իրադարձութիւններն անարձագանգ չթողնենք:

The Armenian Mirror-Spectator-ը ՌԱԿ-ի պարբերականներից մէկն է, հիմնադրուել է 91 տարի առաջ: Մէկ տարի ուշացումով նշելու ենք թերթի 90 ամեակը: Ունենք նաեւ «Պայքար» թերթը, որը հրատարակւում է հայերէն ու Mirror-Spectator-ից աւելի հին է: Թէեւ ելէկտրոնային տարբերակին ենք անցել, բայց 1300 օրինակ էլ տպագիր թերթ ենք հրատարակում մեր աւանդական ընթերցողների համար, որոնք մեծ մասամբ տարեց մարդիկ են: Միաժամանակ, պարբերաբար տեխնոլոգիական նոր միջոցներով փորձում ենք աւելի հետաքրքրական դարձնել կայքը մեր այցելուների համար, որոնք մեծ մասամբ աւելի երիտասարդ սերնդից են:

 

Սփիւռքում էլ են Հայաստանի համար տարբեր սցենարներ կանխատեսում

Հայաստանի անվտանգութիւնը ամենակենսական հարցն է, որով մտահոգուած է նաեւ Սփիւռքը: Մենք ամէն օր քնում ենք մտավախութեամբ, թէ կարթնանաք ու տեղեկութիւն կը ստանանք, որ Ատրպէյճանը նորից է յարձակուել Հայաստանի վրայ, Զանգեզուրն է ուզում գրաւել կամ մէկ այլ տարածք, միջանցք է ուզում, որը Հայաստանի համար աղէտալի կը լինի:

Կամ կարող է շատ աւելի վատ տարբերակ լինել՝  Իրանն էլ է ներգրաւուել պատերազմում, այդ երկրի հիւսիսն Ատրպէյճանն ուզում է վերցնել: Թուրքիան էլ կարող է ռազմական գործընթացների մէջ մտնել: ԱՄՆ-ն էլ կը միջամտի, ու Հայաստանը  հարաւային տարածքները կարող է կորցնել,  կամ առհասարակ Հայաստանի հետ յայտնի չէ, թէ ինչ կարող է լինել: Այսպիսի սցենարների մասին Սփիւռքում մտածում են, անհանգստանում: Հայաստանում էլ եմ լսում այս մտահոգութիւնները:

Հայաստանի այսօրուայ իրավիճակի հետ կարող ենք զուգահեռ անցկացնել 1918 թուականից յետոյ ճիշդ նոյն կացութեան հետ:

Ու չգիտենք՝ ելքը որն է. մի բան յստակ է, որ հայերի ձեռքին լծակներ չկան: Շատերը սպասում են, որ միջազգային ընդհանուր դաշտում Հայաստանի համար նպաստաւոր ինչ-որ բան տեղի կ’ունենայ, փոփոխութիւն կը լինի: Կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կը հետաձգուի՝ մինչեւ որ այդ փոփոխութիւնները  լինեն   ռուս-ուքրաինական պատերազմում կամ տարածաշրջանում մեր հարեւանների փոխյարաբերութիւններում:

 

Ամերիկացի զինուորը երբեք չի գայ Հայաստան

Թէեւ ամերիկաբնակ ենք, բայց վստահ չենք, թէ Արեւմուտքը կամ ԱՄՆ-ը Կովկասում վճռական դեր կարող են կատարել: Ամերիկայի գլխաւոր նպատակը ոչ թէ Հայաստանին բարոյապէս սատարելն է, այլ Ռուսաստանի ազդեցութիւնն այս տարածաշրջանում նուազեցնելը:

Եթէ Հայաստանը Ռուսաստանից շեղուի դէպի Արեւմուտք, ԱՄՆ-ն շատ ուրախ կը լինի դրա համար, բայց եթէ Հայաստանը արեւմտեան աշխարհ մտնի, Թուրքիան ու Ատրպէյճանն այդ աշխարհում շատ աւելի բարձր դիրք ունեն, որովհետեւ նոյն ԱՄՆ արտաքին քաղաքականութեան շահերը համընկնում են Թուրքիայի հետ:

ԱՄՆ-ում հայկական համայնք կայ, որ կարող է աղմուկ, բողոքի ձայն բարձրացնել, բայց մենք չենք կարող ազդել ամերիկեան քաղաքականութեան վրայ: Հայաստանը փոքր, աղքատ երկիր է, որ շատ բան չունի տալու, հետեւաբար՝ պահանջելու:

Դիւանագիտական ճանապարհով կարելի է ինչ-որ բան անել, բայց իրատեսական չէ, թէ Ամերիկան պիտի գայ ու Հայաստանին փրկի, եթէ Ատրպէյճանը կամ Թուրքիան յարձակուեն: Առաւելագոյնը՝ ԱՄՆ-ն կասի՝ Ատրպէյճանը յարձակուել է Հայաստանի վրայ…շատ վատ բան է եղել.  բայց ամերիկեան զինուորը չի գայ այստեղ, նա անգամ Աֆղանստանն է լքել, էլ ուր մնաց՝ Հայաստանը: Ամերիկան լաւագոյն դէպքում կարող է դիտորդներ ուղարկել Հայաստան, ինչպէս որ արեց Եւրոպան:

 

Հակառուս դառնալը վտանգաւոր է

Ռուսաստանի այսօրուայ շահերը նախկինից շատ տարբեր են ու Հայաստանի համար նպաստաւոր չեն, բայց միւս կողմից էլ Ռուսաստանը կարող է որոշ դրական բաներ անել Հայաստանի համար, բայց կարող է եւ աւելի վատ բաներ անել, եթէ Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ հակառակ դիրք ընդունի:

Ամերիկայում հայեր կան, որ ռուսներին դէմ են, ասում են՝ նրանք դաւաճանեցին հայերին, նոյնիսկ հակառուսական ցոյցեր են անում: Հայաստանեան կուսակցութիւններն ԱՄՆ-ում էլ հետեւորդներ ունեն, օրինակ՝ «Ազգային ժողովրդավարական բեւեռը», որ նոյնպէս հակառուսական ցոյցեր է կազմակերպում Ամերիկայում:

Հայաստանն այսօր շատ վատ վիճակում է, ու պէտք է փորձի ինչ-որ տեղից աջակցութիւն ստանալ, բայց նաեւ պէտք է շատ զգոյշ վարուի, հակառուս չլինի: Շատ բարդ ճանապարհ է, որքա՞ն կարող ես գնալ՝ ժամանակ շահելով ու վայր չընկնելով, յայտնի չէ:

Պոսթոնում՝  նահանգային տեղական կենտրոնի առջեւ ցոյց ենք կազմակերպել՝ աջակցութիւն Արցախի: Պարզ է, որ Արցախը շրջափակման մէջ էլի կը դիմանայ, բայց ի վերջոյ, այս վիճակը երկար շարունակուել չի կարող: Ատրպէյճանի նպատակը պարզ է՝ ժողովրդին սպանելով, բնաջնջելով,  Արցախը հայաթափելով՝ հասնել իր նպատակին.  էթնիք մաքրագործում:

Եթէ ռուս զինուորն այստեղ է ու չի կարողանում խնդիր լուծել, ամերիկացին իր երկրում ի՞նչ պիտի անի:

Սա քաղաքականութիւն է. յայտարարութիւններից, կոչերից աւելին՝  որեւէ երկիր չի կարող անել, առաւել եւս՝ պատժամիջոց կիրառել Ատրպէյճանի հանդէպ: Եթէ Ատրպէյճանը ուզենայ Հայաստանի հարաւը գրաւել ու Իրանի հետ այդ կողմով սահմանակից դառնալ, գուցէ եւ Իրանը թոյլ չտայ ու միջամտի, բայց միայն այն պատճառով, որ նա իր շահերն է պաշտպանում, ոչ թէ յանուն Հայաստանի է գործում: Բերձորի միջանցքի հարցը Իրանին շատ էլ չի մտահոգում, նրան  հետաքրքողը Զանգեզուրի միջանցքն է: Իրանն իր կենսական հարցերն է լուծում, ինչպէս եւ ամերիկացին: Ինչո՞ւ պէտք է ԱՄՆ-ն պատժամիջոց կիրառի Ատրպէյճանի դէմ: Դա իր շահերից չի բխում: Ամերիկան Հայաստանին  օգնելու ծրագրեր ունի, բայց աւելի շատ ծրագրեր ունի Ատրպէյճանի համար: Աջակցութեան ծրագրերը պէտք է որ կասեցուէին՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ատրպէյճանի պահուածքից ելնելով, բայց ոչ մի ծրագիր չի ընդհատուել, չէ՞:
Եթէ ռուս զինուորը տեղում է, ու չի կարողանում խնդիրները լուծել, ամերիկացին իր երկրում ի՞նչ պիտի անի, ինչպէ՞ս պիտի օգնի արցախցուն կամ հայաստանցուն: Կարծում եմ՝  եթէ ռուս զինուորը դուրս գայ այստեղից,  ամերիկեան  զինուորը նրան չի փոխարինի: Ի՞նչ եղաւ Վրաստանում: Վրացին էլ հակառուսական դիրք բռնեց  ու դէմքով շրջուեց դէպի Ամերիկա: Ի՞նչ եղաւ. Վրաստանը տարածքներ կորցրեց, իսկ Ամերիկան նրան ոչնչով չօգնեց: Ֆիզիքապէս չեկաւ-չօգնեց: Կարող է   տնտեսապէս օգնել Հայաստանին, բայց ռազմական աջակցութիւն ցոյց չի տայ, կամ էլ կարող է Թուրքիայի տկարացած վիճակից օգտուելով՝ ճնշում գործադրել, որ այդ երկիրը հաշտուի Հայաստանի հետ:

Արցախն ու Կլիլիկիան նոյն վիճակում են: Կլիլիկիայի հայերը 1919-ին վերադարձան, յետոյ  հարիւր հազարներով կոտորուեցին: Արցախցին կապուած է  իր հողի հետ, կը պայքարի.  երբեմն քաղաքականութեան մէջ անսպասելի փոփոխութիւններ են լինում: Ի՞նչ իմանաս:
Պէտք է պատրաստուենք, զինուենք, ամրանանք:

 

Մինչեւ Հայաստանն ինքն իրեն չօգնի, ոչ ոք նրան չի օգնելու

44-օրեայ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից մեծ հանգանակութիւն ուղարկուեց, մինչեւ հիմա չգիտենք՝ այդ գումարն ինչի վրայ ծախսուեց: Միայն Թէքէեան միութիւնը 110 հազար տոլար է հանգանակել: Սա անվստահութիւն է ներշնչում Սփիւռքին: Մեր միջոցները ճիշդ չեն օգտագործուել:

Եթէ Հայաստանը չկարողանայ ինքնակազմակերպուել, ոտքի կանգնել, ինքն իրեն պաշտպանել,  ուրեմն չպէտք է սպասի, թէ ինչ-որ մէկն իրեն պաշտպանելու է: Միայն որոշ քայլեր անելու դէպքում կարող է ուրիշից օգնութիւն ակնկալել:
Միջազգային դատարանների որոշումները չեն իրագործուի, եթէ Հայաստանն իր ձայնը չկարողանայ լսելի դարձնել, եթէ հետեւողական չլինի:

Որքան էլ Հայաստանը պարտուած ու տկարացած լինի, պէտք է կարողանայ Ատրպէյճանին հասկացնել, որ նրան ամէն ինչ թոյլատրուած չէ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, եթէ Ատրպէյճանն իր քարտէզն է բերում, Հայաստանն էլ իր քարտէզները կարող է բերել:

Սփիւռքն էլ է հասկանում, որ առանց Հայաստանի, չի կարող: Մենք էլ ենք զգում ու հասկանում, որ հայութեանը, Հայաստանին  գոյութեան վտանգ է սպառնում:

Սփիւռքը Հայրենիքից է սնւում, եթէ  աւիշը չկայ, Սփիւռքից միայն անունը կը մնայ:

 

ՆԱՅԻՐԵԱՆ