Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Ա. Յովսէփեան Կաթողիկոսին նուիրուած վաւերագրերի ժողովածուների շնորհանդէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» Մատենադարանում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, տեղի ունեցաւ երջանկայիշատակ Տ. Տ. Գարեգին Ա. Յովսէփեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին նուիրուած վաւերագրերի և արխիւային նիւթերի երկու ժողովածուների շնորհանդէսը:

Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի Ազգային արխիւում և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արխիւում պահուող վաւերագրերն ու արխիւային նիւթերը: Վաւերագրերի Ա. Հատորը՝ տպագրուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ. հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի կողմից:

Հանդիսութեանը ներկայ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններ, ՀՀ Կրթութեան և գիտութեան նախարար Լևոն Մկրտչեանը, Գերագոյն հոգևոր խորհրդի անդամ, Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Վահան Տէր-Ղևոնդեանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրապեանը, Մատենադարանի աշխատակիցներ, գիտնականներ և ճեմարանականներ։

Գարեգին Ա. Հայրապետի ծննդեան 150-ամեակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչմանը ձօնուած երեկոյթը սկսուեց Տէրունական աղօթքով և Մայր Աթոռի Արխիւի տնօրէն Արժանապատիւ Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանի բացման խօսքով: «Բնաւ պատահական չէ, այլ աստուածային նախախնամութիւն է, որ մերազնեայ Առաջին Հանրապետութեան ազգային հերոսներից մէկի՝ Տ. Տ. Գարեգին Ա. Յովսէփեան Կաթողիկոսին նուիրուած պատմական կարևորութիւն ունեցող այս ժողովածուների լոյս ընծայումն ու ներկայացումը կանխում է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականութեան վերականգնման 100-ամեայ յոբելեանները: Մեր Հայրենիքը, մեր Ազգն ու մեր Եկեղեցին այսօր էլ և ցկատարած աշխարհի կարիք ունեն անձնուրաց ու անձնազոհ զաւակների, պետական այրերի ու հոգևոր սպասաւորների:

Ամենևին պատահական չէ, այլ Աստծոյ նախախնամ կամքի համաձայն է, որ մեր Սուրբ Եկեղեցու շնորհազարդ գահակալներից Տ. Տ. Գարեգին Ա. Յովսէփեան Կաթողիկոսի այս վաւերագրական ժառանգութիւնը հրատարակւում է համաժամանակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Կիլիկիոյ Կաթողիկոսութեան նստավայր Անթիլիասում», – նշեց Ասողիկ քահանան իր խօսքում։

Այնուհետև շնորհանդէսի մասնակիցները դիտեցին Գարեգին Ա. Յովսէփեան Կաթողիկոսին նուիրուած ֆիլմը, որից յետոյ ժողովածուների բովանդակութեանը և կատարուած աշխատանքին անդրադարձ կատարեց Հայաստանի ազգային արխիւի

աշխատակից, պատմ. գիտ. թեկ. Գոհար Աւագեանը, որուն ազնիւ աշխատասիրութեամբ պատրաստուել են ներկայացուած արժէքաւոր հրատարակութիւնները:

Այս առիթով խօսքով հանդէս եկաւ նաև ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը՝ հանգամանօրէն անդրադառնալով Յովսէփեան Կաթողիկոսի լուսաւոր կերպարին, ժամանակի դժուարին պատմական հանգամանքներում նրա նուիրեալ գործունէութեանը և ազգին ու Հայոց Եկեղեցուն մատուցած անգնահատելի ծառայութեանը։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արուեստագիտութեան դոկտոր, փրոֆեսօր Վիգէն Ղազարեանն իր հերթին խօսեց Գարեգին Ա. Յովսէփեան Կաթողիկոսի գիտական վաստակի մասին:

Հանդիսութեանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարուեստական ղեկավար և տիրիժոր Ռոպէրթ Մլքէյեան) կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործութիւններ:

Վերջում Գարեգին Ա. Յովսէփեան Կաթողիկոսի մեծ վաստակի և յիշատակի առջև իր խոնարհումն արտայայտեց Նորին Սրբութիւն Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը։ «Պատմութեան մէջ մեծութիւններ կան, որոնք լոյս են դառնում, լոյս են մնում պատմութեան յուշերի դիմաց: Պատմութեան մեջ մեծութիւններ կան, որոնք իրենց հոգեմտաւոր ստեղծագործութեամբ վեր են պատմութեան հոգուց: Այսպիսին եղաւ և այսպիսին մնաց Գարեգին Յովսէփեանց Կաթողիկոսը։

Հայ լեզուի բազմաշնորհ, բազմավաստակ բառերը տկար են նկարագրելու Գարեգին Յովսէփեանց Կաթողիկոսի կեանքը և հոգեմտաւոր վաստակը Սուրբ Էջմիածնից սկսեալ մինչև Ռուսաստան, Թիֆլիս, Ամերիկա և Անթիլիաս: Հարուստ կեանք ունեցաւ և իր կեանքով ու վաստակով հարստացրեց մեր Եկեղեցու ու ժողովրդի կեանքը: Հայաստանն ապրեց նաև Հայաստանից դուրս: Հայաստանն իր հետ տարաւ, ուր որ գնաց. Հայաստանն իր ոգիով, իր տագնապներով, իր տեսիլքով, Հայաստանն իր դարերով, իր քարերով, ձեռագրերով, մանրանկարներով: Ճանաչեց, ուսումնասիրեց և ապրեց նրանով, ինչ որ ուսումնասիրեց։

․․․Պաշտամունքի հասնող սէր ունեցաւ հայ մշակոյթի նկատմամբ, մեր Եկեղեցու աստուածաբանութիւնը, հաւատքը, ծէսը, մեր ողջ պատմութիւնը դիտեց և արժևորեց հայ մշակոյթի լոյսի տակ, որովհետև տեսաւ, վերլուծեց, որ մեր ժողովրդի կեանքում Հայաստանը, հայրենիքը, մշակոյթը, հաւատքը, եկեղեցին սերտօրէն ընդելուզուած են իրար հետ» , – ընդգծեց Արամ Ա. Կաթողիկոսը՝ խօսելով նուիրեալ հովիւ, յանձնառու ուսուցիչ, հայրենասէր, մտաւորական և գիտնական բազմաշնորհ Գարեգին Ա. Հայրապետի մասին։

Արամ Ա. Կաթողիկոսը նաև անդրադարձաւ Գարեգին Ա. Յովսէփեանի հայրապետութեան տարիներին, հաւատքով ու յանձնառութեամբ հայրենիքին ու ժողովրդին այդ հանգամանքի մէջ ծառայելու մղումին՝ շեշտելով․ «Գարեգին Յովսէփեանց եղաւ, մնաց ու կմնայ մեծութիւն, Հայ Եկեղեցու ճառագայթող մեծութիւններից մէկը»։

Վաւերագրերի շնորհանդէսն ամփոփուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով։ Հայրապետական սիրով ողջունելով հանդիսութեանը մասնակից հոգևոր դասին և հաւատաւոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւորապէս ասաց. «Մեր Սուրբ Եկեղեցին, որ դարերի հոլովոյթում յաճախ է դիմագրաուել նեղութիւնների, գործել պատմական ու քաղաքական դժուարին պայմաններում, շնորհիւ առաքինազարդ Հայրապետների՝ փառքով է վերհառնել փորձութիւններից ու շարունակել տէրունապատուեր իր առաքելութիւնը: Ահա այսպիսի մեծանուն Կաթողիկոսներից է Գարեգին Ա. Յովսէփեանը, որուն անունն արձանագրուած է մեր նոր ժամանակների պատմութեան կարևոր իրադարձութիւնների բարձրակէտում:

«Այր՝ լի շնորհօք եւ զօրութեամբ» (Գործք Զ 8): Նոր Կտակարանի այս խօսքերը ճշմարտապէս բնորոշում են Գարեգին Յովսէփեան Կաթողիկոսին: Նա Քրիստոսի հաւատարիմ ու քաջ զինուոր էր հոգևոր անդաստանում, միութեան ջատագովն ու իրագործողն էր ներեկեղեցական ասպարէզում, փայլուն միտք էր գիտական աշխարհում, ոգի ու սխրանք էր մարտի դաշտում, մեծ հայ և ականաւոր գործիչ ազգային կեանքում: Նա իր հովուական ու առաջնորդական գործունէութեան բոլոր տարիներին հայրական խնամքով, սիրով ու հոգատարութեամբ հովուեց մեր ժողովրդի զաւակներին, պայծառացրեց հաւատքը, յաւելեց ազգասիրութիւնն ու հայրենանւիրումը: Տիրոջ անձնուէր սպասաւորի առաջնորդութեան ներքոյ վերելք ու զարթօնք ապրեց ազգային-եկեղեցական կեանքը Ղրիմի և Նոր Նախիջևանի, Ամերիկայի Միացեալ Նահանգների հայոց թեմերի:

Մեր ժողովրդի համար օրհասական պահին Քրիստոսի նուիրեալ սպասաւորը դարձաւ ազգի ու հայրենեաց պաշտպանութեան զինուոր, «հովիւ քաջ, որ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ. Ժ 11): Սարդարապատում նա յառնեց որպէս նոր Ղևոնդ Երէց և մահապարտների գնդի ու հայոց աշխարհազօրի հետ իր աւանդը բերեց հայրենիքի պաշտպանութեան նուիրական գործին և յաղթանակի կերտմանը, որը դարձաւ հիմքը մեր անկախ պետականութեան հաստատման:

Երջանկայիշատակ Գարեգին Յովսէփեանը առաքելութեան ծանրաբեռն վաստակով ընտրուեց Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս, և ինչպէս վկայեց Մեր հոգևոր եղբայր Արամ Ա. Կաթողիկոսը, առաւել շէնացրեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, նուիրական տեսլականներ կեանքի կոչեց, եկեղեցանպաստ ու ազգօգուտ ծրագրեր իրագործեց: Նա նորովի ցոլացրեց Լուսաւորչի տեսիլքի լոյսը Անթիլիասում, միաբանութեան լոյսը՝ տարաձայնութիւնները հարթելու, երկպառակութեան տանող ընթացքները կանխելու, մեր Սուրբ Եկեղեցու և ազգի միասնութիւնը հաստատուն պահելու: Եւ խորհրդանշական է, որ այսօր Գարեգին Ա. Յովսէփեանի վաւերագրերի ու արխիւային նիւթերի ժողովածուների շնորհանդէսին մասնակցում ենք Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի հետ միասնաբար՝ ի նշան հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում Քրիստոսապատուէր սիրոյ ու միաբանութեան, որի աւանդոյթների ջատագովն ու պաշտպանն է եղել մեծանուն հայորդին:

Երջանկայիշատակ Գարեգին Ա Յովսէփեան Կաթողիկոսը եկեղեցական անդաստանում բեղուն ծառայութիւններից զատ մեր ժողովրդին պարգևեց նաև իր գիտական ու գրական գործունէութեան արդիւնքները: Նրա աշխատութիւններն ընդգրկեցին հայագիտութեան գրեթէ բոլոր բնագաւառները` պատմութիւն, բանասիրութիւն, բանահիւսութիւն, գրչութիւն ու մանրանկարչութիւն, արուեստ, եկեղեցագիտութիւն, հնագիտութիւն, ձեռագրագիտութիւն: Ահա այսպէս է այսօր մեր առջև պատկերւում պայծառ կերպարը Գարեգին Ա Յովսէփեան Կաթողիկոսի` մեծ մարդ, ազգի արժանաւոր զաւակ, Քրիստոսի հաւատարիմ ծառայ»:

Հայոց Հովուապետը իր բարձր գնահատանքը յայտնեց ժողովածուների հրատարակութեան գործում իրենց ազնիւ ջանքերը ներդրած բոլոր անձանց՝ ի մասնաւորի Հայաստանի Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրապեանին և աշխատակից Գոհար Աւագեանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահութիւն յայտնեց, որ այս հրատարակութիւնները, որ արժանի տուրք են Գարեգին Ա Յովսէփեան Կաթողիկոսի ծննդեան 150-ամեակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, մեծապէս նպաստելու են ազգային-եկեղեցական մեծ գործչի առաքելութեան վերարժևորմանը և դառնալու են նոր ոգեշնչման աղբիւր: